Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ եպիսկոպոս Սարոյան. «Լիահույս եմ, որ իրավիճակի հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով»

Նոյեմբեր 12,2025 23:33

«Առավոտի» հարցերին է պատասխանում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

-Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ տեր Արամին քահանայական կարգից զրկելու որոշմանը դեմ եք քվեարկել Դուք, ընդգծելով, թե մղումն այն է եղել, որ այս ամենը կանգ առնի: Նաև տեղեկություն կա, որ այլևս չեք մասնակցել կարգապահական հանձնախմբի այն նիստին, որտեղ որոշում ընդունվեց կարգալույծ անել տեր Տարոն քահանա Հունանյանին: Վերջինս նշել է, որ պատշաճ չի համարում, որ այդ հանձնախումբը քննի իր հարցը՝ տեսնելով, թե ովքեր են հանձնախմբի անդամները։ Խնդրում ենք մանրամասնել այս առնչությամբ Ձեր դիրքորոշումը:

-Նախկին տեր Արամի կարգալուծության հարցում իմ դեմ լինելը պայմանավորված է եղել բացառապես Եկեղեցու շահով, և իմ մոտեցումը հարցին չի կարելի կապել քաղաքական որևէ օրակարգի հետ՝ ընդդիմության կամ իշխանության։ Միևնույն ժամանակ, այո՛, այս հարցը չենք կարող տարանջատել նաև Եկեղեցի-իշխանություն ներկայիս հակամարտությունից, որն ավելի քան անառողջ է և անբնական։

Այս առումով, մեկ անգամ ևս կուզեմ շեշտել, որ առհասարակ սխալ է Եկեղեցին մի կամ մյուս կողմի հետ աղերսակցելը. Եկեղեցին համայն հայությանն է, և առաջնորդվում է բացառապես համազգային շահով։ Հետևաբար Եկեղեցին քաղաքական օրակարգերի մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտելի են։ Դա անմիջական հարվածի տակ կարող է դնել Հայ Եկեղեցու և՛ առաքելությունը, և՛ հեղինակությունը։

Հեղինակության մասով հատկապես, կարծում եմ՝ որևէ մեկը չի վիճարկի այն համոզումը, որ այն գերակա արժեք է յուրաքանչյուր հայի համար, և մասնավորապես մեզ՝ բարձրաստիճան հոգևորական դասի համար։ Հետևաբար, ես բավարար հեռատեսություն պետք է դրսևորեմ յուրաքանչյուր իրավիճակում զերծ մնալու այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել համայն հայության համար բացառիկ կարևորություն ունեցող կառույցի՝ Հայ Եկեղեցու հեղինակությանը։ Կարծում եմ պատասխանս հստակ է։ Նույնը վերաբերելի է նաև տեր Տարոնի կարգալուծության խնդրին։

-Գնահատական կա, որ կարգալուծության որոշմանը դեմ լինելու Ձեր այս դիրքորոշումը վկայում է Մայր Աթոռի ներսում հակասությունների մասին: Եթե իրոք այդպես է՝ ի՞նչ աստիճանի խորն են այդ հակասությունները:

-Կարգապահական հանձնախմբի կազմը բաղկացած է բարձրաստիճան հոգևորականներից, և այնտեղ որոշումները կայացվում են քննարկումների արդյունքում։ Կանոնական խախտումների պարագայում, իհարկե, պարտադիր է համապատասխան արձագանքը։ Համապատասխան որոշումներն առաջին հերթին բխում են հայրական խնամքից՝ օգնելու համար եկեղեցականին անդրադարձ ունենալու և ճիշտ ընթացքով շարունակելու իր ծառայությունը։

Առաջին անգամ չէ, որ կարգապահական հարցեր քննարկելիս հանձնախմբի անդամները տարբեր կարծիքներ են ունենում, և դա խոսում է միայն քննարկումների առողջ լինելու մասին։

Առհասարակ, քննարկվող հարցերը մեկ նպատակ ունեն՝ ապահովել եկեղեցական կարգն ու կանոնական ընթացքը, իսկ լուծման վերաբերյալ մոտեցումները կարող են լինել տարբեր։ Ուստի հարցի բովանդակությանը համաձայն չեմ, կարծում եմ՝ դա քաղաքականացված ձևակերպում է։

Նորից շեշտում եմ, որ իմ մոտեցումները բացառապես պայմանավորված են Եկեղեցու շահով և Եկեղեցու պետականակենտրոն առաքելությամբ, իսկ այդ մոտեցումներին քաղաքական երանգ հաղորդելու բոլոր փորձերը ձախողված եմ համարում։

-Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը, երբ օր օրի ավելի է սրվում հակամարտությունը հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև՝ Վազգեն սրբազան Միրզախանյանն «Ազատությանն» ասել էր, «Իմ կարծիքը հետևյալն է, որ ճիշտ պիտի լինի, որ երկու կողմի մեր ղեկավարները՝ որպես մեր ազգի և պետության ներկայացուցիչներ, նստեն երկխոսության և բոլոր հարցերին լուծում տան»: Լուր կա, որ երկխոսություն սկսելու, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկին կողմ եք եղել նաև Դուք: Եթե սա համապատասխանում է իրականությանը՝ խնդրեմ հիմնավորեք նման հանդիպման օգտակար գործողության գործակիցը:

– Ինչպես արդեն նշեցի, Եկեղեցի-իշխանություն այս հակամարտությունն անբնական է և անառողջ։ Ավելին, մենք տեսնում ենք, որ օր օրի այն ավելի խորանում է, որն ակնհայտորեն սպառնալիք է մեր պետականության համար։ Ելնելով Հայ Եկեղեցու պետականակենտրոն պատմական առաքելությունից՝ բնական է, որ հակամարտության փոխարեն առողջ բանականությունը պետք է նախընտրի երկխոսությունը։

Ես դեմ եմ կանխակալ մոտեցումներով և նախապաշարումներով առաջնորդվելուն։ Ի հակադրություն նրանց, ովքեր չեն հավատում երկխոսությանը կամ որպես պարտություն են մեկնաբանում այն, ես կասեմ, որ մի բանի չհավատալու համար ես պիտի համոզված լինեմ դրանում։ Բայց անգամ այդ դեպքում ինձ առաջնորդողը պետք է լինեն ներազգային համերաշխության և իրավիճակը հաղթահարելու հրամայականները։

Երկխոսության առաջարկը, իմ համոզմամբ, բոլորի մոտ էլ պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով. առաջին՝ ուզում ենք հասկանալ՝ որն է խորացող ճգնաժամի բուն պատճառը, և երկրորդ՝ այս հակամարտության ահագնացումը մեծ սպառնալիք է մեր պետականությանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներն ու շահերը։

Կասկածից վեր է, որ Հայ Եկեղեցին բացառապես ազգային ու պետական շահով պետք է առաջնորդվի, հետևաբար այս հակամարտությունը բնավ չի բխում ո՛չ պետականության, և ո՛չ էլ Եկեղեցու պատմական առաքելությունից, և պետք է օր առաջ կասեցվի։ Այս համապատկերում պարտվողական մոտեցման մասին խոսույթը բացարձակ անտեղի է ու քաղաքականացված։

Այս ամենը, միևնույն ժամանակ, շատ ծանր անդրադարձ է ունենում նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կյանքում, որոնք ուշի ուշով հետևում են զարգացող իրադարձություններին և չեն կարողանում ընկալել մայր Եկեղեցու և պետության միջև առաջացած այս անընդունելի իրավիճակը։ Քաղաքական բոլոր ուժերը, ովքեր ազդեցություն ունեն այս հակամարտության վրա, պիտի մի կողմ դնեն բոլոր տեսակի շահերը և օգնեն իրավիճակի հաղթահարմանը, և ոչ թե իրենց հերթին փորձեն ավելի խորացնել այն։ Պետք է հստակ գիտակցենք, որ հանրային համերաշխության բացակայությունը ցնցող հարված է մեր պետականության հիմքերին։

-Որևէ քահանայի կարգալույծ չանելը կամ վարչապետին հանդիպելը որքանո՞վ արդյունավետ կարող է լինել այս հակամարտությունը կանգնեցնելու հարցում, երբ Եկեղեցու դեմ այս իշխանությունների քայլերը նոր չեն սկսվել:

– Այս հարցին արդեն մասամբ անդրադարձա։ Պարզապես նշեմ, որ ելնելով Հայ Եկեղեցու պատմական առաքելությունից, որը բոլոր ժամանակներում եղել է պետականակենտրոն և պետականամետ, բոլոր իրավիճակներում էլ երկխոսությունը նախընտրելի է հակամարտությունից։ Եկեղեցին առաքված է աշխարհ (հմմտ. Մատթ. ԻԸ 18-19), հետևաբար իր բնույթով ու առաքելությամբ կոչված է երկխոսության մեջ լինել։ Մեր պատմության մեջ Եկեղեցին մշտապես եղել է երկխոսության և համերաշխության առաջնորդող այն ուժը, որը ներազգային հարցերում ապահովել է միասնականություն և հաշտություն։

Սա չի նշանակում բնավ, թե պիտի հրաժարվել Եկեղեցու իրավունքներից կամ զիջումների գնալ առաքելության մասով։ Բայց եթե նույնիսկ փոքր հնարավորություն կա բաժանումը կանխելու և ժողովրդի հոգևոր միասնականությունը պահպանելու, ես կողմ եմ, որ այդ փորձը լինի։ Ազգային համերաշխությունը այլընտրանք չունի։

-Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չի: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին էսօր չունի Կաթողիկոս»: Այսինքն, արդյոք ակնհայտ չէ՞, որ իշխանության պատկերացմամբ՝ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես Վեհափառի հրաժարականով: Ձեր վերաբերմունքը նման ելքին:

-Ինչպես ցանկացած հակամարտության պարագային է, այս դեպքում նույնպես այն կարող է լուծվել բացառապես երկխոսության միջոցով։

-Այս հակամարտության մեջ կուսակրոնության ուխտը խախտելու մասին անձամբ վարչապետի կողմից վերագրումներ են արվում որոշ բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Արդյոք վաղուց ժամանակը չի՞, որ Հայ Առաքելական Եկեղեցին հրաժարվի կուսակրոնությունից, որը ներմուծվել է 5-րդ դարում, իսկ մինչ այդ Գրիգոր Ա Լուսավորչից մինչև Սահակ Ա Պարթևը Հայոց կաթողիկոսներն ամուսնացած են եղել:

-Կուսակրոնության հարցի վերաբերյալ վերջին 200 տարվա ընթացքին Հայ Եկեղեցում քննարկումներ եղել են ինչպես բարձրաստիճան հեղինակավոր հոգևորականների, այնպես էլ մտավորականների և Եկեղեցու առաքելությամբ շահագրգիռ անձանց կողմից։ Հնարավոր բարեփոխումների համար անհրաժեշտ են խորքային ուսումնասիրություններ, և կայացվող որոշումներն ընդունելի պիտի լինեն Հայ Եկեղեցու ավանդության տեսանկյունից։

Կուսակրոն քահանայության հարցի բարեկարգմանը ես քանիցս անդրադարձել եմ վերջին շրջանի իմ հարցազրույցներում։ Անձնապես այն համոզմանն եմ, որ Հայ Եկեղեցին հեշտորեն կարող է վերականգնել ամուսնացյալ եպիսկոպոսության ավանդույթը, որը գործել է մինչև 5-րդ դարի առաջին կեսը ներառյալ։ Սա նշանակում է, որ Հայ Եկեղեցում եպիսկոպոս և կաթողիկոս կարող էին դառնալ ոչ միայն կուսակրոնները, այլև ամուսնացյալները։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետից (302-325 թթ.) մինչև Հովսեփ Հողոցմեցի Կաթողիկոս (440-452 թթ.), եղել են ամուսնացյալ, ի բացառյալ Արիստակես Կաթողիկոսը (325-333 թթ.)։ Ավելին, Հայ Եկեղեցու որևէ ժողովական կանոն չկա, որը արգելում է ամուսնացյալ եպիսկոպոսությունը՝ ի տարբերություն Բյուզանդական ուղղափառ և Հռոմի Կաթոլիկ ավանդույթների։

Մեր Եկեղեցում կուսակրոն քահանայության կանոնական հիմքը ուխտագիրն է։ Այլ խոսքով, հիմնվելով մեր հին ավանդության վրա, քահանայի ամուսնացած լինելու հանգամանքը չպիտի խանգարի նրա նվիրապետական աստիճանի բարձրացմանը եպիսկոպոսության։ Մյուս կողմից՝ սա չի խոչընդոտելու, որ կուսակրոնությունը Հայ Եկեղեցում պահպանվի վանականության միջոցով, և վանականների համար էլ բաց լինի նվիրապետական աստիճաններ ստանալու հնարավորությունը, ինչպես որ վկայված է Հայ Եկեղեցու պատմական աղբյուրներում։

-Սրբազան հայր, վերջերս համացանցում տարածվել են լուրեր և տեսանյութեր, որոնցով ենթադրվում է, որ Եկեղեցու վրա ճնշում է գործադրվում կամ առկա են կոմպրոմատներ։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը նման իրավիճակներում, և ինչպե՞ս կարող է Եկեղեցին պահպանել իր կանոնական ընթացքը և ապահովել ներքին միասնականությունը։

-Կոմպրոմատների կամ տեսանյութերի վավերականության մասին պնդում անել չեմ կարող։ Այդ հարցի պատասխանը կտա համապատասխան մարմինների կամ կառույցների կողմից իրականացվող մասնագիտական փորձաքննությունը։

Առհասարակ, որևէ մեկի պարագային, գայթակղությունից խուսափելու համար, ճիշտ է համապատասխան հանձնաժողովը միջանկյալ լուծում կիրառի, ինչպես որ ընդունված է նման դեպքերում, մինչև որ խնդրի իսկությունը պարզվի։ Եթե հաստատվում է մեղադրանքը, ապա գործում է Եկեղեցու կանոնական իրավունքը, իսկ եթե հերքվում է, ապա վերականգնվում է անձի բարի համբավը։ Այս հարցի վերաբերյալ ես իմ դիրքորոշումը հայտնել եմ համապատասխան անձերի։

-Իշխանության հովանավորությունը վայելող նախկին տեր Արամը տարիներ առաջ իր գրառումներով քննադատությամբ, նույնիսկ վիրավորական արտահայտություններով էր անդրադարձել իշխանությանը, իսկ Վեհափառի մասին արտահայտվել ակնածանքով ու ջերմությամբ։ Հիմա նա ճիշտ հակառակն է անում։ Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչներն օգտագործում են անընդունելի բառապաշար եկեղեցականների հասցեին, իսկ Մայր Աթոռը՝ կոշտ արձագանքներ է տալիս Հովհաննավանքում կատարվող արարողություններին։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, ուր կարող են տանել այս խոսույթն ու գործողությունները։

-Միշտ դեմ եմ եղել ատելության խոսքին և բոլոր առիթներով կոչ եմ արել պատասխանատու անձանց զերծ մնալ այդպիսի արտահայտություններից, որոնք կարող են առաջացնել ներազգային պառակտումներ։ Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է խուսափել դեմոնիզացման ցանկացած դրսևորումից, քանի որ դա որևէ դրական հանգուցալուծման չի կարող տանել։

Համոզված եմ, որ հատկապես այսօր Եկեղեցու և պետական իշխանությունների համար կենսական կարևորություն պիտի ներկայացնի ներազգային համերաշխությունը։ Հետևաբար զերծ պետք է մնալ բոլոր տեսակի խոսույթներից, որոնք խորացնում են պառակտումն ու բաժանումները։

-Ամեն դեպքում, Ձեր որոշ մոտեցումներ, Մայր Աթոռի հայտարարությունների համապատկերում, այնուամենայնիվ տարբերվում են։ Չունե՞ք մտավախություն, որ դա կմեկնաբանվի որպես քաղաքական դիրքավորում։

-Առհասարակ ես կողմ եմ քննադատական մոտեցմանը, ինչը, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ իմ ծառայության մեծ մասն անցկացրել եմ նաև գիտական և կրթական ոլորտում՝ Հայաստանում ու արտերկրում։ Հակված եմ որևէ հարցում չառաջնորդվել կանխակալությամբ կամ անձնական համակրանքով, այլ հնարավորինս անաչառ և անկողմնակալ եզրակացությամբ ուղղորդվել։ Օրինակ՝ իմ մտերիմների մեջ կան քաղաքական տարբեր հայացքներ ունեցող անձինք, բայց նրանք, լավ իմանալով իմ սկզբունքները, երբևէ չեն փորձել ինձ որևէ քաղաքական կողմ տանել։

Այն համոզումն ունեմ, որ Եկեղեցին Հայոց պետականության միջնաբերդն է, և մենք պարտավոր ենք ամրապնդել այս ընկալումը՝ զերծ պահելով Եկեղեցին որևէ անձի, խմբավորման կամ քաղաքական ուժի շահերից՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր։

Արդեն նշեցի, որ իմ մոտեցումները չունեն քաղաքական կամ անձնական շահ, այլ բխում են բացառապես Եկեղեցու առաքելությունից և պատմական փորձառությամբ ամրագրված պետականակենտրոն սկզբունքից։ Ներկա իրավիճակում քաղաքական դիրքավորում ընդունելը, իմ համոզմամբ, կնշանակի վտանգել հենց այդ առաքելությունը։ Բոլորս պիտի գիտակցենք, որ համազգային և պետական շահը միշտ պետք է գերակայի։

-Եվ վերջում, կուզեինք իմանալ՝ ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը:

-Լիահույս եմ, որ իրավիճակի հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։

Վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետը՝ իր համբերատարությամբ, հայրենասիրությամբ, եկեղեցասիրությամբ և պետականամետ մտածողությամբ, կկարողանա խոսուն և հուսադրող քայլերով լուծման առաջնորդել ստեղծված այս իրավիճակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930