Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի կալանքի միջնորդությունները ներկայացվել են Աջափնյակի դատարան: Դատավորների մասին դեռեւս տեղեկություն չկա:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը՝ տեղեկացրեց, որ լրացվել է մեղադրանքը։
«Երկրորդ էպիզոդը, որ ավելացրել են, վերաբերում է հոկտեմբերի 4-ի եթերին։ Նայեք՝ այնտեղ մի հատ քֆուր չկա որևէ մեկի կողմից։ Էլի քննչական մարմինը դա համարում է խուլիգանության դրսևորում։ Այդ հատվածում այլ բան, քան քաղաքական սատիրա, պարզապես գոյություն չունի»,-ասաց նա։
«Իմնեմնիմի» պոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):


















































