ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ «Իմնեմնիմիի» հաղորդավարների քրեական հետապնդումը սադրել է մի մարդ, որի «կորած ինքնասիրությունը եւ չեղած բարի համբավը» խոցված է համարվում:
«Ֆանտոմային ցավեր են երեւի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը:
Ո՞ւմ համար էր այս դեպքով «մասկի շոուն» հարցին, պարոն Աշոտյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանի. «Անհասկանալի ժանրի սիրահար է, մի օր իր համակարգիչն առգրավեն, հետաքրքիր կլինի, կտեսնենք՝ այնտեղից ինչ պարունակության նյութեր են դուրս գալիս: Հանգուցալուծումը մեկն է՝ եթե չենք կարողանում այս փուլում փոխել իշխանությունը Հայաստանում, քաղբանտարկյալների, ժողովրդավարական հետընթացի դեմ պայքարը պետք է լինի թիվ մեկ օրակարգային հարցը»:
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցին, թե այս օրերին իշխանության բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ հանդիպումներ են ունենում օտարերկրյա դեսպանների հետ, ի՞նչ են քննարկում, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորների մոտ կա անհանգստություն Նիկոլի ներքաղաքական ճակատագրի հետ կապված: Ակնհայտ է՝ նա չունի հայ հասարակության աջակցությունը, նրա վարկանիշը թույլ չի տալիս հավակնելու արդար, ազատ, թափանցիկ գործընթացներով վերընտրվելուն, գիտեն, որ իր բոլոր տված խոստումները, որոնք իրականացրել է այս խայտառակ արտաքին քաղաքականության շրջանակներում, կարող է չհասցնի ի կատար ածել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































