Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի մշակութային կառույցները կշարունակեն գործունեությունը, և կգա տունդարձի օրը»

Նոյեմբեր 16,2025 21:26

2023թ․ սեպտեմբերի վերջին եղավ ողբերգականը՝ հայաթափվեց Արցախը, և թվում էր՝ այլևս չեն գործելու երկրամասի հարուստ ավանդույթ ունեցող մշակութային կառույցները։ Բայց կային նվիրյալներ, ովքեր, չնայած դժվարություններին, խոչընդոտներին, հայրենիքի կորստի ցավին, փորձում էին արդեն Երևանում շարունակել գործունեությունը։ Ու այս նվիրյալներին եղան աջակիցներ, որոնցից է Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)՝ հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանի գլխավորությամբ։

Արդեն տեղեկացրել ենք՝ «Դիալոգ» ՀԿ-ի աջակցությամբ վերակազմավորվել են Արցախի մշակութային կառույցներից որոշները։ Նոյեմբերի 14-ին Երևանում՝ «Դիալոգ» ՀԿ կենտրոնում, տեղի ունեցավ կարևոր և գործնական հանդիպում արդեն վերակազմավորված մշակութային կառույցների ղեկավարների և Յ․ Նավոյանի հետ։ Տեղեկացնեմ՝ նույն «Դիալոգ»-ի աջակցությամբ, արցախահայությանը համախումբ պահելու գործում  մեծ աշխատանքներ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմը՝ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ։

Այս տարվա ընթացքում Մոսկվայում և Երևանում 5 անգամ համերգով հանդես է եկել «Արցախ» ջազ համույթը։

Հայաստանի թատերական գործիչների հետ կնքված համաձայնագրով «Դիալոգ»-ի աջակցությամբ վերակազմավորվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը նոյեմբերի 12-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդես եկավ առաջնախաղով։

Կազմակերպության կողմից աջակցություն է ստացել «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը, Օրերս «Դիալոգ»-ը համաձայնագիր է կնքել, և իր աջակցությամբ վերակազմավորվել են «Արցախի բալիկներ» համույթը և Արցախի պետական երգչախումբը՝ արդեն «Վարարակն» անվանումով։

Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի ճանաչված մտավորական, գրող Աշոտ Բեգլարյանը, «Քիրս» թիմի ղեկավար Զոյա Սարկիսյանը, «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը և «Դիալոգ»-ի ներկայացուցիչ Ելենա Շուլաևան։

 

Ողջունելով ներկաներին՝ Յ․ Նավոյանը հավաստիացրեց՝ կենտրոնը բոլորի համար է, և այստեղ տեղի են ունենում հանդիպումներ տարբեր կառույցների ներկայացուցիչների, գիտնականների, մտավորականների հետ։ Հավելեց նաև․ «Եթե 4-5-6 համակարգ առաջիկա մեկ տարում այստեղ կարողանան իրար օգնելով աշխատել, ուրեմն իզուր չէ մեր հանդիպումը։ Իսկ հանդիպման նպատակն է՝ յուրաքանչյուրը ներկայացնի իր անելիքը, ծրագրերը, նպատակները, որ իմանանք՝ փոխօգնության ինչ հնարավորություններ ունենք»։

Տեղեկացրեց նաև՝ Երևանում եղած օրերին ծանոթացել է Արցախի պետական երգչախմբի և «Արցախի բալիկներ» համույթի գործունեությանը, նրանց գեղարվեստական ղեկավարների՝ Արմինե Յախշիյանի և Գայանե Հարությունյանի հետ կնքել է աջակցության հուշագիր, մշակել ծրագրեր։ Երևանում ՀԱԵ Արցախի թեմի՝ Արցախի հայաթափումից հետո կատարած աշխատանքները ներկայացրեց թեմական խորհրդի գրասենյակի տնօրեն Մելանյա Բալայանը։

Հայտնեց՝ մի շարք կարևոր գործեր իրականացվել են «Դիալոգ»-ի աջակցությամբ։ Հետագա ծրագրերը ներկայացրեցին մշակութային խմբերի ղեկավարները։ Արցախ ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը տեղեկացրեց նվագախմբի մասին, որ բոլորը մեծ սիրով ու նվիրումով են աշխատել ու շարունակելու են՝ ստանալով «Դիալոգ»-ի աջակցությունը։

Ասաց՝ 1 տարի համույթը պահելուց հետո արդեն որոշել էր հրաժեշտ տալ, քանի որ հնարավոր չէր առանց աջակցության պահել։ Ու եղավ Յ․ Նավոյանի օգնությունը, որի շնորհիվ ինքը վերապրել է։ Իսկ 4 ամսվա ընթացքում ունենալ 5 համերգ, 2-ը՝ Մոսկվայում, դա աներևակայելի էր։

Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը կարևորեց «Դիալոգ»-ի ու Հայաստանի թատերական գործիչների միության համատեղ կնքած հուշագիրը, որով էլ վերակազմավորվեց Արցախի մայր թատրոնը։

«Դիզակ ԱՐՏ»-ի համահիմնադիր, Երազիկ Հայրիյանը տեղեկացրեց՝ 2020թ․ սեպտեմբերի վերջին, երբ հայաթափվեց Հադրութի շրջանը, և հադրութցիները բնակություն հաստատեցին ՀՀ տարբեր բնակավայրերում, ինքը, Գայանե Բուդաղյանն ու Լիաննա Պետրոսյանը  հիմնեցին կենտրոնը, որը գործում է 2021 թ․ մարտի 1-ից։ Այդ 5 տարիների ընթացքում ունեցել են հաջողություններ, եղել են դժվար պահեր, սակայն այսօր կենտրոնն ունի մոտ 160 սան Երևանի և Աբովյանի մասնաճյուղերում։

Կենտրոնի նոր ժամանակների կարևոր միջոցառումներից առանձնացրեց «Դիզակի գույները» նկարչական փառատոնը, որն անցկացրել են այս տարի՝ շարունակելով ավանդույթը։ Հատուկ ընտրել են Ճամբարակի տարածքը՝ բնությունը նմանեցնելով Հադրութի բնաշխարհին։ 1989 թ․ հիմնադրված «Արցախի բալիկներ» համույթի ղեկավար Գայանե Հարությունյանը նույնպես վհատված է եղել, բայց «Դիալոգ»-ի աջակցությունը ոգևորել է, 2026 թ․ հունվարի 25-ին կունենան համերգ։ Արցախի պետական երգչախումբը հիմնադրվել է 1990թ․, 7 տարի անց ստացել է պետական կարգավիճակ։ Համույթի ղեկավար Արմինե Յախշիյանը նույնպես հակիրճ ներկայացրեց համույթի անցած ճանապարհը․ բացի Արցախից, երգչախումբը համերգներով հանդես է եկել ՀՀ-ում, արտերկրում։

Միջազգային մրցույթներում դարձել է մրցանակակիր։ Առաջիկայում նախատեսած է ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները։ «Քիրս» վարպետաց թիմի ղեկավար Զոյա Սարկիսյանը տեղեկացրեց «Դիալոգ»-ի կենտրոնում արդեն վարպետաց 6 դաս են անցկացրել։ Նշեց՝ ձեռքի աշխատանքների վարպետ, 3 որդիների մայր Մարա Աղայանի եղբայրն ու ամուսինը զոհվել են 2023թ․ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի ժամանակ։ Եվ նա այսօր ապրում է՝ աշխատելով երեխաների հետ։ Արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանը բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի որդին է։

Մասնակից է եղել Արցախյան բոլոր պատերազմներին, տեղեկացրեց՝ իր ստեղծագործությունը հիմնականում պատերազմի մասին է, հերոսները՝ նույն պատերազմի մասնակից իրական դեմքեր են։ «Դիալոգ»-ի աջակցությամբ նրա գրքերը տպագրվել են նաև Մոսկվայում։ Հավելեց նաև՝ ինքն Աստծով է ապրում․ առաջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել է Դրնբոնի մարտերում։

«Աստծուն խնդրեցի՝ թող ապրեմ, ու ապրեցի», հուզված ասաց նա։ «Դիալոգ»-ի ներկայացուցիչ Ելենա Շուլանովան առաջին անգամ Արցախում եղել է 2010 թվականին։ Այցելել է Հադրութի շրջան, շրջել գյուղերում, հիշում է Առաքյուլ գյուղի մարդկանց, կարևորեց արցախյան մշակույթի պահպանումը։ Անդրադարձավ «Դիալոգ»-ի ինֆորմացիոն կապերին։ Բոլոր ելույթ ունեցողները շնորհակալություն հայտնեցին Յ․ Նավոյանին՝ «Դիալոգ»-ը համարելով Արցախի մշակույթի նախարարություն։

«Մերան» թերթի մասին ներկայացրեց տողերիս հեղինակը։ Նշեմ՝ կա նպատակ ռուսերեն և այլ լեզուներով հրատարակել իմ հեղինակած «Հայոց Քաշաթաղ» գիրքը։ Յ․ Նավոյանը հավաստիացրեց՝ կաջակցի այդ հարցում։ Հանդիպումն ավարտվեց հավատով՝ Արցախի մշակութային կառույցները կշարունակեն գործունեությունը, և կգա տունդարձի օրը։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930