Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Դաղստանի պետական ակադեմիական պարի համույթ «Լեզգինկան» և «Գյունեշ» պարի համույթը ներկայացան «Պարը՝միասնության լեզու» բացառիկ պարային շոուով: Երեկոյի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում շնորհիվ էլ կայացել էր միջոցառումը՝ «Իմ քայլը» հիմնադրամի բարձր հովանու ներքո:
Տիկին Աննա Հակոբյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմին անմահացած հերոսների մայրերը, որոնց անչափ շնորհակալ ենք իրենց ներկայության համար։
Բեմում ներկայացված ծրագրում համույթները ցուցադրեցին իրապես շատ բարձր մակարդակի արվեստ ու պրոֆեսիոնալիզմ․ յուրաքանչյուր ելույթ ուղեկցվում էր դահլիճի ջերմ ու քաջալերող արձագանքով։ Մարմնի ուժը, ճկունությունը, երաժշտության ճշգրիտ զգացումը և ազգային պարային դպրոցների գույներն առավել ընդգծեցին երեկոյի բացառիկությունը։
Կարդացեք նաև
Ելույթի ավարտին միջոցառման կազմակերպիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին տիկին Աննա Հակոբյանին նման միջոցառում կազմակերպելու և հայ հանդիսատեսի հետ առաջին անգամ այս բեմը կիսելու հնարավորությունը ընձեռելու համար։
Նրանք ընդգծեցին, որ խաղաղությունն ու ժողովուրդների բարեկամությունը հնարավոր է արտահայտել նաև պարի միջոցով՝ արվեստի համընդհանուր լեզվով։ Հրավիրեցին բոլոր ներկաներին այցելել Դաղստան և մոտիկից ծանոթանալ իրենց մշակույթին, ավանդույթներին ու հյուրասիրությանը։
Պետք է նշել, որ «Լեզգինկա» պետական ակադեմիական համույթը հանդես է եկել աշխարհի ավելի քան 75 երկրներում, արժանացել է 52 միջազգային մրցանակի, իսկ այսօր՝ նաև հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Նրանց պարը ծափահարությունների է արժանացել Չինաստանում, Հնդկաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և արդեն՝ Երևանում։
«Իմ քայլը» հիմնադրամ






















































