Հայաստանի եւ Մ. Նահանգների միջեւ պաշտպանական ոլորտի հարաբերությունները զարգացել են վերջին երկու տասնամյակների ընթացքում արձանագրելով երբեմն առավել ակտիվ, երբեմն էլ առավել պասիվ պարտավորություններ: Մինչ 2000-ական թվականներին նկատվում էր հիմնականում բարձրաստիճան հանդիպումների եւ շոշափելի ռազմական համագործակցության ակտիվացում, վերջին շրջանում, հատկապես ներկայիս ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարության ներքո, դրանք նվազ արդյունավետ են դարձել` առաջացնելով հարցեր երկկողմ հարաբերությունների ուղղվածության եւ խորության վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս երրորդ անգամ այցելեց Մ. Նահանգներ: Հոկտեմբերի 12-ի այցելությունը առաջինն էր Թրամփի վարչակազմի օրոք: Բարձրաստիճան հանդիպումներ չկայացան: Ոչ էլ տեսակցություն` մասնավորապես ԱՄՆ պատերազմի քարտուղար Պիտ Հեգսեթի հետ: Պապիկյանի միակ պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ Պենտագոնում պատերազմի քաղաքականության փոխքարտուղար Էլբրիջ Կոլբի հետ (լուսանկարում): Կոնկրետ արդյունքներ չհրապարակվեցին:
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը սովորաբար ընթանում է գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում: Այդ շրջագայության միակ արդյունքը Հայաստանի զինվորական համազգեստի փոփոխությունն էր: Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել էր զինվորական համազգեստներ նախագծող եւ բարեփոխություններ իրականացնող «Միլլիքեն» ամերիկյան ընկերության ղեկավարության հետ:
Հայաստանի ներկա իշխանությունների համար Մ. Նահանգների Հանրապետական վարչակազմի հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելը կարծես մարտահրավեր լինի: Դրա հնարավոր բացատրությունն այն է, որ 2024-ի դեկտեմբերի 5-ին, Բայդենի վարչակազմի վերջին օրերին Պապիկյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լոյդ Օստինի հետ: Այդ հանդիպումը կայացավ Պենտագոնում բարի գալստյան պաշտոնական արարողությամբ, որից հետո Օստինն իր ելույթում շեշտեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի այցի պատմական նշանակությունը:
Կարդացեք նաև
Չնայած Մ. Նահանգների Դեմոկրատական վարչակազմը 2018-ից ի վեր հավելյալ հետաքրքրություն էր ցուցաբերել Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ, երկու պետությունների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների միջեւ բարձրաստիճան հանդիպումներ չէին կայացել, եւ հանդիպումը նշանակալի էր, որովհետեւ տեղի էր ունենում Թրամփի իշխանության ղեկը ստանձնելուց մոտ 40 օր առաջ: Չկային Հայաստանի կողմից ԱՄՆ-ին ներկայացված համագործակցության որոշակի կարեւոր ծրագրեր: Օրակարգում ընդամենը Հայաստանին ամերիկյան օգնություն ցուցաբերելու հարցերն էին: Հանդիպումը պատմական էր այն իմաստով, որ լրացնում էր երկու տասնամյակ տեւած բարձրաստիճան հանդիպումների բացթողումը, սակայն կոնկրետ արդյունքների կամ առաջարկների չգոյությունը հարցեր էր առաջացնում դրա հետեւանքների եւ ընդհանրապես Հայաստանի շահերի նպատակահարմարության վերաբերյալ:
Մի քանի տարի առաջ, ավելի կոնկրետ՝ 2022-ի սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ էր մեկնել հանդիպելու առաջին անգամ պաշտպանության քաղաքականության փոխքարտուղար Կոլին Կահի հետ: Այցելության նպատակը, կարծես, կրթական եւ վերլուծական ոլորտի համագործակցությունն էր, քանի որ երեք հանդիպում տեղի ունեցավ կրթական հաստատություններում, որոնց թվում էին Կանզասի վերապատրաստման կենտրոնը, Ազգային գվարդիան եւ Վաշինգտոնի համալսարանը:
Եթե առավել լայն իմաստով վերլուծենք ԱՄՆ-Հայաստան բարձրաստիճան պաշտպանական հարաբերությունների կոնտեքստը, կտեսնենք, որ Պապիկյանի այցելությունները նվազ արդյունավետ են եղել, քան իրեն նախորդած Հայաստանի մյուս պաշտպանության նախարարների այցելությունները:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
Թարգմանությունն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































