Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց. Վահրամ Օրբելյան

Նոյեմբեր 14,2025 16:14

«Սյունաց երկիր». Եթե մենք չունենանք կայացած կրթական համակարգ, վաղը լավ երկիր էլ չենք ունենալու։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի դեմ հնարավոր չէ հակառակվել, փաստարկներ ներկայացնել։ Իսկ վերին մակարդակներում արվում են քայլեր, որոնք բնավ էլ միտված չեն նորմալ կրթական համակարգ ունենալուն, եթե չասենք հակառակ են դրան։ Զորօրինակ, դեռևս 2023 թ․ սեպտեմբերի 11-ից հրապարակի վրա է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու մասին» № 1790 Ա-/2 որոշումը, որի համաձայն Սյունիքի մարզում նախատեսվում է օպտիմալացնել 47 դպրոց, ըստ Սյունիքի խոշորացված համայնքների՝ Կապանում՝ 12, Սիսիանում՝ 19, Տաթևում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3, Քաջարանում՝ 4, Մեղրիում՝ 5։

Արդեն նշվեց, որ Մեղրիում ևս կան դպրոցներ, որ միավորվելու են, կամ ընդհանրապես փակվել են։ 2025-ի հուլիսին կառավարության որոշմամբ լուծարվել է Լիճք գյուղի դպրոցը։ Ավելի վաղ փակվել էր նաև հարևան Տաշտուն գյուղի դպրոցը։ Ծրագիրը «կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովում» է հորջորջվում, բայց այդ հնչեղ ձևակերպման մեջ կրթական համակարգը խարխլելու իրողություններ կան։

Կարճևանի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, նախատեսվում է միավորել նոր կառուցվող Ագարակի միջնակարգ դպրոցի հետ։ Այժմ Կարճևանի դպրոցը, ինչպես փոխանցեց կրթօջախի տնօրեն Անժելա Աղայանը, վթարային վիճակում է, հինգ տարի է՝ պարապմունքներն անցկացվում են գյուղի բուժկետում։ Կարճևանն Ագարակից հեռու է չորս կիլոմետր, այս առումով տնօրենը նշեց, որ աշակերտներին տեղափոխելու նպատակով փոխադրամիջոց պիտի հատկացնեն։

Օպտիմալացման ծրագրում ընդգրկված է նաև Ալվանքի միջնակարգ դպրոցը, որ այժմ 39 աշակերտ ունի: Վերջիններիս ծնողները տարակուսած են, թե այդքան աշակերտ ունեցող դպրոցը ինչո՞ւ պետք է միավորել մի այլ կրթօջախի, տվյալ դեպքում Շվանիձորի դպրոցի հետ, և դիմում են տարբեր ատյաններ՝ այդ կործանարար քայլը կանխելու համար: Բայց ո՞վ է լսողը…

Երբ թերթում ես միավորվող դպրոցների պատմությունը, տխուր իրողության ես առնչվում։ Գյուղական դպրոցում, որտեղ ժամանակին հաճախում էր մինչև 100 աշակերտ, այժմ սովորում է 7-8-9, ասել է թե՝ միանիշ թվով աշակերտ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշ դպրոցներում ավելի շատ մանկավարժներ կան, քան աշակերտ։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի միջնակարգ դպրոցը մեկ աշակերտ ունի, մինչդեռ 1970-1980-ական թվականներին աշակերտների թիվը հասնում էր 200-ի, որոշ տարիների դպրոցը գործել է երկհերթ։

Վահրամ ՕՐԲԵԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930