Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Վարդանյան. «Վստահեցնում եմ, որ եթե Սամվել Կարապետյանի որեւէ դատական նիստ հրապարակային անցկացվի, չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակում են հայտնվելու վարույթի հանրային մասնակիցները»

Նոյեմբեր 16,2025 00:09

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արշակ Վարդանյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ցանկացած միջնորդություն, որ քննվում է դատարանում, կանոնն այն է, որ եթե քննվում է կալանքի միջնորդություն, նիստն ընթանում է դռնփակ: Բայց կողմն իրավունք ունի բարձրացնել դռնբաց քննարկելու հնարավորություն: Եվ իրենք՝ որպես լիազորված անձ, մշտապես միջնորդում են: «Սակայն քննիչը, դատախազը, որպես կանոն, հրաժարվում, խուսափում են դրանից եւ դրա համար օբյեկտիվ պատճառ ունեն: Որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում նիստերի դահլիճում, վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար բավականին տպավորիչ է լինելու, թե սա ի՞նչ մեղադրանք է: Իսկ փողերի լվացման դրվագներն էլ մի առանձին երեւույթ են, որ քննիչի եւ հսկող դատախազի եզրահանգումները հասկանալու համար երեւի վերապատրաստում է պետք, որովհետեւ տրամաբանության կանոններից էլ են դուրս, ոչ միայն իրավաբանությունից: Ցավով եմ ասում, բայց այդպես է:

Ինչու ենք մենք հաջողել, որ փողերի լվացման դրվագներով դատարանները չեն կարողանում օբյեկտիվորեն ֆիքսել հիմնավոր կասկածը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ յուրաքանչյուր նիստում մենք դատարաններին փորձում ենք ներկայացնել այն փաստարկները, որով նախաքննական մարմինները կամ վարույթի հանրային մասնակիցները փորձում են ուղղակի մոլորեցնել: Ընդ որում, մոլորեցման այդ դեպքերը մեկ տասնյակից ավելի են: Մինչեւ վերջերս, մինչեւ վճռաբեկ դատարանի հայտնի դատական ակտը նոյեմբերի 13-ին, մենք կարողացել ենք չորս դատավորի դա համոզել: Երկարաձգման վերջին դատական նիստի ժամանակ քննիչը արդեն ավանդույթ դարձած մոտեցմամբ բերում է նույն մեղադրանքները, նույն փաստարկները նույնիսկ այն դեպքում, երբ որ այդ փաստարկների վերաբերյալ նիստի ժամանակ մենք ու նաեւ դատարանը այնպիսի հարցադրումներ ենք հնչեցնում, որ տրամաբանության շրջանակներում դրանց ուղղակի պատասխան չկա:

Երբ արդեն փաստի առաջ էինք կանգնած, երբ որ գլխավոր դատախազի բողոքն ընդունվեց վճռաբեկ դատարանում, մենք մի դիմում-միջնորդություն ներկայացրինք: Ասում ենք՝ առաջին երկու ատյաններում մենք հաղթել ենք, մեր փաստարկները դատավորները հաստատել են: Հիմա դուք մեր բողոքը չեք  ընդունում, ընդունել եք գլխավոր դատախազի տեղակալի բողոքը: Այս վեճի առարկան փաստն է, ոչ թե իրավունքի հետ կապված հարց է, այլ հիմնավոր կասկած կա՞ փողերի լվացման դրվագով, թե՞ չէ: Վճռաբեկ դատարանը երկու ռեժիմով կարող է բողոքները քննարկել.  ընդհանուր կանոնը գրավոր ընթացակարգն է, բայց իրավունք ունի նաեւ կողմի կարծիքը հաշվի առնելով՝ անցնել բանավորի: Մեր խնդրանքն էր, որ եթե դուք ընդունել եք  գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքը ու մերն էլ մերժել եք, նիստը քննարկեք բանավոր ընթացակարգով: Պատրաստ ենք գալ, ձեր հարցերին պատասխանել, պատրաստ ենք լսել նաեւ մյուս կողմին ուղղված ձեր հարցերը, որովհետեւ բանավորության անմիջականությունը էապես փոխում է ամեն ինչ: Եվ որոշումից մեկ օր առաջ, ինչպես պարոն Վարդեւանյանը ներկայացրեց, ստանում ենք պատասխան, որն, ըստ էության, մերժումն էր, որ գրավոր ընթացակարգով ենք անելու, դուք էլ ձեր որոշումը կարող եք ստանալ կամ հրապարակային ծանուցվելով, կամ էլ ձեզ կուղարկվի:

Բանավորությունը որ լիներ, պարոն Ֆերոյանի առաջարկած հրապարակային քննարկում, դիսկուրս՝ այս ամեն ինչը մեխանիկորեն վերանալու էր: Վստահեցնում եմ,  որ եթե որեւէ նիստ հրապարակային անցկացվի, լրագրողներ էլ չլինեն, այլ կողմնակի անձինք ներկա լինեն, չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակում են հայտնվելու վարույթի հանրային մասնակիցները, ինչ տպավորությունների տակ ենք հայտնվելու մենք եւ անկողմնակալ դիտորդները: Այս գաղտնիությունը, բոլորը զգուշացված են նախաքննական տվյալներով, պատահական չի:

Վստահեցնում եմ, որ վճռաբեկ դատարան ներկայացրած նյութերում որեւէ ողջամիտ փաստական, տվյալ չկա, որ Սամվել Կարապետյանը իրականացրել է կազմակերպչական կամ ղեկավարի ինչ-որ գործառույթներ կոնկրետ այդ իրավիճակում: Դատարանի որոշումը կայացված է այն առանցքի շուրջ, որ ասում է դա վարույթի հետագա խնդիր է:

Ինչ է ստացվում: Սամվել Կարապետյանը օբյեկտիվ կողմից որեւէ հանցագործության կատարման չի մասնակցել: Այսինքն, Սամվել Կարապետյանի հնարավոր առնչությունը  հանցագործություններին միայն կարող էր տեղի ունենալ հեռավար կազմակերպչի դիրքերով: Այսինքն, որ հանձնարարեր՝ գնացեք, այսպես արեք: Վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր կիրառելի լինել միայն այն դեպքում, եթե Սամվել Կարապետյանը ոչ միայն որպես կազմակերպիչ անմիջականորեն մասնակցեր որեւէ հանցագործության կատարման, ձեռքի հետ էլ կազմակերպեր, ցուցումներ տար եւ այլն: Այս դեպքում Սամվել Կարապետյանին վերագրվող արարքը կատարվել է հեռավար: Այսինքն, կապը ենթադրյալ հանցագործության հետ պետք է լինի հանցակցության կոնկրետ տեսակի առումով:

Հիմա եթե դու սա վերագրում ես, որ սա վարույթի հետագա խնդիր է, ստացվում է, որ ցանկացած հանցանքի համար մեկ ուրիշի կարելի է դիտարկել կազմակերպիչ, մեղադրանքի որոշման մեջ նշել կազմակերպիչ բառը առանց մեղադրանքի փաստական նկարագրությունը նշելու եւ այդ մարդուն տեւական ժամանակ պահել արգելանքի, կալանքի տակ մինչեւ նախաքննության ավարտը կամ մեղադրական կամ արդարացման վերդիկտ կայացնելը: Ես շուտվանից այս որակի դատական ակտ պատճառաբանվածության եւ հիմնավորվածության մասով եմ ասում, չեմ նկատել»,-ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930