Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյանը հիշեց սատանային, Բաբկեն Թունյանը զարմացավ՝ «Այսինքն՝ ի՞նչ, դուք խորհուրդ եք տալիս՝ պարտքով թոշա՞կ բարձրացնենք»

Նոյեմբեր 13,2025 13:25

«Այսինքն՝ ի՞նչ, դուք խորհուրդ եք տալիս՝ պարտքով թոշա՞կ բարձրացնենք»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ իր տարակուսանքը հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Նա համաձայն չէ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ, որը ֆինանսների նախարարին հարցրել էր՝ ՀՀ պետական պարտքը կրկնապատկել եք, այդ ընթացքում թոշակները քանի՞ անգամ են բարձրացվել։ Հարցադրումն ինքնին Բաբկեն Թունյանը «աբսուրդ» անվանեց։ Բացատրեց՝ պարտքը կարող է ավելացվել՝ ենթակառուցվածքային ծրագրերի համար, բայց թոշակների աճ չլինի։ Թոշակների աճ կարող է լինել, երբ այդ պարտքի արդյունքում տնտեսական ակտիվություն լինի։

«Տեսաք՝ պարոն Խաչատրյանի նյարդերը չդիմացան»,- ասաց Բաբկեն Թունյանը, երբ իր ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լքեց դահլիճը։ Բաբկեն Թունյանի քննադատության մի մասն էլ նրան էր ուղղված։

Բաբկեն Թունյանին դուր չէին եկել նաեւ Լիլիթ Գալստյանի եւ Արմենուհի Կյուրեղյանի՝ ՔՊ-ի՝ դպրոցաշինության խոստումները քննադատող ելույթները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իսկ Արթուր Խաչատրյանն իր ելույթում՝ անդրադառնալով ՀՀ պետական պարտքին, ասել էր․ «Գալիք տարվա համար կառավարությունը պարտքի մարման եւ սպասարկման վրա վճարելու է 1 տրիլիոն 53 մլրդ դրամ, այդքան գնալու է ընտանեկան բյուջեից»։ Միայն պարտքի տոկոսը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, 433 մլրդ դրամ է՝ 629.8 մլրդ դրամ մարվող մայր գումարի վրա։ Համեմատության համար Արթուր Խաչատրյանն ասաց՝ առողջապահության բյուջեն 212 մլրդ դրամ է, կրթությանը 361 մլրդ, կենսաթոշակը հանած՝ սոցիալական վճարները 315 մլրդ դրամ։

Վկայակոչելով Համաշխարհային բանկի արձանագրումը, որ Հայաստանում կրթությունն ու առողջապահությունը լավ վիճակում չեն, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Պարտքը վերցնում՝ ծախսում եք այնպես, որ 2019 թվականին Վրաստանից ավելի լավ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ունեցող պետությունը, 2025-ին այդ հարեւանից ցածր մեկ շնչին ընկնող ՀՆԱ ունի»։ Այս առիթով ՔՊ-ականների արդարացումները, թե Վրաստանը ՌԴ-ի հետ սահման ունի ու դեպի ծով ելք՝ նրան բարկացնում են․ «Ստեղ են ասում՝ «նալլաթ քեզ, չար սատանա», էդ սահմանը Ռուսաստանի հետ երեկ առաջացա՞վ, թե Սեւ ծովը թազա գցած գյոլ է, նոր առաջացավ, 2019 թվին գոյություն չուներ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930