«Ինչքան քննչական կա, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մասով գործ է քննվում: Արագածոտնի թեմի քահանաների մասով քննվող հերթական գործն է սա, որտեղ կարգալույծ հռչակված 2 քահանաների մասով, նրանց նկատմամբ դրսեւորված հավանական խտրականության եւ նաեւ հավաքներին մասնակցելուն պարտադրելու հետ կապված վարույթ է քննվում:
Ճիշտն ասած, նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, իհարկե այն տեղեկությունները, որոնք մեզ այս վարույթից չեն հայտնի դարձել, կարող ենք ԶԼՄ-ների հետ կիսվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Ենթադրում ենք, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի ցուցմունքի հիման վրա է վարույթը քննվում, որովհետեւ այլ իրավական ճանապարհ այս գործը քննելու, անկեղծ ասած, ես չեմ տեսնում: Հավանաբար միայն ինքն է ասում, որ իրեն պարտադրել են ինչ-որ ցույցի մասնակցել: Ես այդքան հոգեւորական եմ ներկայացնում, գեթ մեկը չկա, որ ասի թե նման բան է եղել կամ նման ակնարկ է եղել:
Տարբեր իշխանությունների օրոք, երբ հասարակության որոշ շերտերի ռեպրեսիաներ են եղել, հավաքներ ու ցույցեր են եղել, տեսագրությունները կարող եք նայել, բոլորին էլ գրեթե քահանաներ են մասնակցել: Հիմա ստացվում է՝ յուրաքանչյուր իշխանության օրոք պարտադրվա՞ծ են դա արել, իհարկե ոչ…Ովքեր էլ որ մասնակցել են, իրենց ազատ կամքն են դրսեւորել՝ ժողովրդի կողքին լինելու, հնարավոր բախումներից պաշտպանելու եւ ավելի խաղաղեցնելու ու հանդարտեցնելու նպատակով»,-նշեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Խոսելով Նաթան սրբազանի հետ կապված հեռախոսային ձայնագրության մասին՝ փաստաբանն ասաց, որ այն փորձաքննության չի ենթարկվել, ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել, եւ վարույթ նախաձեռնվելը մերժվել է: «Իմ գնահատմամբ, ամբողջ քննչական կոմիտեն ողողված է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու դեմ գործեր քննելով: Ամեն շաբաթ մենք նոր ծանուցագիր ենք ստանում նոր վարույթի շրջանակներում ինչ-որ երեւակայական նոր բան քննելու մասին»,-փաստեց նա:
Նաեւ թվարկեց բոլոր այն հոգեւորականներին, որոնց վերաբերյալ գործ է քննվում: Դրանցից մեկը, որ վերաբերում էր Արարատյան հայրապետական թեմին ու առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանին, փաստաբանը որակեց հիմնազուրկ:
«Պետության՝ այս պահին որդեգրած քաղաքականությունն են հակաեկեղեցական տրամադրությունները: Ընդհանրապես, մեր եկեղեցու հիմքը հանդիսացող Հայ Առաքելական սուրբ եկեղեցին կազմալուծելու գործընթաց է գնում, եւ Վեհափառի դեմ է շատ ուժեղ արշավ գնում, եւ առանձին ուժեղ, ազդեցիկ հոգեւորականների: Այդ ամբողջ շղթայի մեջ գտնում են թույլ օղակներ, որոնց միջոցով փորձում են ներքին պառակտում մտցնել»,-ընդգծեց Արմինե Ֆանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































