Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին Աղոթքի նախաճաշի միջոցառման մեկնարկին և հանդես եկել համաժողովի բացման խոսքով:
ՀՀ նախագահի բացման խոսքը Հայաստանում առաջին Աղոթքի նախաճաշի միջոցառմանը.
«Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած համաժողովի առիթով։
Կարդացեք նաև
Այս նախաձեռնությունը կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, որը միավորում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հասարակական և հոգևոր կյանքի ներկայացուցիչներին։ Այն վկայում է, որ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլև բարոյական և հոգևոր հիմքերով։
Հայաստանը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն, իր պատմության ընթացքում միշտ ուժ է գտել հավատից և արժեքներից։ Դժվարին ժամանակներում մեզ պահպանել է ոչ միայն մեր խիզախությունը, այլև համոզմունքը, որ պետությունը կայուն է այնքանով, որքանով որ կայուն են նրա արժեքային հիմքերը՝ մարդուն, արդարությանը, ազատությանը և պատասխանատվությանը նվիրված գաղափարները։
Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր հնարավորությունների ու խաղաղության ճանապարհի վրա, կարևոր է, որ այդ ուղին կառուցենք ոչ թե ուժի կամ պարտադրանքի, այլ՝ հարգանքի, վստահության և համընդհանուր բարոյական սկզբունքների վրա։
Այսպիսի հարթակները՝ աղոթքի, խորհելու և բաց երկխոսության, ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատամքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ՝ հանուն համերաշխության և խաղաղ ապագայի։
Հոգևոր և աշխարհիկ սկզբունքների ներդաշնակությունն այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել ժամանակակից, ժողովրդավարական ու վստահելի պետություն։ Ժողովրդավարությունը կենսունակ է միայն այն ժամանակ, երբ ազատությունը ուղեկցվում է պատասխանատվությամբ, իշխանությունը՝ ծառայության գիտակցությամբ, իսկ օրենքը՝ բարոյական հիմքով։
Այսօր ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության հեղինակներին՝ ձեր աշխատանքի և նվիրումի համար։ Այս ձևաչափը հիշեցում է, որ պետության և հասարակության միջև գոյություն ունի ոչ միայն քաղաքական, այլև բարոյական կապ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
Թող այս միջոցառումը դառնա նոր սկիզբ՝ մեր ժողովրդի միասնության, բարոյական նորացման և հավատով առաջնորդվող համերաշխության ու արժանապատիվ խաղաղության ճանապարհին։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ձեր մասնակցության ու գաղափարական ներդրման համար։
Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, ոգեշնչող շփումներ և նոր համագործակցություններ՝ հանուն մեր պետության, մեր ժողովրդի և այն արժեքների, որոնք մեզ միավորում են»։
ՀՀ նախագահի աշխատակազմ




















































