«Գրքում շատ է խոսվում անկախության մասին, եւ կա մի հարցադրում, որն այսօր գուցե անհեթեթ է հնչում, բայց ժամանակին դա շատ լուրջ քննարկման ենթակա էր, որովհետեւ ըստ Աղասի Այվազյանի՝ ժամանակին կային մարդիկ, ովքեր դեմ էին անկախությանը։ Անկախության դեմ խոսող որեւէ անհատ պարզապես ատրճանակը քունքին դրած՝ ինքնասպանի մեկն է։
Դրանով հանդերձ՝ Այվազյանը բացում էր անկախության գեղագիտությունը, անկախության հետագան, որից պիտի ազգը շահեր», հրապարակագիր, լրագրող Անահիտ Եսայանի «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ» նոր ժողովածուի շնորհանդեսի ժամանակ (կայացավ նոյեմբերի 8-ին Երեւանի կամերային պետական թատրոնում), ասաց խմբագիր, գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը:
Անահիտ Եսայանի «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ» գիրքը նվիրվում է Աղասի Այվազյանի 100-ամյա հոբելյանին: Այն առաջին անգամ հրատարակվել է 2013 թվականին, ուր ներկայացված էին Ա.Եսայանի «Զրույցները»՝ Աղասի Այվազյանի հետ:
«Այս նոր գիրքն ունի առավելություններ, որովհետեւ այստեղ զետեղված են նաեւ Աղասի Այվազյանի վերջին երկու նովելը՝ «Զանգվածեղ Տարոնը» եւ «Ուրիշի կյանքը» վերնագրերի ներքո, ինչպես նաեւ՝ Անահիտ Եսայանի շատ ուշագրավ ու նուրբ գրականագիտական վերլուծությունները, որ կցանկանայի բոլորդ կարդաք»,-ասաց Վահագն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ապա շարունակեց. «Այստեղ նստած են մեր հայտնի ճարտարապետները, որոնք շփվել են Աղասի Այվազյանի հետ, ստացել են նրանից կարեւոր ազդակներ՝ այն ընթացքում, երբ կառուցում էին Հյուսիսային պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս ամենի մեջ մեծ է եղել Աղասի Այվազյանի ոգեշնչումը, մարդկանց ուժ տալը՝ որ մարդիկ մտածեն եւ տեսնեն՝ մենք մեծ քայլ անելու ունակ, մեծ քաղաքի ազգ ենք։ Մի տեղ նույնիսկ խոսում է, որ մենք չենք ստեղծել մեր քաղքենիական խավը, այն, ըստ էության, մնաց սովետական երկրից ժառանգածը, արդյունքում՝ հայերը շատ հեշտ լքեցին Հայաստանը, Երեւանը՝ ռուսահայից դառնալով՝ ամերիկահայ եւ մնալով խորհրդային քաղքենիական վերաբերմունքի շրջանակում: Մինչդեռ, մեր քաղքենիական դասը, ըստ նրա՝ ՄՇՏԱԲՆԱԿԸ եթե մենք տեղում ստեղծեինք, բոլորովին այլ կլիներ»։
Իր համառոտ խոսքում ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը նշեց այն անուրանալի դերի մասին, որ խաղացել է մեծ մտավորականն իր խորհուրդներով, իր քաղաքացիական կեցվածքով, Երեւանի ճարտարապետական անձնագրի նկատմամբ ունեցած առանձնահատուկ մոտեցումներով:
Ըստ գրականագետ, թարգմանիչ ու բանաստեղծ Ներսես Աթաբեկյանի՝ «Կարեւոր դեր է կատարում Անահիտ Եսայանը, ով Աղասի Այվազյանի հետ իր զրույցներով կարողացել է ոչ միայն խոսեցնել Ագ Այվազյանին, այլեւ՝ բացել է հիմնական ասելիքը…
Ես աշխատել եմ ժուռնալիստիկայի ասպարեզում եւ հրաշալի գիտեմ, թե՝ ինչքան կարեւոր է ժուռնալիստի պահվածքը, հարցադրումը, զրուցակցի հետ շփվելու կարողությունը, հետո՝ տեքստը պատրաստելը։ Ժուռնալիստը կարող է մի նախադասությամբ ողջ ուշադրությունը սեւեռի իր զրուցակցի գլխավոր ասելիքի վրա եւ կարող է (կան նաեւ այդպիսի ժուռնալիստներ) վրիպել այդտեղ ու ընդհանրապես, այդ հարցազրույցը դառնա ոչինչ։ Անահիտը փայլուն է անում գլխավոր կետերին մատը դնելու խնդիրը»։
Գրքում ներկայացված են Աղասի Այվազյանի հետ հեղինակի հարցազրույցները, որոնք տպագրվել են 1999-2007թթ. «Հայոց աշխարհ» օրաթերթում. «Երկիր ունենալու տառապանքն ու բաղձանքը», «Լավը տես», «Երկրի մարդիկ եղեք», «Ապագայի հանդեպ պատմակշիռ հայացք», «Այս աղմուկն իմաստ չունի»…
Գրքում ամփոփված են նաեւ մեր անվանի մտավորականների գնահատանքի խոսքերը` արվեսատաբան Հենրիկ Իգիթյանի, արվեսատաբան Պողոս Հայթայանի, կինոգետ Դավիթ Մուրադյանի, գրականագետ Գուրգեն Գասպարյանի, ճարտապետ Նարեկ Սարգսյանի:
Անահիտ Եսայանը ներկայացնելով Այվազյանին, գրքի առաջաբանում գրել էր. «Այլ են հարցազրույցները, որոնք հստակ եւ կոնկրետ ժաանակ են ցուցանում, եւ անդրադառնալով ժամանակի կարեւոր իրադարձություններին, գործընթացներին եւ երեւույթներին, բնականաբար, նաեւ ներառում են ստեղծագործողի ապրած կյանքի ընդհանրացումները: Աղասի Այվազյանի հետ իմ բազմաթիվ զրույցների ամբողջությունն է այս գիրքը, թեման բազմազան է, քանզի գեղագետն իրենից առաջ, իր շուրջը, իր կողքին տեղի ունեցող ցանկացած երեւույթի վերաբերյալ ունի ուրույն տեսակետ, ինչպես ինքն է սիրում ասել` ՊԱՏՄԱԿՇԻՌ ՀԱՅԱՑՔ, որն, ի դեպ, ոչ միայն սռեղծագործողի հայացք է, այլեւ`քաղաքացու»:
Գրքում կան բացառիկ լուսանկարներ, նաեւ իր նկարներից:
Շնորհանդեսին գովելի է, որ հրավիրված էին դպրոցների տնօրեններ ,ուսուցիչներ, մի բան որ հազվադեպ ես տեսնում այլ շնորհանդեսներին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2025


















































