Նախաբան
Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը վարում են «Իմնեմնիմի» փոդքասթը, որը լույս է տեսնում «Անտիֆեյք» կայքի սոցիալական հարթակներում։ Փոդքասթն ունի ընդգծված ընդդիմադիր ուղղվածություն, որի շրջանակներում վարողներն ու հյուրերը մեկնաբանում են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները և կոշտ քննադատության ենթարկում իշխող կուսակցությանը և դրա ղեկավարին։
2024 թվականի մարտի 22-ին փոդքասթերները ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էին։ Թողարկումներից մեկի ընթացքում հնչած հայհոյանքների համար նրանց մեղադրանք էր ներկայացվել՝ ծանրացնող հանգամանքներով «խուլիգանություն» որակմամբ, «կատարված մի խումբ անձանց կողմից եւ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը մանրամասն անդրադարձել էր մեղադրանքին՝ հիմնավորելով «խուլիգանության» հանցակազմի կիրառման անհնարինությունը և ողջ հետապնդման քաղաքական բնույթը։ Վ․ Սաղաթելյանը և Ն․ Սամսոնյանը ենթարկվել էին քրեական հետապնդման՝ առանց օրենքի։
Սույն թվականի նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, նույնական հանգամանքներում Վ․ Սաղաթելյանը և Ն․ Սամսոնյանը կրկին ձերբակալվել են։ Ինչպես նախորդ դեպքում՝ բուն ձերբակալումը ակնհայտորեն նվաստացման նպատակ էր հետապնդում։ Այն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցների կողմից, փոդքասթերների ձեռքերը ոլորելով և կռացած տանելով, մինչդեռ դիմադրության որևէ փորձ առկա չէր։
Կարդացեք նաև
Զուգահեռաբար, իրավապահները խուզարկություն են իրականացրել «Անտիֆեյք» կայքի գրասենյակում։ Ըստ կայքի խմբագրի՝ խուզարկության արդյունքում իրավապահները առգրավել են փոդքասթերների ողջ տեխնիկան, ներառյալ՝ տեսախցիկները, եռոտանիները, միկրոֆոնները, համակարգիչները և հիշողության կրիչները։
ԱԱԾ աշխատակիցները խուզարկությանը ընթացքում ձերբակալել են նաև «Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանին։ Ձերբակալման ընթացքում լրագրողի հարցին, թե ինչու՞ են իրան տանում, Դ․ Ֆիդանյանը պատասխանել է՝ «իրանց ասելով՝ ուշ եմ դուռը բացել»։
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվեցին 2 ամսով։ Սույն հայտարարության հրապարակման պահին Դավիթ Ֆիդանյանը դեռևս ձերբակալված է։
Մեղադրանքի էությունը
Վ․ Սաղաթելյանի և Ն․ Սամսոնյանի դեմ քրեական հետապնդումը պայմանավորված է նոյեմբերի 8-ին հրապարակված «Իմնեմնիմի» փոդքասթի #223-րդ թողարկման ընթացքում հնչած հայհոյանքներով։ Նշված փոդքասթի ընթացքում Վ․ Սաղաթելյանը ընթերցում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը, որտեղ վերջինս փոդքասթերներին անվանել էր «շան լակոտներ»։ Ի պատասխան՝ Վ․ Սաղաթելյանը Ա․ Սիմոնյանին ուղղել էր նույնական իմաստով այլ հայհոյանք։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին փոդքասթերները ձերբակալվել են, քանի որ իրավապահ մարմինները հայհոյանքի կիրառումը կրկին համարել են «խուլիգանություն»։
Հանցագործության մասին հաղորդումը, որի հիման վրա ձերբակալել են Վ․ Սաղաթելյանին և Ն․ Սամսոնյանին, ներկայացվել է Ա․ Սիմոնյանի կողմից։ Հատկանշական է, որ Ա․ Սիմոնյանը նաև վիրավորանքի հիմքով քաղաքացիական հայց է ներկայացրել Վ․ Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով ոչ նյութական վնասի համար 2․000․000 ՀՀ դրամ փոխհատուցում։
Խուլիգանության հանցակազմի վերաբերյալ գործող նախադեպային իրավունքը հստակ է։ ՀՀ վճռաբեկ դատարանը, Շ․ Հախվերդյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ/0014/01/11 գործով նշել է, որ «եթե անգամ տեղի է ունեցել հասարակական կարգի կոպիտ խախտում, սակայն չի դրսեւորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ապա այն չի կարող որակվել որպես խուլիգանություն»:
Հեղինակները հաղորդման սկզբում տեղադրել են զգուշացում, որ «Փողքասթի ընթացքում հնարավոր է քաղաքական սուր քննադատություն (այդ թվում՝ բացառիկ դեպքերում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ), որը կարող է դրսևորվել քաղաքական զայրույթով, բողոքի ձայնն արտահայտելով, էմոցիաների և հույզերի պոռթկմամբ, սարկազմով, ոչ նորմատիվ լեքսիկոնով»: Վ․ Սաղաթելյանը և Ն․ Սամսոնյանը, հաղորդման սկզբում տեղադրված զգուշացմամբ պատշաճ տեղեկացրել են հանրությանը հայհոյանքների և «ոչ նորմատիվ լեքսիկոնի» կիրառման հնարավորության մասին։ Այսպիսով, ինչպես 2024թ․ հետապնդման պարագայում, միայն այս պատճառով «խուլիգանությունը» արդեն կիրառելի չի կարող լինել, քանի որ բացակայում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը։
Ինչպես նշել էինք փաստաբան Ա․ Կոչուբաևի կամայական կալանավորման մասին հայտարարությամբ՝ ՀՀ-ում վիրավորանքից քրեական օրենսգրքով պաշտպանված են միայն դատարանը եւ Մարդու իրավունքների պաշտպանը։ Ընդ որում՝ այդ պաշտպանությունը բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ վիրավորանքը կապված է նրանց պաշտոնեական (ՄԻՊ պարագայում՝ ծառայողական) գործունեության հետ։
Փոդքասթերների օգտագործած հայհոյանքները թիրախային էին։ Ավելին՝ դրանք ուղղված էին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Ա. Սիմոնյանի համանման արտահայտություններին ի պատասխան։ Այս դրվագը ոչ միայն չի կարող համարվել հանցագործություն, այլ քաղաքական բանավեճի մաս է, պաշտպանված արտահայտման ազատությամբ։
Եզրակացություն
Հայաստանում վիրավորանքի «կրկնակի ապաքրեականացումը» կրում է ձեւական բնույթ և դրա «փաստացի» հանցակազմը շարունակում է գործել՝ տվյալ դեպքում քողարկված որպես «առցանց խուլիգանություն»։ «Խուլիգանության» հոդվածի նման կիրառությունը, փաստորեն, «վիրավորանքի» ապաքրեականացման շրջանցում է։
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ արտահայտման ազատության ավելի բարձր պաշտպանությունից օգտվում են ոչ միայն արհեստավարժ լրագրողները։ Հանրային վերահսկողի (public watchdog) դերը, որը լրագրողական կարևորագույն գործառույթներից է, ներառում է նաև բլոգերիներին և սոցիալական հարթակների ակտիվ օգտագործողներին։ Փաստորեն, Ն․ Սամսոնյանի, Վ․ Սաղաթելյանի պարագայում գործում է «հակառակ տրամաբանությունը»՝ նրանց հետապնդում են անգամ ապաքրեականացված արարքի համար։
Պարզ է նաև, որ լրագրողական ողջ գույքի, ներառյալ՝ տեսախցիկների, եռոտանիների և միկրոֆոնների առգրավումը որևէ կապ չէր կարող ունենալ մեղադրանքի հետ անգամ այն դեպքում, երբ վիրավորանքը դեռևս քրեականացված լիներ։ Տրամաբանորեն, լրագրողական գույքի առգրավումը կարող է միայն մեկ նպատակ հետապնդել՝ խոչընդոտել «Անտիֆեյք» կայքի հետագա աշխատանքը։
Այս ամենից բխում է, որ Վ․ Սաղաթելյանի, Ն․ Սամսոնյանի և Դ․ Ֆիդանյանի ազատազրկումը դասական քաղաքական հետապնդման օրինակ է։ Ողջ գործընթացն առանց իրավական հիմքի է, հետևաբար՝ պայմանավորված է վերջիններիս և «Անտիֆեյքի» ընդդիմադիր հայացքներով։ Բացի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 10–րդ հոդվածներով երաշխավորված՝ անձնական ազատության և արտահայտման ազատության իրավունքներից, խախտվել է նաև 18-րդ հոդվածը, որն արգելում իրավունքների սահմանափակումը կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։
Հետևաբար, ինչպես 2024թ․ պարագայում, այնպես էլ այժմ, ձերբակալվածների կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին։
Առաջարկություններ
Սույն հայտարարության հասցեատերերին՝ իրենց մանդատի շրջանակներում անհապաղ քննության առնել փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի և Դավիթ Ֆիդանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման և ազատությունից զրկելու հարցը։
Կապ հաստատել ՀՀ իշխանությունների հետ և գրավել նրանց ուշադրությունը խնդրի վրա։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց արձագանքելն ու կանխելը, ինչպես նաև քաղաքական իրավունքների պաշտպանությունը:
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն


















































