Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Արենիի համայնքապետը լցակայանի սեփականատիրոջը դարձրեց անվերջ տուգանքի թիրախ. «Հետք»

Նոյեմբեր 15,2025 08:30

«Հետք». Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը 2025-ի սեպտեմբերին դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արգամ Կարապետյանին քանդել 10-0080-0111-0021 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ կառույցները և վերականգնել հողամասի նախկին տեսքը։ Հողամասի վրա եղած կառույցները բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան են, որոնք ձեռնարկատերը 2018թ․-ին կառուցել է Հուսիկ Սահակյանի թույլտվությամբ։

«Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արգամ Կարապետյանին իր սեփական հողամասում տեղադրել հեղուկ գազի լցակայան»,– այս որոշումը համայնքի ղեկավարն ընդունել է 2018թ․ մարտի 12-ին։ Այնպես որ, լցակայանն ի սկզբանե այնքան էլ «ինքնակամ» չի եղել, իսկ 2023թ․-ի սեպտեմբերից այն այլևս ինքնակամ կառույց չէ։ Ձեռնարկատիրոջ ինքնակամ կառույցներն իր որոշումներով օրինականացրել է հենց ինքը՝ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Օրինականացնելուց կես տարի անց Արենի համայնքի ղեկավարը սկսել է վարչական վարույթներ հարուցել Արգամ Կարապետյանի և նույն լցակայանում բենզինի վաճառք իրականացնող նրա կնոջ՝ «Մարիամ Դավթյան» ԱՁ-ի նկատմամբ։ Հուսիկ Սահակյանը բոլոր որոշումներով մեծ տուգանքներ է նշանակել։ Հիմնավորումն այն է, որ «լցակայանը կառուցվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի և լիազոր մարմինների թույլտվությունների» և համարվում է ապօրինի կառույց։

Իրականում, ապօրինություն կատարողը Արենի համայնքի ղեկավարն է եղել, երբ առանց փաստաթղթերի և թույլտվությունների թույլատրել է հեղուկ գազի լցակայան կառուցել։ Այնուհետև, ամեն տարի հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն է տրամադրել ձեռնարկատիրոջը։

Արենի համայնքի երկարամյա ղեկավարը չէր կարող չիմանալ, որ լցակայան կառուցելու համար բազմաթիվ գերատեսչությունների համաձայնությունն է անհրաժեշտ։ Լցակայան կառուցելու նախագծային փաստաթղթերը պետական համալիր փորձաքննություն պետք է անցնեն։ Առնվազն գիտեր, որ համայնքային սեփականության հողամասի վրա, որն ընդամենը ենթավարձակալությամբ էր տնօրինում ձեռնարկատերը, և առանց հողի նշանակությունը փոփոխելու իրավունք չուներ լցակայանի կառուցման թույլտվություն տալ։

Արգամն ու կինը համայնքի ղեկավարի վարչական վարույթներով տուգանքներ կիրառելու որոշումները բողոքարկում են վարչական դատարան և բեկանում դրանք։ Իսկ Հուսիկ Սահակյանը շարունակում է վարույթներ հարուցել ու տուգանքներ կիրառել՝ 100 000 դրամ, 200 000 դրամ, 300 000 դրամ ․․․, վերջինը՝ 2 մլն դրամ։

Տուգանքներ կիրառելու որոշումներով համայնքի ղեկավարին է միացել նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը։

Արգամը դժգոհ չէ, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում իր լցակայանում։ Ասում է՝ դա իրեն օգնում է, նրանց կարգադրագրի հիման վրա շտկում է լցակայանի գործունեությանը վերաբերող բացթողումները։ «Ինձ պետք է, որ իմ խախտումները վերացված լինեն»,- հայտնեց ձեռնարկատերը։ Նշեց նաև, որ մինչև 2024թ․–ը տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել, սակայն ոչ մի լուրջ խախտում չի արձանագրել։ Համայնքի ղեկավարի հետ հակադրվելուց հետո ՔՏՀԱ տեսչական մարմինը տարեկան երկու անգամ է ստուգում իրականացնում իր լցակայանում, և քանի որ խախտումները լրիվ վերացված չեն, կրկին տուգանում է։

Խախտումները թույլ չի տալիս վերացնել Արենի համայնքի ղեկավարը։

Սառա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930