Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց հունվարի 1-ից ներդրվող առողջապահության ապահովագրության համակարգին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կառավարությունը երեկ գրավոր քվեարկությամբ հաստատել է ամբողջական փաթեթը, որն ուղարկվել է ԱԺ։ «Մենք նաեւ հաստատել ենք այս փաթեթն անհետաձգելի ռեժիմով քննարկելու հարցը»,- ասաց նախարարը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ընկալում է եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չէ ներդնել, այլ ավելի ուշ ժամկետներում, ես կողմ չեմ դրան։ Պարզ է, որ մենք բոլորս ունենք լարվածություն ու մտավախություն, թե համակարգը ոնց կսկսի աշխատել։ Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխում չի կարող պրոբլեմի չհանդիպել։ Եկեք մենք այդ հույսերը չունենանք, որ այնպիսի մի բան ենք անելու, որ առաջին վայրկյաններից սահուն է գնալու։ Մենք առանց այն էլ հետաձգել ենք, մենք անցած տարի հունվար մեկին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի մեկին պետք է ընդունեինք։ Եվ, այո, այդ փաստի բերումով անհետաձգելի է, որովհետեւ առնվազն երկու անգամ մենք հետաձգել ենք»։
Միաժամանակ նա ասաց՝ առողջապահությունը համապարփակ չէ, այսինքն՝ չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը։ Ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին, բայց հաջորդ տարվա հունվարի մեկից բոլորին չի ներառելու, սա առաջին փուլն է։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարը մանրամասներ ներկայացրեց հունվարի մեկից գործարկվող փաթեթների վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին․ «Տիկին Ավանեսյան, հունվարի մեկն է, Նոր տարի է, մարդիկ դիմավորել են Նոր տարին եւ վատ են զգացել, ի՞նչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի երկուսի կամ երեքի համեմատ այս տարի»։
«Նախ խորհուրդ ենք տալիս, որ Նոր տարուն ուտեն ավելի քիչ։ Քաղաքացին զանգում է շտապ օգնություն, շտապ օգնությունը գնահատում է նրա վիճակը, նրան կտեղափոխի հիվանդանոց»,- ասաց Ավանեսյանը։
«Տենց ռեժիմ կա՞, որ չափից շատ եք կերել կամ խմել, ապահովագրությունը դրա հետ գործ չունի»,- հարցրեց Փաշինյանը։
«Չէ, եթե վիճակը հասել է նրան, որ շտապ օգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի, բայց հետագայում բոնուսներ ենք սահմանել քիչ ուտելու ու քիչ խմելու համար»,- նշեց Ավանեսյանը։
«Խրոնիկ շատ ուտողների ու խմողների համար բոնուս-մալուս համակարգ գործելո՞ւ է»,- հարցրեց Փաշինյանը։ Նախարարը պատասխանեց՝ այո։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































