ՀԷՑ նախկին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում պատրաստվում է բացահայտում անել. «Այսօր կբացահայտեմ, որ իրենց օրոք կոծկվել է շատ լուրջ հավելագրման դեպք»:
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր շարունակվում է քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
Ղազինյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ներկայումս չունի կառավարման իրենց ձեւը. «Կառավարում են մեր ձեւով, չունեն իրենց ձեւը»:
Կարդացեք նաև
Ղազինյանի խոսքով՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի երեկվա հայտարարություններից հետո քաղաքացիները չպետք է վստահեն նրա ֆեյսբուքյան գրառումներին. «Հաշվի առնելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում պարզվել է, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ ֆեյսբուքում տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ Պետրոսյանն ինքն է սկզբում այն ճանաչել որպես կեղծ, ապա փորձել արդարացնել նրանով, որ դա իր անձնական էջն է… Ավելին, նա նշել է, որ էջը քաղաքական է։ Այս ամենը մեզ հանգեցնում է այն եզրակացության, որ Ռոմանոս Պետրոսյանի անձնական էջում հրապարակված ամեն ինչ, նրա նախկինում տարածած ողջ տեղեկատվությունը, չեմ ուզում կոպիտ ասել, ճշմարիտ չէ։ Հետեւաբար, կոչ եմ անում քաղաքացիներին չվստահել նրա գրառումներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































