Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը նոյեմբերի 13-ին գրավոր քվեարկությամբ հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես`ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, ինչպես նաև դեղեր ու բժշկական պարագաներ ստանալու հավասար հնարավորությունները, ապահովել առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը, բարելավել բնակչության առողջության` ներառյալ հիվանդացության, մահացության և այլ ցուցանիշները, նպաստել կյանքի միջին տևողության ավելացմանը և այլն: Ակնկալվում է, որ ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության թվաքանակը կնվազի շուրջ 30%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով ապահովագրվածների առավելագույնը 6%-ը։ Ֆինանսական պատճառով բժշկին չդիմելու անձանց տեսակարար կշռի նվազեցմանը զուգահեռ ակնկալվում է, որ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Մասնավոր ծախսերի տեսակարար կշռի նվազումը կուղեկցվի պետական բյուջեից առողջապահական ծախսերին կատարվող հատկացումների ավելացմամբ։ Ապահովագրության փաթեթում ներառվելու են պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև աղետալի ծախսեր պահանջող ծառայությունները: Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց ՀՀ-ում երաշխավորվելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորում պետության կողմից։ Սուբսիդավորման հիմք պետք է հանդիսանա ապահովագրվածների սոցիալական ռիսկերի հավասարակշռումը։ Ռիսկերի հավասարակշռման համար առաջարկվում է առաջնորդվել երեք հիմնական գործոններով`տարիք, եկամուտ, խոչընդոտներ: Տարիքով պայմանավորված առաջարկվում է մինչև 18 տարեկանների և 65 և բարձր տարիքի անձանց ապահովագրավճարի ամբողջությամբ սուբսիդավորում Կառավարության կողմից։ Եկամուտների չափից կախված` առաջարկվում է ստեղծել ֆիսկալ տարածք ապահովագրավճարի սուբսիդավորման համար։ Այդ նպատակով Զինապահ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարի չափը 2026 թ.-ին կսահմանվի 1000 դրամ՝ մինչև 1 մլն աշխատավարձ ստացողների համար, իսկ եկամտային հարկից հետ վերադարձվող սոցիալական կրեդիտների չափն առողջապահության մասով 200-500 հազար դրամ ստացողների համար կսահմանվի տարեկան մինչև 72 հազար դրամ, իսկ 500 հազարից ավել ստացողների համար մինչև 50 հազար դրամ։ Սուբսիդավորման տարածքի ձևավորումը և եկամտային հարկի փոխհատուցման գործիքի կիրառումը կխթանի նաև ֆիզիկական անձանց եկամտի հայտարարագրման համակարգի ներդրումը։ Խոչընդոտներով պայմանավորված ամբողջությամբ սուբսիդավորման քաղաքականությունը կապված է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրմամբ։ Ակնկալվում է, որ ամբողջությամբ կսուբսիդավորվեն հաշմանդամություն ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչ 2028 թ. հունվարի 1–ը կանցնեն ֆունկցիոնալության գնահատում, ինչը հնարավորություն կտա նաև հստակեցնել անձանց առողջական կարիքները և համապատասխան ծառայությունների կազմակերպման միջոցով թիրախային արձագանքել այդ կարիքներին։

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախագծերն արդեն ուղարկվել են ԱԺ. «Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա 3 տարի, նաև ԱԺ ՔՊ խմբակցության հետ ենք աշխատել, և այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է, և, ըստ էության, մենք ունենք կոնսենսուս՝ համաձայնեցված նախագիծ, որը, իհարկե, ԱԺ-ում որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքական գործընթացները պետք է առաջ տանել. «Պարզ է, որ բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, թե համակարգը ինչպես կսկսի աշխատել: Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխում ընթացքում հանդիպում է խնդրի: Բարեփոխումը մեկնարկում է այն կետից, երբ իրական կյանքում հանդիպում է իր խնդրին»:

Վարչապետը նշել է՝ ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունվեր, հետո այս տարվա հուլիսի 1-ին, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով հետաձգվել է. «Եվ այո՛, այդ փաստի բերումով անհետաձգելի է, էլ չենք կարող հետաձգել: Որոշ խոսույթներում կա՝ առողջության համապարփակ ապահովագրություն, ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին: Բայց հունվարի 1-ից կրկին բոլորին չի ներառելու. սա ընդամենը առաջին փուլն է, և հունվարի 1-ից էլ ում ներառեց, կրկին՝ ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չեն, որ ծածկելու է»:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է այն քաղաքացիներին, որոնց համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը. նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները և 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցանապահովություն ունեցողները: «Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը: Մենք ռեգիստրում ներառված բոլոր ճշտումներն անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան անհատապես, անվանապես. մարդն իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է ընդգրկվել: Մենք ունենք «Արմեդ» հավելվածը, որը 700 հազար հոգի այս պահին իր հեռախոսում ունի»,- ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համակարգում վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ունենալու անհրաժեշտությունը, որպեսզի ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունն ունեն և չարաշահումների ռիսկերը նվազեցվեն:
Վարչապետն ընդգծել է, որ երբ՝ այն լինի անկանխիկ, թափանցիկ և կբացառվեն այլ շրջանառությունները, այդ ժամանակ հետագծելիությունն ամբողջությամբ կերևա: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ քննարկումների ընթացքում պարզվել է, որ ծառայությունների 30 տոկոսի ծածկույթ են ապահովում. «Այսինքն, ՀՀ-ում ինչ բժշկական ծառայություններ կան՝ դրանց 30 տոկոսը, բայց այս 30 տոկոսը ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայություններն են: Տարբեր ձևաչափերով են, կարող է լինել համավճար: Իհարկե, ծածկույթները, մնացած կարգավորումները դեռ հընթացս շատ փոփոխություններ կբերեն. պրակտիկան իր հետ կբերի նոր խնդիրներ, կբացի նոր հնարավորություններ, ի հայտ կգան նոր տեսադաշտեր, որ մենք այս պահին դեռ չենք տեսնում: Ինքը դինամիկ զարգացող համակարգ է լինելու»:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են համակարգին առնչվող հարցեր: Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է թեմայի շուրջ շարունակական քննարկումների ապահովումը, պատշաճ լուսաբանում իրականացնելու անհրաժեշտությունը:
Ապահովվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականությունը. 2027 թ. հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը
Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որով որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղությունն ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը։
Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախագծերի փաթեթով նախատեսվում է. 2027 թ. հունվարի 1-ից արգելել՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Ըստ նախարարի՝ արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։
Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը կամ օտարումը՝ նույն վայրերում։ Այստեղ ևս սահմանված է բացառություն՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։
Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է նաև, որ նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 1-ին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում՝ կնշանակվի 100.000-150.000 դրամ տուգանք։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և Տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։ «Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և առողջապահական կարևոր նշանակություն ունի։ Այն համահունչ է նաև վերջին շրջանում քննարկված «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը, քանի որ առողջ հասարակություն ունենալը հնարավոր չէ առանց առողջ շրջակա միջավայրի։ Մեկանգամյա պլաստիկ թափոնները համարվում են բնության աղտոտման հիմնական աղբյուրներից, նպաստում են միկրոպլաստիկի կուտակմանը, որը վտանգ է պատճառում թե՛ կենսաբազմազանությանը, թե՛ մարդու առողջությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու հանրային առողջության պաշտպանությունը փոխկապակցված գործընթացներ են, և դրանց լուծումը պահանջում է համակարգային մոտեցում ու հետևողական քաղաքականություն»,-ասել է Շրջակա միջավայրի նախարարը՝ հավելելով, որ այս քայլը կներկայացնի Հայաստանը որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն՝ հանդիսանալով հզոր ազդակ միջազգային հանրությանը Հայաստանում անցկացվելիք COP 17 միջազգային համաժողովի նախաշեմին։
Անդրադառնալով թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով պետք է հանրային իրազեկման արշավներ անել, պետք է ամենօրյա ռեժիմով աշխատանք տանել տնտեսվարողների հետ, աջակցության ծրագրեր իրականացնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բովանդակություն պետք է այդ ամենին, որովհետև բոլորս սովոր ենք աշխատել, ապրել պլաստիկի հետ: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է մինչև 2027 թ. հունվարի 1-ը այս որոշումը կյանքի կոչելու պլան ունենալու հանգամանքը:
Սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները. 2026 թ. հուլիսի 1-ից չի թույլատրվելու պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերը արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ
Գործադիրի որոշմամբ սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները: Որոշումը մշակվել է ի կատարումը Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի։
Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրման պահանջներ, որոնք լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվների պահանջներին։ Մասնավորապես՝ համաձայն քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին դիրեկտիվի՝ արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի՝ չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները, չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը, համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի՝ եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը և եթե կան վտանգավոր նյութեր (օր.՝ ծանր մետաղներ, թունավոր նյութեր, թթուներ կամ եթե առկա է մանրէաբանական վտանգ)։
Ըստ նախարարի՝ նախատեսվում են հետևյալ հիմնական դրույթները.
– Եթե արտադրական կեղտաջրերի արտանետումն իրականացվելու է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն և կեղտաջրերի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին,
– 2026 թ. հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին, վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ,
– արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում՝ իրենց միջոցների հաշվին,
– տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպության կողմից,
– եթե միմյանց մոտ գտնվող արտադրական կազմակերպությունները տեխնիկապես հնարավորություն ունեն, ապա կարող են իրենց կեղտաջրերի նախնական մաքրումը կատարել ոչ թե առանձին-առանձին, այլ մեկ ընդհանուր մաքրման համակարգում,
– եթե արտադրական կեղտաջրերը պարունակում են պայթունավտանգ նյութեր կամ պետք է ենթարկվեն քիմիական / ֆիզիկաքիմիական մաքրման, ապա նախնական մաքրման փուլում պարտադիր պետք է իրականացվի նաև մեխանիկական մաքրում,
– միայն հանքային նյութեր պարունակող արտադրական կեղտաջրերը տեղային (լոկալ) մաքրումից հետո արտանետման անհրաժեշտություն չունեն, դրանք կարող են կրկին օգտագործվել իրենց արտադրության մեջ՝ ջրի խնայողության նպատակով։
«Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը։ Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի և մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- ասել է Համբարձում Մաթևոսյանը։
Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք տնտեսվարողներին ասում ենք՝ դուք պետք է ներդրումներ անեք, որպեսզի արտադրական կեղտաջրերը մաքրեք: Մենք մեր իրականության մեջ մի ուրիշ արձանագրում չենք արել, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետք է չվերադառնա: Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը բնապահպանական աղետ է, հետևաբար մենք ամեն օր և ամենուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում: Մենք ինչ-որ փաստաթղթերով սա գիտենք, բայց իրականացման մեծ պրոբլեմներ ունենք»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է գալ այն եզրակացության, որ չվճարելով մաքրման ծառայությունների դիմաց, ըստ էության, չենք վճարում ավելի առողջ սնունդ օգտագործելու համար. «Այդ չմաքրվող ջրերը հետո ոռոգման համակարգի միջոցով գնում են դեպի բուսաբուծություն, հետո տարբեր կերպ վերադառնում են մեր սննդի տարբեր բաղադրիչներ: Մենք ունենք հայեցակարգային քննարկում: Նաև այս տարվա ընթացքում քննարկելու ենք ռազմավարությունը և առաջարկելու ենք լուծումներ, որոնք լինելու են ծախսատար, բայց բովանդակային առումով հարցը կարգավորելու նպատակ ունեցող»:
Հաստատվել է ՀՀ պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը
Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը: 2024 թ. տվյալներով՝ հանրապետությունում գործում են թվով 184 պետական և համայնքային մասնակցությամբ ընկերություններ: Առկա է նաև 19 ընկերություն, որտեղ պետությունն ունի մինչև 50 տոկոս մինորիտար բաժնեմաս: Ընկերությունները հիմնականում գործում են այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առողջապահությունը, ջրային տնտեսությունը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ՊՄԸ-ները և ՄՄԸ կարևոր դեր են խաղում հանրային ծառայությունների մատուցման, ռազմավարական ոլորտների զարգացման, տնտեսական ակտիվության խթանման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կայունության ապահովման մի շարք ոլորտներում: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս բացակայում է իրավական ուժ ունեցող միասնական փաստաթուղթ, որը կհստակեցնի պետության՝ որպես սեփականատիրոջ (բաժնետիրոջ) դերը, նպատակները, առաջնահերթություններն ու գործառույթները, ինչպես նաև՝ կառավարման ռազմավարական մոտեցումները: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է. ձևակերպել պետության՝ որպես սեփականատիրոջ դերը, նպատակներն ու առաջնահերթությունները՝ տարբեր տեսակի ընկերությունների նկատմամբ, ապահովել պետական մարմինների միջև լիազորությունների հստակ տարանջատում և պատասխանատվության բաշխում, ներդնել սեփականության հիմնավորման և ռազմավարական կառավարման գործիքակազմի միատեսակ համակարգ, բարձրացնել կորպորատիվ կառավարման, ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակը, կառավարել ֆիսկալ ռիսկերը և նպաստել պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, սահմանել ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների սեփականության քաղաքականության իրագործման գործողությունների ծրագիրը՝ ներկայացնելով ծրագրով սահմանվող գործողությունների պատասխանատու մարմիններին և գործողությունների իրականացման ժամկետները: Արդյունքում՝ կձևակերպվեն պետական մասնակցության հիմնավորումները, կսահմանվեն պետական մասնակցությամբ և մինորիտար մասնակցությամբ ընկերություններում բաժնեմասնակցության պահպանման հիմնավորումները՝ ելնելով ազգային, ռազմավարական, սոցիալական և տնտեսական առաջնահերթություններից, հստակ կտարանջատվեն պետական մարմինների միջև լիազորությունները, կսահմանվեն ՊՄԸ-ների թիրախները և նպատակները՝ համապատասխան արդյունավետության ցուցանիշներով, կներդրվեն ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների կառավարման միատարր մոտեցումներ, կկիրառվեն թափանցիկության և հաշվետվողականության միատեսակ չափանիշներ, կսահմանվեն ՊՄԸ-ների կատարողականի գնահատման չափորոշիչներ, հաշվետվությունների հրապարակման և մշտադիտարկման մեխանիզմներ:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ. կապահովվի 2 տասնյակից ավելի ուղղություններով իրականցվող չվերթերի շարունակականությունը
Հավանություն է տրվել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Ուղևորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաև արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումը իրականացնել մինչև երկու անգամ ներառյալ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովվելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն որոշման։ Արդյունքում՝ ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավելի ուղղություններով, որոնցով օդային ուղևորները օգտվում են օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականցվող չվերթերի շարունակականությունը և ուղևորահոսքի բարձր մակարդակը։
Գործադիրի հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի հիմնական նպատակը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԵՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակների միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման ու վճարման, հարկային հաշվարկների ներկայացման, ինչպես նաև ապրանքների վերադարձի մասով կարգավորումների սահմանումն է։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապրանքների էլեկտրոնային առևտուր է համարվում ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների մատակարարումը ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին: Նախատեսվում է՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող է համարվում ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում և (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առևտուր: Օրինագծով՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի մատակարարման վայրը համարվելու է ՀՀ-ը, եթե ֆիզիկական անձանց վաճառված ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են հանրապետության տարածքում:
Միջազգային համագործակցություն. ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող մի շարք ապրանքների համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ
Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։ Համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվում փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը, ինչպես նաև համաձայնագրով ստեղծված հնարավորությունների և կիրառվող կանոնակարգերի մասին բիզնեսին ժամանակին տեղեկացնելու պարտավորություններին: Համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86%-ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%: ՀՀ-ից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%-ը, մնացած 5%-ը չի ծածկվում զիջումներով։ 2023 թ. դրությամբ Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ։ Արդյունքում՝ արտահանման ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողները ուղղակի կսուբսիդավորվեն մոտ 500 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը 6%-ից կնվազի 2,6%-ի։ Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, մասնավորապես՝ այլ թարմ մրգեր, այդ թվում՝ ելակ, վայրի ելակ և այլն, լակտոզա, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան, սոուսներ և այլն։
Հավանություն է տրվել «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 2 համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման նպատակն է նպաստել ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում խիստ կարևորվում է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ամբողջական ներդրումը: Նոր համակարգը հնարավոր կդարձնի արժանահավատ ֆինանսական հաշվետվությունների կազմումը, որոնցով կգնահատվի ինչպես հանրային հատվածի առանձին կազմակերպությունների, այնպես էլ նախարարությունների և պետության ֆինանսական վիճակը։
Կառավարության հավանությանն է արժանացել 2025 թ. հուլիսի 21-ին Թբիլիսիում ստորագրված «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում: Իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր: Կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը:
Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3284-ARM(COL). սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» և «Վարկ 4351-ARM. սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Համաձայն վարկային համաձայնագրի՝ ծրագրի շրջանակում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 23 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 23 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15000 աշակերտի համար։
Հավաքական թիմերի մարզական կենտրոնը Սպորտի կառավարման կենտրոնին միացման ձևով կվերակազմակերպվի
Կառավարությունն ընդունել է Հավաքական թիմերի մարզական կենտրոնը Սպորտի կառավարման կենտրոնին միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ որոշում: Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելուց հետո ըստ անհրաժեշտության նախատեսվում է այն վերանորոգել՝ հավաքական թիմերի մարզման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել վերանորոգված մարզակառույցը իր իսկ նշանակությամբ: Ըստ հիմնավորման՝ վերակազմակերպման գործընթացից հետո դիտարկվում է ընկերության աշխատակիցների կողմից աշխատանքային պարտականությունների շարունակական իրականացման հնարավորությունը վերակազմակերպված «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ում:
Կապահովվի Գերմանիայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի և Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի կազմակերպումը
Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային 13-րդ փառատոնի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Վերաբաշխվող գումարից 23030,0 հազար դրամը նախատեսվում է ուղղել 2025 թ․ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 3-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության 14 քաղաքներում (Նյուրնբերգ, Քյոլն, Մանհայմ, Դորտմունդ, Վիսբադեն, Էսսեն, Ինգոլշտադտ, Էմդեն, Էրկելենց, Գյոպինգեն, Քեմպթեն, Ֆիլինգեն-Շվենինգեն, Բադ- Վիլբել, Աշաֆենբուրգ) նախատեսվող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 հյուրախաղային համերգների կազմակերպմանը։ Համերգների ծրագրերում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ նպատակ ունենալով նպաստել հայ կատարողական և հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանը և հանրահռչակմանը գերմանացի ունկնդրի շրջանում: 5000,0 հազար դրամը նախատեսվում է ուղղել Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի կազմակերպմանը: Փառատոնի կազմակերպումը զգալի ներդրում է մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Դռագսման ցեմենտ» ՍՊԸ-ը ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել ցեմենտի արտադրության նպատակով կայանի կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 250 մլն դրամի ներդրում ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքների իրականացման, 50 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և 200 մլն դրամի ներդրում հատուկ տեխնիկայի ձեքբերման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 50-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 818 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40.9 մլն դրամ։
«Չանախ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում և 470 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 142 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 470 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70.5 մլն դրամ։
«Ավոյան ԷյՍի» ընկերությունը ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել օդատար համակարգերի արտադրության և տեղադրման համար՝ իրականացնելով 157.6 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղեր 312 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 121 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7.7 մլն դրամ։
«ԴՆԿ-տեխնոլոգիա ԱՄ» ընկերությունը նախատեսում է օգտագործել ջերմոցների կառուցման համար։ Կառուցվելիք ջերմոցային տնտեսությունը շահագործվելու է ելակ աճեցնելու համար: Ծրագրի շրջանակում փաստացի արդեն իսկ իրականացվել է 255 մլն դրամի ներդրում և նախատեսվում է իրականացնել ևս 706 մլն դրամի ներդրում: Ներդրումների շուրջ 60%-ը նախատեսվում է իրականացնել հիմնական միջոցների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման, հումք ու նյութերի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 548 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 27.4 մլն դրամ:
Կլավարկվի նախադպրոցական կրթության բովանդակությունը
Նախադպրոցական կրթության բովանդակության լավարկման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ մի շարք բովանդակային փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, որոնք միտված են երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն: Որոշման ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության բովանդակության արդիականացմանը, ինչպես նաև ոլորտում մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականության իրականացմանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է առավել հստակեցնել տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ իրականացնել ընթացակարգերի հետ կապված: Միջոցառման արդյունքում կհստակեցվեն նաև փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
Հարավային ջրավազանային կառավարման տարածքում կհավասարակշռվեն ջրային ռեսուրսների առաջարկն ու պահանջարկը
Կառավարությունը հաստատել է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանը: Որոշման մեջ ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030 համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։ Վերջինիս նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են՝ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական), կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը, խթանել կայուն ջրօգտագործումը: Որոշման ընդունումը հնարավորություն կտա Հարավային ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, միջոցառումների ծրագրի իրականցման արդյունքում բարելավել ջրային մարմինների կարգավիճակը:
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը: Ըստ այդմ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը ոչ միայն նոր մշակված որոշման մեջ, այլ նաև 7 այլ որոշումներում:
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բարելավման գործընթացի ամբողջական իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Հաշվի առնելով մի շարք շահառուների առաջարկը՝ հիփոթեքային վարկի ներգրավման պարտադիր պայմանը հանելու և, փոխարենը, շահառուներին հնարավորություն կտրվի բնակարան ձեռքբերելու կամ անձամբ անհատական բնակելի տուն կառուցելու տարբերակներից բացի՝ իրենց հայեցողությամբ ընտրելու նաև հիփոթեքային վարկի ներգրավմամբ կամ առանց դրա բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման տարբերակը, այդ թվում՝ շինարարական կազմակերպության հետ պայմանագրի կնքման միջոցով։ Արդյունքում՝ կհստակեցվեն նաև «աջակցության տրամադրում» հանդիսացող գործընթացը և դրա բաղադրիչները, դրանց վերջնաժամկետները՝ վթարային շենքերից շահառուների տեղափոխման և շենքերի քանդման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































