Հայաստանի արեւելագետների միության վարչության անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Կարեն Միրզոյանը «Sputnik Armenia» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսելով «Մեծ Մերձավոր Արեւելքը եւ Հայաստանը» թեմայի շուրջ՝ ասաց. «Եթե ռետրոսպեկտիվ հայացք նետենք վերջին հարյուրամյակների վրա, կտեսնենք, որ այն տարածաշրջանը, որի մասին մենք այսօր խոսում ենք, ավանդաբար եղել է շատ լուրջ մարտահրավերների, շատ լուրջ խնդիրների տարածաշրջան։ Այսօր էլ այդ գործընթացները շարունակվում են։
Ոմանց կարող է թվալ, որ մենք Հայաստանի Հանրապետությունում առնչություն չունենք, որովհետեւ, ի վերջո, դա բոլորովին այլ տարածաշրջան է, իսկ մենք այսօր ապրում ենք մեկ այլ տարածաշրջանում, որն ունի իր խնդիրները, իր մարտահրավերները։ Սակայն եկեք չմոռանանք, որ այսօրվա աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է։ Եվ այսօր խոսել առանձին գործընթացների մասին, ուղղակի սխալ է։ Այդ տարածաշրջանը, որը ոմանց կարող է թվալ հեռու տարածաշրջան, այդքան էլ մեզանից հեռու չէ։ Սա սոսկ աշխարհագրության հարց չէ, մենք ուղղակիորեն առնչվում ենք Մերձավոր Արեւելքի հետ։ Մենք որոշ առումով դրա մի մասն ենք կազմում նաեւ մի շարք պատմական ու մշակութային պատճառներով։
Որքան էլ դրա մասին այսօր պոպուլյար չէ խոսելը, բայց միշտ չի եղել, որ այս փոքրիկ հանրապետությունը ծվարել է Հարավային Կովկասի լեռներում։ Տարբեր շրջաններում Հայաստանն իր մեջ ընդգրկել է նաեւ այսօրվա Մերձավոր Արեւելքի որոշ շրջաններ, որոշ տարածքներ: Մենք այսօր էլ ողջ Մերձավոր Արեւելքում ունենք հսկայական թվով հայրենակիցներ, գաղութներ, որոնք, ճիշտ է, այսօր այդքան էլ բարվոք վիճակում չեն, բայց նրանք այնտեղ առկա են եւ կազմում են այդ տարածաշրջանի քաղաքական, մշակութային կյանքի անբաժան եւ շատ ակտիվ մասը։ Այդ բոլոր հանգամանքներից ելնելով՝ Մերձավոր Արեւելքը եւ այնտեղ տեղի ունեցող զարգացումները կենսական կարեւորություն ունեն մեզ համար։ Կարծում եմ, որ վաղուց ի վեր հասունացել է ժամանակը՝ ունենալ հստակ եւ մշակված քաղաքական հայեցակարգ, թե որն է լինելու Հայաստանի առաքելությունը, դերակատարությունը Մերձավոր Արեւելքում եւ նրա երկրների հետ հարաբերություններում»։
Դիտարկմանը, որ այդ ամբողջ Արեւելքում միայն մենք ենք քրիստոնյա պետություն եւ իրե՞նք պետք է մեր հետ համակերպվեն, թե՞ մենք՝ իրենց եւ մեր քայլերը որո՞նք պիտի լինեն, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Նախ, քրիստոնյա-մահմեդական դիմակայության դիսկուրսը, որ քրիստոնյան իրավունք չունի Մերձավոր Արեւելքում ներկայացված լինելու, ավելի շատ արհեստական խոսույթ է, որը ներմուծվում, ներարկվում է մի շարք ուժերի կողմից, որոնց մեջ կան նաեւ արտաքին, ոչ ռեգիոնալ ուժեր։ Դա ձեռնտու փաստարկ է, որը թույլ է տալիս որոշակիորեն կառավարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ Բայց դրա դեմ շատ հեշտությամբ կարելի է պայքարել։
Կարդացեք նաև
Մոռանանք, որ Մերձավոր Արեւելքը մահմեդական երեւույթ է։ Մերձավոր Արեւելքն այն տարածաշրջանն է, որտեղ սկիզբ են առել մի շարք համաշխարհային կրոններ, այդ թվում նաեւ քրիստոնեությունը, որին մենք ենք պատկանում։ Մինչեւ այսօր, թեեւ Մերձավոր Արեւելքը թվում է միապաղաղ մահմեդական դաշտ, բայց բազմաթիվ կրոնական, էթնիկական փոքրամասնությունների խառնարան է։ Եվ այդ բազմազանությունը ունիկալ փորձառություն է, ունիկալ ժառանգություն է, որը կարեւոր է ոչ միայն այդտեղ ապրող մարդկանց, այլ ողջ համաշխարհային պատմության համար։
Մենք ի՞նչ պետք է անենք։ Իրատեսական չեմ համարում, որ պետք է ունենանք առանձին քաղաքականություն Մերձավոր Արեւելքի, Հեռավոր Արեւելքի համար։ Կա նման գայթակղություն։ Թղթի վրա դա շատ գեղեցիկ է։ Այսինքն, յուրաքանչյուր պաշտոնյա իր պայուսակում ունենում է մի քանի թուղթ։ Արտաքին քաղաքականությունը չի կարող աղճատվել, չի կարող մասնատված լինել։ Պետք է ունենալ միասնական արտաքին քաղաքականություն, որն ունենում է իր դրսեւորումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները, ունենում է իր յուրատեսակ դրսեւորումները տարբեր տարածաշրջաններում; Միայն այդ դեպքում դու ունենում ես հաջողակ արտաքին քաղաքականություն։
Կարծում եմ, այսօր մեր հիմնական խնդիրը վերաբերում է նրան, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ի վերջո պետք է ստանա հասկանալի, արտաքին աշխարհում ընկալվող եւ ամենակարեւորը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային շահերը սպասարկող բնույթ։ Նման քաղաքականություն ունենալու պարագայում շատ ավելի հեշտ է լինելու մշակել եւ գտնել միջոցներ՝ տարբեր տարածաշրջաններում այդ արտաքին քաղաքականության դրսեւորումները առաջ մղելու համար»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































