ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, բազմաթիվ կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ շինարարության անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար, 2023-2024 թվականների ընթացքում որպես կաշառք պահանջել և նախագծման գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենի օժանդակությամբ ստացել է տարբեր չափի գումարներ, յուրաքանչյուր դեպքում՝ 100.000-190.000 ՀՀ դրամ։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով վերը նշված ընկերության տնօրենի կողմից նախապես տրամադրած փաստաթղթերից, կազմել և վերջինիս հաստատմանն է ներկայացրել բնակելի տներ կառուցելու նախագծեր, ինչի հիման վրա էլ Արարատի մարզի տարբեր բնակիչներից ստացված կաշառքի դիմաց նրանց տրամադրվել են շինարարության թույլտվություններ:
Կաշառք ստանալու համար Արարատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Պաշտոնատար անձին օժանդակած ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ):
Կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև 14 անձանց:
Կարդացեք նաև
Վերը նշված 16 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե


















































