ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի տասներեքի նիստում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով հատկացումների շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսվող աշխատանքները։
Հաշվի առնելով քաղաքական և միջազգային կարևոր նշանակությունը երկրի համար, նախարար Մաթևոսյանն անդրադարձել է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
Նախարարը խոսել է միջոցառման նշանակությունից և բյուջետային շրջանակից, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները։
Նախարար Մաթևոսյանն անդրադարձել է համաժողովի հյուրընկալմամբ և նախագահությամբ մեր երկրի համար ստեղծվող հնարավորություններին։
Կարդացեք նաև
2024 թվականի նոյեմբերի 1-ին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած COP16 համաժողովի ընթացքում կոնվենցիայի պատմության մեջ առաջին անգամ քվեարկության արդյունքում կայացվեց բնապահպանության ոլորտում Հայաստանի համար պատմական որոշում․ մեր երկիրն ընտրվեց որպես COP17-ի հյուրընկալող և նախագահող, որը մինչև 2028 թավականը համակարգելու է Կոնվենցիայի գործընթացները։ Այս փաստը վկայում է բարձր միջազգային վստահության մասին։
Համաժողովի հաջող հյուրընկալման նպատակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի ՆԱԽՆԱԿԱՆ 1 միլիարդ դրամ, իսկ մնացած անհրաժեշտ գումարի տրամադրումը կիրականացվի Կառավարության պահուստային ֆոնդից՝ միջոցառումների ընթացքի և առաջնահերթությունների ապահովման նպատակով՝ ՄԱԿ գործադիր քարտուղարության պահանջներին համապատասխան։
Կառավարության որոշմամբ 5 միլիարդ 775 միլիոն դրամ է հատկացվել «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների համար։ Ընդ որում, հատկացված գումարը չբավարարելու դեպքում Կազմակերպությունը պարտավորվել է սեփական միջոցներով աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված բոլոր պահանջներին համապատասխան ՝ ներդնելով ևս 10 միլիոն դոլար։
Հատուկ շեշտեմ նաև, որ COP 17-ի անցկացման ավարտից հետո «Մերիդիան հոլդինգ» ՓԲԸ-ն պարտավորվել է հաջորդող 6 տարվա ընթացքում՝ մինչև 2032 թվականը 2,775,000,000 (երկու միլիարդ յոթ հարյուր յոթանասունհինգ միլիոն) դրամին համարժեք 200 օր Տարածքի տրամադրման ծառայություն մատուցել պետությանը։ Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Համաժողովը կանցկացվի երկու հիմնական հարթակներում՝
Կապույտ գոտու կամ BLUE Zone-ի համար նախատեսվող տարածքը «Մերիդիան» էքսպոկենտրոնն է, այստեղ են անցկացվելու COP17-ում քննարկման ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ երկրների կառավարությունների պատվիրակությունների քննարկումները և բանակցությունները, ինչպես նաև բարձր մակարդակի խորհրդակցություններն ու հանդիպումները: Այս գոտում քննարկումների արդյունքում հաստատվում են որոշումներ, որոնք դառնում են համընդհանուր կատարման առարկա Կոնվենցիայի ԿՈՂՄ 196 երկրների համար։
Օրակարգային կարևոր հարցը լինելու է կենսաբազմազանության գլոբալ ռազմավարության գնահատման գործընթացը, որի նպատակն է հասկանալ, թե ինչ առաջընթաց է գրանցվել աշխարհի կողմից ռազմավարության նպատակների իրականացման գործում և ինչ քայլեր պետք է արվեն մինչև 2030 թվականը։
Կանաչ գոտին կամ GREEN Zone-ը կտեղակայվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կմիավորվեն քաղհասարակության, գիտական համայնքի, երիտասարդական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Կանաչ գոտին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել բազմաթիվ համագործակցություններ և նախաձեռնել համատեղ ծրագրեր։
Այս մոդելը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի համաժողովների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով ներառականություն և բաց երկխոսության մթնոլորտ։
COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ և գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ և հանդես է գալու որպես միջազգային և տարածաշրջանային կամուրջ։
Մենք հնարավորություն ենք ունենալու՝
- Խթանել դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները և բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը բնապահպանական քաղաքականության ոլորտում,
- Խրախուսել գիտական և երիտասարդական ներգրավվածությունը՝ ստեղծելով նոր հետազոտական, կրթական և ինովացիոն հնարավորություններ,
- Խթանել էկոտուրիզմի և հյուրընկալության ոլորտի զարգացումը, որը կունենա տնտեսական շղթայական ազդեցություն՝ ծառայությունների մատուցման, տրանսպորտի, շինարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Շրջակա միջավայրի նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին


















































