Խորհրդային ժամանակաշրջանում կնքված համաձայնագիրը սահմանում է, որ գետը նախկին հուն վերադարձնելու աշխատանքներ կատարելու դեպքում կողմերը պետք է պարզապես տեղեկացնեն միմյանց։
Արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև պայմանագրային նման պարտավորություն չկա։
Ընդ որում` ամբարտակը պետք է կառուցվի ոչ թե Արաքսի վրա, այլ փաստացի գետի ափին։
Այս կապակցությամբ հարցում էինք ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։
Կարդացեք նաև
Գերատեսչությունից հայտնել են՝ քանի որ Արաքսը սահմանային գետ է, Հայաստանը որոշել է Թուրքիային ծանուցել գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների մասին։
«Համաձայնեցման գործընթացի ավարտից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն», – ասված է պատասխանում։
Նախարարությունը որպես այս ոլորտում Երևանի և Անկարայի միջև համագործակցության հիմք մատնանշել է դեռևս 1927 թվականին խորհրդային և թուրքական իշխանությունների միջև կնքված պայմանագիրը։
«1927թ. հունվարի 8-ին նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները Կարսում ստորագրել են Արաքս ու Ախուրյան գետերի ջրօգտագործման համաձայնագիրը, որը հայտնի է որպես ջրային կամ սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա: Կոնվենցիայի համաձայն՝ գետերի ջրերը բաշխվում են հավասարապես։ Համաձայնագիրը գործում է մինչ այժմ», – հայտնել է նախարարությունը։
Իսկ թե Հայաստանը որ կետի հիման վրա է համաձայնեցնում ամբարտակի կառուցումը, գերատեսչությունը չի նշել։
Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանը (այն ժամանակ` ԽՍՀՄ–ը) պարտավոր չէ համաձայնեցնել ամբարտակի կառուցումը, որը պետք է գետը վերադարձնի նախկին հուն։
Մասնավորապես վերոնշյալ կոնվենցիայի 7-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» Թուրքիային շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։
«Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող արհեստականորեն փոխել գետի թալվեգի (գետի հունի ամենախորը մասերը միացնող գիծ. խմբ.) ուղղությունը։ Եթե սահմանային գետերը շեղվում են հունից, երկու կողմերն էլ իրավասու են կարգավորման և ամրակայման աշխատանքներ իրականացնել նշված գետերի երկու ափերին՝ այդ մասին ժամանակին տեղեկացնելով մյուս կողմին»։
(Երկրների միջև համաձայնագիրը ֆրանսերեն է կնքվել):
Ի դեպ, նախարարությունը հրաժարվել է տրամադրել ամբարտակի կառուցման կոորդինատները՝ հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքին (և դա այն դեպքում, որ նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ):
Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ
Լուրն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում


















































