Կան մտավախություններ, որ ղազախական ցորենը կարող է որոշակի տոքսիններ (թունավոր նյութեր ու տարրեր) պարունակել, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար: Ընդգծենք, որ դա ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը թունավորել է տվյալ ցորենը, այլ նման հավանականություն կա՝ բնակլիմայական որոշակի հանգամանքներով պայմանավորված: Իսկ թե ո՞վ է ստուգել, Հայաստանի համապատասխան ո՞ր ծառայությունն է լաբորատոր հետազոտություն արել, առհասարակ, ո՞ր կառույցը կարող է իր վրա վերցնել տվյալ ցորենի և դրանից ստացված՝ թեկուզ անասունների համար նախատեսված մթերքի անվտանգության պատասխանատվությունը, անհայտ է: Առավել ևս, հաշվի առնելով, որ ցորենի խմբաքանակը փոխադրող շարժակազմերը անցել են ադրբեջանական տարածքով, ոչ մի դեպքում չի կարելի բացառել դրա միտումնավոր թունավորման հավանականությունը: Դրա՞ն ով է հետևել: Հետևո՞ւմ է որևէ մեկը, արդյոք: Չէ՞ որ այստեղ փոխկապակցվում են սննդային (պարենային), առողջապահական և ազգային անվտանգության հարցեր:
Հաջորդը. փաշինյանական իշխանությունն ու ՔՊ-ն մի նոր թեզ են զլում, թե՝ «ի՜նչ կարևոր է, թե ինչ կարգի ցորեն է եկել, կարևորը, որ այլընտրանքային ճանապարհով է եկել, կարևորը, որ առաջին անգամ Ադրբեջանի տարածքով է եկել…»: Այսինքն, իրենք՝ քպականներն էլ գործնականում խոստովանում են, որ իրենց այս ամենի մեջ պետք է բացառապես փիարը, քարոզչությունը: Ու հատկապես այն շեշտադրությամբ, թե՝ վերջ, խաղաղությունն ու ապաշրջափակումը տեղի են ունեցել… Չմոռանանք՝ առջևում ընտրություններն են, որոնց առանցքում լինելու է Փաշինյանի ու Ալիևի համատեղ «համանվագը» խաղաղության և ճանապարհների բացման առումով: Փաշինյանի վերընտրվելը շատ ձեռնտու է Ադրբեջանին:
Զարմանալի է, որ ՔՊ ղեկավարը Ալիևին շնորհակալություն չի հայտնում, օրինակ՝ Հայաստանի ցորենի պահանջարկի մի զգալի մասը ապահովող Արցախը զավթելու և հայաթափելու, այդպիսով իր քպական իշխանությունը «բեռից», «վզի պարանից» ազատելու համար: Առայժմ չի հայտնում: Իսկ վաղը, մյուս օրը, եթե ինչ-որ մի հրաշքով կարողանա մնալ իշխանության, դա էլ գուցե արվի:
Մի խոսքով, այս «ցորեն» գործողությունը ամեն դեպքում հատկանշական է թեկուզ այն առումով, որ «կուտ տալ» ասվածը դեռ երբեք այդքան բառացի չէր հնչել:
Կարդացեք նաև
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































