«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ արդեն 4-րդ տարին է, ինչ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում տեղի է ունենում ավանդական դարձած բարեգործական ընթրիք՝ հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ: Այս տարի` նոյեմբերի 12-ին, ծրագրի մեծ թվով նվիրատուներից ընթրիքին մասնակցեցին 44 կայացած և հաջողակ գործարարներ, մշակութային, սոցիալական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ: Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է «Միմյանցից ոգեշնչված» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ կրկին սկսնակ կին ձեռներեցներն են։
ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ողջունեց ներկաներին` շնորհակալություն հայտնելով, որ այսօր գտնվում են այստեղ և իրենց նվիրատվությամբ կանգնում են հիմնադրամի կողքին: Նա խոստովանեց․«528 կին ՀՀ տարբեր մարզերից եւ Երևանից դիմել են հիմնադրամի սույն ծրագրին՝ սրտատրոփ սպասելով, որ կհաղթահարեն բոլոր փուլերը, կստանան դրամաշնորհ, բիզնես կհիմնեն կամ իրենց ունեցած բիզնեսը կընդլայնեն։ Այս առիթով, ուզում եմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բոլոր-բոլոր նվիրատուներին, որ օգնում են մեզ իրականություն դարձնել այդ կանանց նպատակները. առանց ձեզ ոչինչ չէր ստացվի: Ես մի մեծ երազանք ունեմ. ի սրտե ցանկանում եմ, որ մեր «Հաջողակից` սկսնակին» ծրագրի շահառուների բիզնեսները ձեր նվիրատվության շնորհիվ այնքան զարգանան, կայանան և աճեն, որ իրենք էլ մի օր նստած լինեն այս սեղանի շուրջ` արդեն որպես նվիրատու»։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը սահիկաշարով ներկայացրեց միջազգային համագործակցությունները, գործընկերների հետ վերջին տարիներին ստորագրված հուշագրերը , իրականացված, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը, թվային ցուցանիշները։«Մեր բոլոր ծրագրերը ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը, որպեսզի մենք ունենանք ավելի մրցունակ և զարգացած հասարակություն: Այդ պատճառով էլ մեր բոլոր ծրագրերում շատ ենք կարևորում կրթական բաղադրիչը և նույնիսկ ծրագրերի ավարտից հետո, մշտապես կապ ենք պահում մեր շահառուների հետ` տալով նրանց կրթական, ուսուցողական ծրագրերին մասնակցելու տարբեր հնարավորություններ: Փորձի փոխանակման և վերապատրաստման այդ ծրագրերին մասնակցում են նաև մեր աշխատակիցները, քանի որ կարևորում ենք թե՛ մեր շահառուների, թե՛ աշխատակազմի մասնագիտական աճն ու զարգացումը », – նշեց տիկին Թօփալաքեանը։
Այս տարվա բարեգործական ընթրիքը նշանավորվեց նաև նրանով, որ ծրագրի նվիրատվության ընդհանուր թիվը կրկնապատկվել է, ինչը փաստում է, որ մեր առաքելության հավատացողների, հիմնադրամին սատարողների, հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատողների թիվն աճել է: Դիմումների թիվը ևս աննախադեպ աճ է գրանցել։ Հիմնադրամին դիմել են 529 կին ձեռներեցներ, որոնցից 421-ը՝ Հայաստանի տարբեր մարզերից, իսկ 108-ը՝ Երևանից։
«Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրով «Իմ քայլը» հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն խթանել Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացումը, այլև ձևավորել բարեգործության նոր մշակույթ և այն դարձնել ավանդույթ։ Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք։
«Իմ քայլը» հիմնադրամ





















































