Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարապետյանը բանտում է, քանի որ իրացրել է իր խոսքի ազատության իրավունքը՝ պաշտպանելով Հայ առաքելական եկեղեցուն». քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչ

Նոյեմբեր 15,2025 19:40

«Եկեղեցու դեմ պետության արշավ». Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպն այսպես նկարագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կատարվող գործողություններն ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Փաստելու համար իր տեսակետը՝ Վելդքեմպը հիշեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները բանավոր հարձակումներ են կատարել Եկեղեցու դեմ, իշխանությունը ազատազրկման է ենթարկել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին եւ Տեր Գարեգին քահանա Արսենյանին։

Կալանավորված են նաեւ Եկեղեցու աջակից եւ բարերար Սամվել Կարապետյանը, Կաթողիկոսի եղբայրը եւ եղբորորդին եւ ՀԱԵ-ի եւս 22 աջակից։ Կալանավորներին Վելդքեմպը ենթադրյալ քաղբանտարկյալներ համարեց։

Կազմակերպությունը ցանկություն էր հայտնել հանդիպել կալանավորված հոգեւորականներին, Սամվել Կարապետյանին, մյուս կալանավորներին, ինչի համար դիմում էին ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն։

Դիմումը մերժվել է։ Նախարարությունից փոխանցել են՝ հարցն իրենց իրավասությունից դուրս է գտնվում։

«Մեզ հետ համագործակցող իրավաբանները, սակայն, մեզ տեղեկացնում են, որ դա այդպես չէ», — նշեց CSI ներկայացուցիչը, ավելացրեց՝ պատրաստվում են նախարարության ցուցումներին համահունչ եւս մեկ դիմում պատրաստել։

Այնուամենայնիվ, CSI-ից հանդիպել են կալանավորների փաստաբաններին եւ հարազատներին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին։

Սամվել Կարապետյանի մասով Վելդքեմպն ասաց՝ նա կալանավորվել է վարչապետ Փաշինյանի՝ ընդդեմ Եկեղեցու բանավոր հարձակումներից հետո Եկեղեցին պաշտպանող հրապարակային հայտարարության համար։

«Նրա ձերբակալությունը տեղի ունեցավ Կարապետյանին ուղղված՝ վարչապետի հրապարակավ սպառնալիքից հետո… Սա, կրկին, Հայաստանի արդարադատության համակարգում քաղաքական միջամտության ակնհայտ ցուցիչ է։ Նաեւ ակնհայտ է, որ պարոն Կարապետյանը բանտում է, քանի որ իրացրել է իր խոսքի ազատության իրավունքը՝ պաշտպանելով Հայ առաքելական եկեղեցուն»։

Բանախոսը նկատեց, որ Հայոց Հայրապետին գահընկեց անելու Նիկոլ Փաշինյանի արշավը սկիզբ առավ Նորին Սրբություն Գարեգին Բ-ի կողմից Շվեյցարիայում Արցախի ժողովրդի պաշտպանության մասին ելույթից ուղիղ չորս օր անց։

«Թույլ մի’ տվեք, որ ակնարկները շեղեն Ձեր ուշադրությունը։ Կենտրոնացեք փաստերի վրա», – ասաց Վելդքեմպը՝ անդրադառնալով Հայաստանում եւ Արեւմուտքում շրջանառվող չհիմնավորված պնդմանը, թե հայ մի շարք հոգեւորականներ «Կրեմլի գործակալներ են»։

Նրա խոսքով՝ վարչապետի միակ նպատակն է՝ «փոխել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին։ Հայկական իշխանությունները գործի են դրել կեղծված փաստեր՝ հոգեւորականներին եւ Եկեղեցու աջակիցներին բանտարկելու համար։ Հայկական իշխանությունները մարդկանց բանտարկում են՝ ազատ խոսքի իրավունքի իրացման համար։ Հայկական իշխանություններն ակնհայտորեն միջամտում են դատական գործերին»։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Վելդքեմպը հարկ համարեց նշել նաեւ, որ կուսակրոնության ուխտը ներեկեղեցական կարգավորում է։ Եթե խախտվել է եկեղեցական որեւէ կանոն, դա վարչապետի խնդիրը չէ։ «Հայաստանի Սահմանադրությունն է այդպես ասում», — ասաց նա։

Նա ահազանգեց. «Ամերիկացիներն, ինչպեսեւ հայերը, պետք է իմանան, որ Ռուսաստանի հետ կապակցված լինելու մեղադրանքները կառավարությունների եւ խորքային պետությունների համար բարձր արդյունավետությամբ միջոց են՝ այլախոհության ճնշման համար»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930