Այսօր Կենտրոն վարչական շրջանում առանց վարչական շրջանի կամ քաղաքապետարանի ներկայացուցիչների ավագանու անդամներն ու «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» քաղաքացիական շարժման անդամները հանրային քննարկում անցկացրին Կասկադ համալիրի արդիականացման նախագծի վերաբերյալ:
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանը՝անդրադառնալով Կասկադ համալիրի արդիականացման նախագծին, ասաց, որ ընտրվել է ֆրանսիացի գործընկերների ներկայացրած նախագիծը. «Ընդ որում՝ ֆրանսիացիները, եթե տեղում ուսումնասիրեին կամ համապատասխան փորձագիտական խմբի հետ շփվեին ու ծանոթանային հեղինակային նախագծերի հետ, այնպես, ինչպես Կասկադն ունեցել է հորինվածք ու նշանակություն, նրանք չէին տա այնպիսի նախագիծ, որը տվել են»:
Նա նկատեց, որ հասկանալի է՝ նախագծով առաջարկվող Կասկադի նոր համալիրում նաեւ հետագայում շահույթ հետապնդող ինչ-որ տարբեր օբյեկտներ են լինելու՝ համերգասրահ, ժամանցի այլ կենտրոններ: Այդ ամենը, ըստ Արամյանի, ամենեւին խնդրահարույց չէր լինի, եթե դրանից չտուժեր ճարտարապետական, քաղաքաշինական, մշակութային եւ հանրային նշանակություն ունեցող Կասկադ համալիրը. «Թամանյանական նկարագրի մասին մենք նույնիսկ մոտավորապես չենք անդրադառնում: Մենք ասում ենք հեղինակային նախագծերի հորինվածքով պետք է շարունակվեն աշխատանքները՝ քաղաքի դիմագիծը պահելու համար: Բայց ինչ արվում է, հեղինակային նախագծողից է հեռու, էլ ուր մնաց Թամանյանական Երեւանի դիմագծից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































