«Այդ ցորենը պետությունը չի գնել, իսկ PR է արվել այն առումով, որ խոսքը գնում է ճանապարհի մասին, ժողովուրդ, ունենք էժան ճանապարհ, այլընտրանք: Մենք ունենք օրական նույն ցորենից եկող՝ Վերին Լարսից Վրաստան, Վրաստանից դեպի Բագրատաշեն՝ Հայաստան: Երեւի օրական 100 մեքենա ցորեն է գալիս, կարող եք ՊԵԿ-ից տվյալներ ուզել»,- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում կայացած ասուլիսում նշեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջերս Ադրբեջանի տարածքով ներկրված եւ աղմուկ հանած ղազախական ցորենին:
«Ինձ որպես քաղաքացի՝ հետաքրքիր է, ինչո՞ւ հենց այս ցորենի խմբաքանակի վերաբերյալ բարձրացավ այս աղմուկը: Հարցը ուղղում եք պետությանը, բայց ասենք՝ ես եմ սեփականատերը, ինձ եկա՞ք, հարցրիք՝ եղբայր, էս ցորենը բերել ես, ի՞նչ անես… Հաց սարքե՞ս, տաս ուտենք, անասնակեր սարքե՞ս, մի հատ ինձանից լսեիք պատասխանը, թե ինչի համար եմ դա բերել… Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ ինչու ենք մենք մեղադրում պետությանը, երբ մի X կազմակերպություն կամ X անհատ է գնել ցորենը: Եվ լավ է արել, գնել է»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:
Նա խոստացավ հրապարակել լաբորատոր ուսումնասիրության արդյունքները, միաժամանակ շեշտեց, որ անասնակերը եւ պարենային ցորենը պետք է տարանջատել: Նաեւ հավելեց, որ անասնակեր ցորենը գալիս է անասնաբուժական ուղեկցող սերտիֆիկատով:
«Այդ ցորենը ոչ ռադիացված էր, ոչ թունավոր…. Եթե մեզ չեք վստահում, դուք տարեք ցորենը լաբորատորիա»,-նշեց նա ու լաբորատոր ուսումնասիրությունից թվային որոշ տվյալներ ներկայացրեց ցորենի որակական առանձնահատկությունների վերաբերյալ: Ապա հավելյալ փաստարկ բերեց. «Եթե ցորենը վատը լիներ, Ղազախստանի ժողովրդի կեսը անկած կլիներ»:
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն էլ իր հերթին հիմնավորումներ բերեց. «Իմ կարծիքով, ոչ մեկն ալյուր չի ստանում ծլած հացահատիկից: Իսկ կոնկրետ ցորենի կարգաբանությունը սահմանվում է այն ԳՈՍՏ-ով, եւ հստակ ամրագրված է, թե ցուցանիշների ինչքան լինելու դեպքում ցորենը որ կարգի է համարվում: Այսինքն` ծլածը, անվտանգությունը եւ կարգը տարբեր բաներ են:
Անդրադառնամ նաեւ այն տերմինին, որ կոչում եք անասնակեր…Չգիտեմ՝ ով է որոշել, որ անասնակեր ցորեն է ներմուծվել, այդ ինչպես է որոշվել: Ցորենի վերահսկողության հետ կապված գործում է ԵԱՏՄ կանոնակարգ, գործում է նաեւ միջպետական ստանդարտ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































