«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկին Հակոբյան, Բաքվում ընթացող շինծու «դատավարության» շրջանակներում դատախազը պահանջել է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս գերիներին։ Սա սպասվա՞ծ հանգուցալուծում է, եւ ի՞նչ պետք է անել։
-Այն, որ այս գործընթացն ամբողջությամբ կեղծ ու շինծու է, մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ է իրականացվում, փաստ է։ Մարդիկ նույնիսկ ամենատարրական իրավունքներից զրկված են։ Բայց նաեւ կանխատեսելի էր այս ընթացքը, երբ ամենաթողության պայմաններում է սա արվում։ Մենք տեսնում ենք՝ երբեմն-երբեմն միջազգային հարթակներից արձագանք է լինում այս առումով, նաեւ մեր ներքին հանրային ըմբոստությունը կա, բայց սա տեսանելի ու ընկալելի չէ աշխարհի համար, որովհետեւ դրան զուգահեռ կեղծ գործընթաց տանողները, այսինքն՝ Բաքուն իր ողջ քարոզչամեքենան աշխատեցնում է ի վնաս մեր հայրենակիցների։ Եվ Բաքուն կարողանում է այդ կեղծ գործընթացն իրական գործընթացի ներքո մատուցել աշխարհին։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում, որովհետեւ ամենաթողության պայմաններ են, սա ասելով՝ նաեւ նկատի ունեմ Հայաստանի կողմից այդ առումով արձագանքն ու պրոցեսները՝ բացարձակ զրո գործընթաց, լռություն։ Ըստ օդում կախված լուրերի, ըստ մեր հայթայթած տեղեկատվության՝ այդ ուղղությամբ արվում է լրիվ հակառակը։ Այսինքն՝ այսօր ՀՀ իշխանություններն այն դիրքավորումն ունեն, որով ցուցադրում են Բաքվին ու միջազգային կառույցներին, որ իրենք շահագրգռված չեն մեր հայրենակիցների ազատության համար։ Այսինքն՝ նույնիսկ իրենց համար նպաստավոր է այն, ինչ տեղի է ունենում Բաքվում։ Սա այն կանխատեսելի ելքն էր, որը կարելի էր ունենալ։
Միջազգային հարթակներում մեր գործադրած երեւացող եւ չերեւացող բոլոր ջանքերին ի պատասխան՝ մենք միշտ ստացել ենք այսպիսի արձագանք, որ այդ գործընթացը կկարողանա ոչ քաղաքական, հումանիտար հարթակում որեւէ դրական ուղղություն ու ընթացք ստանալ միայն այն պարագայում, երբ գործընթացում ներառված կլինեն կամ որպես գործող կողմ կլինեն ՀՀ իշխանությունները։ Հակառակ դեպքում, բացի մարդասիրական հայտարարություններից, այլ բան չի կարող տեղի ունենալ։
Կարդացեք նաև
-Բայց ՀՀ իշխանություններն ասում են, որ մշտական աշխատանք են տանում հայ գերիների վերադարձի հարցով, դուք այլ տեղեկատվությո՞ւն ունեք։
-Այս իշխանություններն ամեն ինչի մասին էլ ասում են, բայց մենք գործուն որեւէ քայլ չենք տեսել ոչ արտաքին քաղաքականության մեջ, ոչ ներքին։ Մենք բազմիցս փաստել ենք, որ Հայաստանում կան իշխանություններ, որոնք գործում են միայն վիրտուալ հարթակում։ Իսկ վիրտուալ հարթակն ու իրական կյանքը դրանք լրիվ իրար հակառակ զուգահեռներ են, որոնք հատում չունեն։ Այս դեպքում եւս սա այն գործընթացն է, որը չի կարող տարբերվել մնացած գործընթացներից, չնայած ունի մեկ առավելություն՝ այն հումանիտար խնդիր է, ոչ քաղաքական։ Եվ այն քաղաքական պրոցեսները, որոնց մասին խոսում են այս իշխանությունները, ընդհուպ մինչեւ իբր թե խաղաղության հաստատված օրակարգ կա, այս պարագայում արդյոք բոլորի համար տարօրինակ ու տարակուսելի՞ չէ այն հանգամանքը, որ Բաքվում մենք դեռեւս գերեվարված ու պատանդառված հայրենակիցներ ունենք։ Եթե իրենց տված ինֆորմացիան ճիշտ է, որ իրենք աշխատանք են տանում այդ ուղղությամբ, այս պրոցեսը վաղուց պետք է ավարտված լիներ, եւ մեր հայրենակիցները գոնե մինչեւ օգոստոսի 8-ն արդեն իրենց տներում պետք է եղած լինեին։ Հակառակ դեպքում խոսքին որպես հակադրում փաստերն են։ Եվ ամենացցուն փաստն այն է, որ մեր հայրենակիցներին դատապարտում են ցմահ, 16, 19, 20 տարվա ազատազրկման։
-Ճիշտ աշխատանքի դեպքում հնարավո՞ր է հասնել նրան, որ հայ գերիները վերադարձվեն, դուք այդ հնարավորությունն այսօրվա պայմաններում տեսնո՞ւմ եք։
-Իհարկե, հնարավոր է։ Նույնիսկ, եթե մենք չենք ընդդիմանում իրենց կեղծ քաղաքական օրակարգին, դա ընդունում ենք որպես պրոցես, որը ենթադրենք միակ փրկությունն է ներկայիս իրավիճակում, շատ լավ, ընդունեցինք դա, բայց մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ նախքան այդ գործընթացների նախաստորագրումը, հումանիտար բոլոր խնդիրները պետք է լուծված լինեին։ Ինչու չէ, նաեւ պետք է մինչ այդ բարձրացված լիներ արցախցիների իրավունքների հարցը։ Գերիների եւ պատանդառված անձանց շուտափույթ ու առանց պայմանների ազատմանը զուգահեռ պետք է բարձրացվեր եւ օրակարգային հարց լիներ արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը։ Բնականաբար, այդ հարցերը չկան այս իշխանությունների օրակարգում։ Մնում է ենթադրել, որ այդ ուղղությամբ որեւէ աշխատանք կամ չի արվում, կամ արվում է վատթարագույնը, այսինքն՝ արվում է հակառակը։ Հետեւաբար, այո, մեր շփումների ու ստացած ինֆորմացիայի արդյունքում կարողանում ենք եզրակացություններ անել։ Ակնհայտ է, որ բոլորի մոտ հակասական կարծիքներ կան այն առումով, որ տարօրինակ է, որ այսօր ՀՀ իշխանությունները հերքում են այդ բոլոր միջազգային իրավունքները։ Այն է՝ ցանկացած քաղաքական գործընթացից առաջ, առավել եւս խաղաղության օրակարգի կնքումից առաջ հումանիտար հարցերի լուծում, նաեւ արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունք։
-Այսինքն՝ սա փաստում է, որ ոչ մի խաղաղության օրակարագ էլ չկա՞։
-Իրականում, այո, չկա խաղաղության օրակարգ։ Դրանք կեղծ թեզեր են, որոնք այս իշխանությունները որպես նախընտրական ծրագիր դատարակ ծրարներով բաժանում կամ վաճառում են ժողովրդին։ Այստեղ իրական որեւէ գործընթաց չկա, այնպես, ինչպես տարիներ առաջ էլի դատարակ ծրարներով ժողովրդին բաժանեցին Արցախի հանձնված տարածքների դեօկուպացիայի մասին խոստումները։ Իրականում եղավ դրա հակառակ պրոցեսը։ Իսկ ինչո՞ւ մենք պիտի հակված չլինենք կարծելու, որ հենց այդ «խաղաղության» օրակարգի հակառակ պրոցեսն է սպասվում։ Եվ սրանով մոլորեցնում ու հանգստացնում են ժողովրդին այդ սարսափելի պրոցեսներից առաջ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2025


















































