«ՀայաՔվե» միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը պատմեց, որ անձամբ ճանաչում է Ադրբեջանի ներկայիս արտաքին քաղաքականության ճարտարապետին՝ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին, որի հետ շփվել է ուսանողական տարիներին, երբ նա Երևան էր եկել քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության ինչ-որ ծրագրի շրջանակում, և օգտվելով առիթից՝ դիմեց այսօր Ադրբեջանում բարձր պաշտոն զբաղեցնող այդ երիտասարդին.
«Հիմա ես, օգտվելով առիթից, Հիքմե՛թ, եթե դու լսում ես ինձ, ուզում եմ հիշեցնել քեզ, որ այն ժամանակ դուք ձեզ շատ վատ էիք զգում, դուք անընդհատ շեշտում էիք, թե «արդար չի վիճակը», որ «տարածքներն օկուպացված են», որ «փախստականներ կան», և այլն, և հիմա դուք շատ ավելի վատն եք անում։ Այն ժամանակ մենք պոզիտիվ էինք տրամադրված և ասում էինք՝ եկեք լուծենք հարցը փոխզիջումներով։ Դուք հիմա փոխզիջումների անուն էլ չեք ուզում լսել։ Դուք հիմա կարծում եք, թե Հայաստանի Հանրապետությանը ստիպելով, ճնշելով, շանտաժով, սպառնալով, չխորշելով անգամ ոչնչացնելու բառամթերքից՝ մտածում եք, թե խաղաղություն կլինի։ Դա չի լինի։
Անհնար է, և պետք է, ի վերջո, հասկանալ, որ խաղաղության հիմքում ընկած արդարության կարևորագույն չափանիշը, որը կա մեր ժողովրդի ընկալման մեջ, Արցախի վերահայացումն է, Արցախը մեր հայրենիքն է, և այն պետք է լինի հայկական։ Եվ եթե դուք ունենաք այդ քաջությունը, որ չտրվեք ձեր ղեկավարի զուտ իշխանասիրական նկրտումներին և փորձեք համոզել, ասել, որ, այո՛, պետք է ընդունի Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը։ Այս հարցը պետք է լինի օրակարգում։ Մինչև այս հարցը չլինի օրակարգում, խաղաղություն չի՛ լինելու»,– հավելեց Մենուա Սողոմոնյանը։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում


















































