Լրահոս
Օրվա լրահոսը

Հերհերը գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, և ձմռանը հաճախ ճանապարհները փակվում են։ Այդ պայմաններում երեխաները պարզապես զրկվելու են կրթության իրավունքից. Նարեկ Սուքիասյան

Նոյեմբեր 12,2025 19:45

«Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի համակարգող Նարեկ Սուքիասյանը գրում է.

«Կարմրաշեն՝ գյուղ, որի վերջին հույսն էլ է մարում …

Նկարում Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղն է, որը օր օրի դատարկվում է։ Իսկ հենց այս դատարկման ֆոնին արդեն որոշվել է փակել գյուղի միակ կրթական հաստատությունը՝ դպրոցը, որը տարիներ շարունակ կրթել է սերունդներ։

Ցավոք, այսօրվա տվյալներով աշակերտների թիվը 2013 թվականի հետ համեմատ նվազել է 92%-ով՝ 12 տարվա ընթացքում 28 աշակերտից դառնալով ընդամենը 2 աշակերտ։ Հատկանշական է, որ աշակերտների կտրուկ նվազումը սկսվել է 2018 թվականից. 2013-ից մինչև 2018 թվականը թիվը նվազել է 35%-ով՝ 28-ից դառնալով 18, իսկ 2018-ից մինչև 2025 թվականը նվազումը կազմել է 88%-ը՝ 18-ից դառնալով 2 աշակերտ։

Այսօր այնտեղ մնացել են ընդամենը երկու աշակերտ՝ 2-րդ և 10-րդ դասարաններում։ Զրուցելով գյուղի բնակիչների հետ՝ պարզ է դառնում, որ հեռանալու հիմնական և գրեթե միակ պատճառը աշխատանքի բացակայությունն է։

«Ջահելները գնում են քաղաք՝ լավ ու բարեկեցիկ կյանք որոնելու, իսկ գյուղի կյանքը օր-օրի մահանում է», — պատմում են գյուղացիները։

Այդ երկու աշակերտներին, ըստ ամենայնի, ամեն օր տրվելու է 200 դրամ, որպեսզի կարողանան հասնել հարևան Հերհեր գյուղ՝ կրթությունը շարունակելու համար։ Սակայն Հերհերը գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, և ձմռանը հաճախ ճանապարհները փակվում են։ Այդ պայմաններում երեխաները պարզապես զրկվելու են օրենքով իրենց սահմանված կրթության իրավունքից։

Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի գործարաններ կառուցել գյուղում, աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հնարավորություն տալ մնալ գյուղում և զարգացնել այն, ոչ թե հասնել այն օրվան, երբ փակեք դպրոցը և մարեք գյուղի վերջին հույսը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930