Ըստ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի, Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունի 69866 անձ, փախստականները 60-ն են, այստեղ հաշված չեն Ղարաբաղից տեղահանված եւ ժամանակավոր պաշտպանություն ունեցող 2205 անձ։
«Հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, որ 10 տարով Հայաստանում լեգալ հիմքերով բնակվում են, ընդամենը 14-ն են, 573-ը օտարերկրացիներ են։ Մեր գրասենյակում էլ մի քանի անգամ ես ինքս ականատես եղա, որ բնակիչները բողոքում են, որ դիցուք Հնդկաստանի քաղաքացին ընտրելու իրավունք ունի, իրենք ոչ, ինչ-ինչ հանգամանքներով։ Այդ հանգամանքներից էին, օրինակ, որ սեփականատերը հաշվառումից հանել է, եւ անձը զրկվել է ընտրելու իրավունքից։ Ես նշեմ, որ այնպես է ստացվել, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք։ 573 օտարերկրացիներից 532-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, 16-ը Վրաստանի, ունենք նաեւ Իրանից եւ Ուկրաինայից քաղաքացի, որոնց թիվը 10-ից փոքր է»,–ասաց նա։
Ոլորտի պատասխանատուի խոսքով, ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել, դրանք ճշտվում են։ Այն դիտարկմանը, թե մարդիկ պարզել են, որ իրենց հասցեներում անծանոթ անձիք են գրանցվել, Նելլի Դավթյանն ասաց. «Այսօր ունեցել ենք իրավիճակ, երբ 1997 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարարության հիման վրա X հասցեում, եւ այլեւս սեփականատերը այդ օրվանից ի վեր մեզ դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլեւս իր տանը չեն ապրում, խնդրում եմ հանեք հաշվառումից։ Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլեւս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ 7 օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու եւ հաշվառումը փոխելու, բայց սա կենսունակ կարգավորում չէ»։
Ինչ վերաբերում է մահացած մարդկանց անունների առկայությանն ընտրացուցակներում, Նելլի Դավթյանի փաստմամբ, մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ «Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից՝ ԶԱԳՍ-ից։ Սակայն, եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նելլի Դավթյանը։
Կարդացեք նաև
Մասնավորապես նման դեպքեր արձանագրվում են, երբ քաղաքացու մահը գրանցվում է Հայաստանի սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։
«Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչեւ ընտանիքի անդամները ժառանգության հարցերով են զբաղվում եւ այդ ինֆորմացիան հայտնի է դառնում լիազոր մարմնին։ Հենց այս նպատակով ՆԳ նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տեւական ժամանակ մինչեւ ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար։ Բայց իհարկե 100 տոկոսանոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետեւ ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ»,– մասնավորապես նշեց Նելլի Դավթյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































