Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետի արտիստները, ռոք խմբի երաժիշտների հետ, կարծրատիպեր կոտրելով, ներկայանում էին նոր պարելաձևերով

Նոյեմբեր 13,2025 17:56

Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա էինք Մարդու և Արևի հնագույն թեմայի՝ «Արևի մարդիկ» բալետային ժանրի գերժամանակակից նոր դրսևորումներով ներկայացում-խորեոդրամայի պրեմիերային։

Այն խորեոգրաֆ Վալերիա Կասպարովայի, նրա օգնական Արման Բալմանուկյանի և երաժշտության հեղինակ, «Rozen Tal» ռոք խմբի հիմնադիր Արմեն Եդիգարյանի համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքն է։

Առաջին անգամ հենց բեմում՝ ողջ ներկայացման ընթացքում, բալետի արտիստները ռոք խմբի երաժիշտների հետ, կարծրատիպեր կոտրելով, ներկայանում էին նոր պարելաձևերով և ըստ էության՝ բեմական նոր գործելակերպով։

Այս ներկայացման խորեոգրաֆիան հիմնված է հայկական պարի հարուստ ավանդույթների վրա։ Երաժշտությունն էլ հագեցած է հզոր կիթառային ռիֆերով և մեղեդային շնչով՝ ընդգծելով պարի էմոցիոնալ խորությունն ու դրամատուրգիան։ Իսկ վերջինս ներկայացնում է, ինչպես նշեցինք, Մարդու և Արևի խորհրդանշական կապը՝ որպես հավատքի, հոգևոր լույսի ու վերածննդի աղբյուր։

Այն խոսում է արմատներին վերադառնալու, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ վստահության մասին։ Այլ կերպ ասած՝ բալետի լեզվով պատմում է մեր ժողովրդի, նրա ուժի, միասնության և անսպառ ներշնչանքի մասին։

Փաստենք, որ ներկայացման ավարտին երկար ժամանակ չէին դադարում բռավոներն ու բիսերը։

Իհարկե, մասնագիտական շրջանակներում հայտնի է ամուսիններ՝ այս բեմադրության խորեոգրաֆ, ծնունդով Սանկտ Պետերբուրգից Վալերիա Կասպարովայի և նրա օգնական Արման Բալմանուկյանի ստեղծագործական ուղին ու նրանց ընտանիք կազմելու պատմությունը։ Եվ քանի որ վերջինս շատ հետաքրքիր է, և բոլոր ժամանակներում արվեստագետների կյանքը գտնվում է հասարակության կողմից «խոշորացույցի տակ», ներկայացնում ենք այն։

Բալմանուկյան-Կասպարովա ընտանիքը

Aravot.am-ը զրույցի հրավիրեց Վալերիա Կասպարովային։ Հիշեցնենք, որ Արման Բալմանուկյանը Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ տարբեր դերապարերով, հանդես է եկել շուրջ 15 տարի՝ մինչև 2021 թ.։ ՌԴ-ից հյուրախաղերի եկած Վալերիա Կասպարովային մեր հանդիսատեսը առաջին անգամ հանդիպեց 2019 թ. «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ «Ձայներ» պարային ներկայացումով։

«Երևանյան առաջին այցիս՝ բեմադրության առիթով, կազմակերպիչներին խնդրել էի հրավիրել նաև մասնագետների, որպեսզի վերջում ծանոթանալով նրանց հետ՝ փոխանակվեինք ստեղծագործական մտքերով, առաջարկներով և այլն։ Մինչ օրս տպավորված եմ գործընկերներիս հետ կայացած հանդիպումից և հիացած, ինչու չէ՝ զարմացած հայ հանդիսատեսի ներկայացումը դիտելու կուլտուրայով ու արձագանքով։ Հենց այստեղ առաջին անգամ հանդիպեցի ապագա ամուսնուս՝ Արմանին։ Հետո փառատոնն ավարտվեց, և ես վերադարձա Պիտեր, և մի քանի ամիս անց սկսվեց կորոնան։ Տանը փակված մնալու օրերին էր, որ հիշեցի Արմանին, քանի որ նրա հետ ցանկություն ունեինք համագործակցելու մի նախագծի շուրջ և… Եվ առանց վարանելու զանգահարեցի նրան։ Մեր խոսակցությունը տևեց ոչ ավել, ոչ պակաս՝ 12 ժամ»,– պատմեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ «Եվ այդ հեռախոսազանգը հանդիսացավ ձեր մեծ սիրո առաջին քայլը՞», Վալերիան պատասխանեց.
«Ոչ, մի շտապեք (ժպտում է Ս. Դ.)։ Երևան եմ վերադարձել 2020 թ., պատերազմից հետո նույնպես, ներկայացրել իմ միջազգային նախագիծը՝ «Բաբելոն», հայ և ռուս արտիստների մասնակցությամբ։ Այնուհետև…»,– ասաց մեր զրուցակիցը։

Իսկ այնուհետևը մեզ և մեր ընթերցողներին քաջածանոթ է՝ «Սամիթ» միջազգային փառատոնը, որը Երևանում այս տարի անցկացվեց արդեն 5-րդ անգամ։ Հիմնադիրներն են Վալերիա Կասպարովան, Արման Բալմանուկյանը, Էռնա Ռևազովան, Վադիմ Կասպարովը, Հայկ Վարդանյանը։

Այս ընտանիքի պատմությունն ու հոդվածն ավարտենք հնչեղ նոտայով՝ 2022-ին արտիստները ընտանիք են կազմում, և ծնվում է նրանց հրաշքը՝ Արևիկը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ՝ «Արևի մարդիկ» ներկայացումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930