Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ կինը ուժ է, իսկ արժեքները` ուղեցույց». «Հայուհի» կանանց կենտրոնի բացման արարողությունը

Նոյեմբեր 15,2025 13:45

«Որտեղ կինը ուժ է, իսկ արժեքները` ուղեցույց». ահա այս կարգախոսով նոյեմբերի 14-ին մեկնարկեց «Հայուհի» կանանց կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը բոլոր հայ կանանց միավորելու, շարունակական սովորելու, ուժեղանալու և պարզապես ամուր համայնք ստեղծելու հարթակ և հնարավորություն է:

Հիմնադիր-տնօրեն Լիանա Մանուկյանն ընդգծում է ծրագրի նպատակը.  «Սա բարեգործական նախաձեռնություն է, որի նպատակն է հնարավորություն տալ մեր հայուհիներին ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, կերտել ինքնավստահ, կրթված և ակտիվ հայ կնոջ կերպար, ստեղծել մի անկյուն, որտեղ յուրաքանչյուր հայ կին կզգա իրեն գնահատված ու աջակցված, կկարողանա զարգանալ ու առաջ գնալ»:

Կենտրոնն ուշադրություն է դարձնում չորս հիմնական ուղղությունների` կրթություն և ինքնազարգացում, արվեստ և ինքնաարտահայտում, հոգեբանական աջակցություն և սոցիալական ուղղվածության ծրագրեր:

Հարցին, թե արդյոք արդեն կան ծրագրին գրանցված մասնակիցներ, տիկին Մանուկյանն արձագանքեց.

«Զարմանալի է, բայց արդեն ունենք շահառուներ: Բացումն այսօր է, բայց գործընկերներս տեղեկացրին, որ արդեն իսկ 100-ից ավելի հայուհի է գրանցվել»:

Ծրագրերի համակարգող Մարիամ Մարիկյանը ևս ընդգծեց կենտրոնի կարևորությունը, նշելով, որ կենտրոնը հնարավորություն կտա ստեղծել մի ուժեղ համայնք, որտեղ կանայք կկարողանան նեցուկ լինել միմյանց նաև կանացի սոլիդարություն դրսևորելով: Վերջինս նաև հավելեց, թե ինչ հմտություններ անվճար հիմունքներով կարող են ձեռք բերել կենտրոնում հայուհիները.

«Մենք ունենք վարպետաց և մասնագիտական դասընթացներ տարբեր ոլորտներում, օրինակ` վարսահարդարում, մատնահարդարում, կար ու ձև, անգլերեն, մեդիագրագիտություն, SMM  և այլն: Նաև շատ ողջունելի է, որ դեռևս չբացված, բայց մեր մասնակիցները ևս հանդես են գալիս իրենց պատրաստակամությամբ և տարբեր առաջարկներով»:

«Հայուհի» կանանց կենտրոնն իր գաղափարախոսությամբ մեկ հարկի տակ էր հավաքել բազմաթիվ կանանց, որոնք ևս մեծ ոգևորությամբ արտահայտում էին իրենց կարծիքը և ողջունում կենտրոնի գաղափարը:

«Կենտրոնի կարևորությունն ակնհայտ է, քանի որ, այնուամենայնիվ, կանանց հիմնահարցերով զբաղվողներն այնքան շատ չեն, որքան դրա կարիքը կա: Օրինակ` դպրոցներում ուսուցիչները մեծ մասամբ կանայք են, իսկ տնօրենը` տղամարդ, ու այսպես տարբեր կառույցներում: Եվ հենց այդ կարգի կենտրոնները դառնում են միջոց, դրդիչ ուժ, որ կինը զարգանա և դառնա ժամանակակից»,- իր խոսքում նշեց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

 

«Ինձ թվում է սրա կարիքը մենք ունեինք: Ուրախ եմ, որ այստեղ եմ ու սրա մի մասն եմ կազմում: Հուսամ, որ հետագայում համագործակցություններ կլինեն, ես պատրաստ եմ իմ ամբողջ ներուժն ու ռեսուրսները ներդնել մեր կանանց էլ ավելի քաջալերելու նպատակով»,- նշեց գործարար, բլոգեր Արմինա Լուչեթը (armina_luceat):

Վերջում հիմնադիր-տնօրեն Լիանա Մանուկյանը եզրափակեց իր խոսքը, նշելով. «Կիրթ, ինքնաբավ կինը կիրթ հասարակության հիմքն է»:

Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930