«Հույսներդ կտրեք։ Դուք ընտրությունները պարտվելու եք։ Ակնհայտ է, որ դուք ստանալու եք շատ ավելի քիչ ձայներ։ Վերջացել եք, սպառվել եք ժողովուրդ»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեղադրելով ընդդիմությանը, որ աշխատանքի չեն հաճախում, գործուղումների չեն գնում, բայց իբրեւ հարկատուի՝ իր վճարած հարկերից աշխատավարձ եւ պարգեւավճար են ստանում։
Ալեն Սիմոնյանը պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին։ Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ դահլիճից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ժպտում էր։
«Տիկին Գրիգորյան, դուք մի ժպտացեք։ Դուք պետք է միշտ տխուր լինեք։ Մի նյարդայնացեք։ Ես հասկանում եմ, այն նավը, որը դուք լքեցիք, այնուամենայնիվ, չխորտակվեց։ Երկրորդը խորտակվեց, ըտեղ ուրախացեք։ Երրորդը թող հոբելյանական ամենահաջողը լինի կամ չորրորդը։ Վստահ եմ, դուք ձեր սովորույթի համաձայն՝ էլի չեք խորտակվի»,-Աննա Գրիգորյանին դիմեց Ալեն Սիմոնյանը։
«Դուք էնքան վատն եք, մարդիկ «յախա» են թափ տալիս, ասում են՝ ով ուզում է լինի՝ սրանք չլինեն»,- ասել էր Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին մեղադրելով, որ նյարդայնացած են, քանի որ այլեւս իշխանություն չեն եւ իշխանական լծակներ չունեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինե Վարդանյանը ևս խոսել էր արտաքին պետական պարտքից՝ ասելով, որ ինքը գիտի, թե որտե՞ղ են այդ գումարները ծախսվել՝ նայելով ՔՊ-ական պատգամավորների հագուկապին, վարած մեքենաներին, ձեռք բերած տներին։
Նա անդրադարձավ նաեւ այսօր բլոգերներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալմանը՝ հիշեցնելով, որ նույն հոդվածով նրանք մի քանի ամիս առաջ կալանավորվել էին, բայց դատարանն արդարացրեց նրանց․ «Ես չեմ ողջունում վիրավորական խոսքը, հայհոյանքը, չգիտեմ էլ՝ ինչ են ասել անգամ, բայց խորը կասկածներ ունեմ՝ Նիկոլ Փաշինյան, որ ձեզնից ավելի վատ բառապաշար են օգտագործել։ Ու չգիտեմ ինչի, մենք չենք տեսնում, որ ԱԱԾ-ն գալիս է եւ ձեզ կռացրած տանում է, չենք տեսնում, որ մարդասպաններին ԱԱԾ-ի հատուկ ջոկատը, հակաահաբեկչական ջոկատը գալիս՝ էդպես կռացրած տանում է, բայց ընդդիմադիրներին՝ խնդրեմ, Վեհարան է պետք մտնել՝ խնդրեմ»։
Ասաց՝ հարց ունի իշխանությանը՝ ինչո՞ւ մինչեւ հիմա «Մարտի 1»-ի քաղաքական պատասխանատուները գտնված չեն, սպանությունները բացահայտված չեն եւ ակնարկեց՝ հետաքննության ընթացքում կարեւորը սեփական հետքի վրա դուրս չգալն է։
Քրիստինե Վարդանյանն այլ հարցեր էլ ուներ՝ զինվորների մասունքները պարկերի մեջ պահելու քաղաքական պատասխանատվության հարց կա՞, թե չկա, 15 զինվորների այրվելու քաղաքական պատասխանատվություն կա՞, թե չկա։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց Քրիստինե Վարդանյանին՝ ասելով․ «Ես ձեր քաղաքական պատասխանը տվել եմ իմ սենյակում, որտեղ դուք պատռելով զոհված զինծառայողների նկարները, որտեղ իմ եղբայրն էր, շպրտեցիք իմ դեմքին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































