Եվրոպայի խորհուրդը կոչ է անում հավաքագրել ավելի արդյունավետ տվյալներ՝ հանցագործությանը հակազդելու համար
Ստրասբուրգ, 17.11.2025 – Նախքան նոյեմբերի 18-ին նշվող Սեռական շահագործման և սեռական բռնության դեմ երեխաների պաշտպանության օրը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ընդգծեց տարբեր աղբյուրներից տվյալների հավաքագրման կարևորությունը՝ ներառյալ կրթական և առողջապահական ոլորտները, թեժ գծերն ու երեխաների պաշտպանության ծառայությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և հենց երեխաները։ Այս տվյալները կարևոր նշանակություն ունեն ավելի լավ քաղաքականություններ մշակելու, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և սեռական բռնությունը կանխելու համար։
«Երեխաներին պաշտպանելու և հանցագործներին կանգնեցնելու մեր գործողությունները պետք է հիմնված լինեն ապացույցների վրա, որպեսզի արդյունավետ լինեն»,– ընդգծեց Գլխավոր քարտուղարը։ «Շատ երկրներ դեռևս հավաքագրում են միայն հիմնարար քրեական դատաքննության տվյալներ կամ բավարար չափով չեն օգտագործում դրանք։ Փաստերն ու թվերը չպետք է անշարժ մնան զեկույցներում՝ դրանք պետք է հասնեն քաղաքականություն մշակողներին՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Տվյալների հավաքագրումը դրական առաջին քայլ է և արժանի ներդրում»։
Լանզարոտեի կոմիտեի՝ տվյալների հավաքագրման մեխանիզմների վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցի եզրակացությունները նշում են, որ անհրաժեշտ է օգտվել նաև քրեական վիճակագրությունից դուրս գտնվող աղբյուրներից։ Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների շատ դեպքեր մնում են չհայտարարված։ Տեղեկատվության այս բացը լրացնելու համար պահանջվում է բազմաթիվ դերակատարների ներգրավում։ Երեխաների պաշտպանության ծառայությունները, բազմաբնույթ կենտրոնները (օրինակ՝ Բարնահուս), մանկավարժները և առողջապահության մասնագետները կարող են հավաքել արժեքավոր տվյալներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալու երեխայի նկատմամբ սեռական բռնության և շահագործման բնույթն ու պատճառները և պատրաստելու համապատասխան արձագանք։
Կարդացեք նաև
Երեխաները այն շահառուներն են, ում պաշտպանելու համար մշակվում են քաղաքականությունները, և հենց նրանք կարող են մեզ կարևոր պատկերացում տալ իրենց առջև ծառացած ռիսկերի, իրականության և այն մոտեցումների մասին, որոնք արդյունավետ են կամ՝ ոչ։ Համագործակցությունը քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են երեխաների պաշտպանության մեջ, կարող է զգալիորեն բարձրացնել հավաքագրվող տվյալների որակը։ Ազգային և տեղական դերակատարների կողմից հավաքված տվյալների համար միասնական հարթակի ստեղծումը կարող է ևս ավելի արդյունավետ դարձնել համակարգումը։ Այդ իրականությանը հասնելու համար տվյալների հավաքագրման բոլոր կետերը պետք է համաձայնեցնեն դասակարգման միատեսակ մեթոդներ՝ կրկնություններից և անհամապատասխանություններից խուսափելու համար։
Լանզարոտեի կոնվենցիայի կողմ պետություններում տվյալների հավաքագրման մեխանիզմների ուժեղացումը կլինի 18 նոյեմբերին Քիշինևում կազմակերպվող կարողությունների զարգացման համաժողովի հիմնական թեման։ Սա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մոլդովայի նախագահության շրջանակներում կազմակերպված առաջին մեծ միջոցառումն է։
2015թ․ Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած Սեռական շահագործման և սեռական բռնության դեմ երեխաների պաշտպանության օրվա նպատակներն են երեխաների նկատմամբ սեռական շահագործման ու բռնության շուրջ իրազեկվածության բարձրացում և բաց քննարկումներ՝ վերջ դնելու զոհերի և բռնություն վերապրածերի ստիգմատիզացիային։ Օրը նշելու համար կարող են գործել բոլորը՝ երեխաներ, ծնողներ, զոհեր ու ողջ մնացածներ, իշխանություններ, երեխաների հետ աշխատող մասնագետներ (մանկավարժներ, մարզիչներ), ոստիկանություն, ՀԿ-ներ և մասնավոր հատված։
Օրվա շրջանակում նախատեսված միջոցառումները Եվրոպայում և դրանից դուրս․
- Հայաստանը կհամախմբի ինստիտուցիոնալ դերակատարներին և քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու երեխաների պաշտպանության հարցերը սեռական հանցագործություններից, ներառյալ՝ ՄԻԵԴ-ի վերջին վճիռների համատեքստում։
- Վրաստանում տարբեր շրջանների տաս դպրոցներ սոցիալական աշխատողների մասնակցությամբ կանցկացնեն տեղեկատվական և կրթական հանդիպումներ՝ կենտրոնանալով բռնության, ներառյալ սեռական բռնության ճանաչման և հաղթահարման վրա, ինչպես նաև խտրականության և հանդուրժողականության խնդիրների։
- Իտալիայում, Il Telefono Azzurro ETS հիմնադրամը 2025թ. նոյեմբերի 18-ին կանցկացնի «Ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների միջոցով սեռական շահագործումից երեխաների պաշտպանության ամրապնդում։ Գիտելիք գործողության համար. կանխարգելում, պաշտպանություն և արդարադատություն յուրաքանչյուր երեխայի և պատանու համար» խորագրով համաժողով։
- Մարոկկոն կանցկացնի ազգային համաժողով երեխաների սեռական շահագործման թեմայով առցանց միջավայրում՝ կենտրոնանալով արհեստական բանականությանը առնչվող նոր մարտահրավերների վրա։
- Մոլդովայի Հանրապետությունը մեկնարկում է ազգային իրազեկման արշավ՝ մասնագետներին տեղեկացնելու երեխաների սեռական շահագործման և բռնության բացահայտման ու հաղորդման իրավական և ընթացակարգային մեխանիզմների մասին, ինչպես նաև աջակցող ծառայությունների խթանման նպատակով։
- Հյուսիսային Մակեդոնիան սկսում է իրազեկման արշավ, որի հիմքն է Եվրոպայի խորհրդի «ՀԻՆԳԻՑ ՄԵԿԸ» արշավը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանգնեցնելու համար նախատեսված և երեխաների համար մատչելի նյութեր։
- Պորտուգալիան հրապարակում է երեխաների համար մատչելի տպագիր նյութերի ընտրանի․ «Կիկոն և մենիմեսը»՝ 4–7 տարեկան երեխաների համար առցանց անվտանգ և գաղտնիության պաշտպանությանը վերաբերող; «Պատմիր մեկին, ում վստահում ես»՝ 9–13 տարեկանների համար՝ վստահության շրջանակում սեռական բռնության մասին; և «Այս ինչ է՝ սեռական բռնությո՞ւն»՝ 12+ տարիքային խմբի համար՝ օգնելու հասկանալ, ինչպես նկատել, հայտնել և օգնություն ստանալ սեռական բռնության իրավիճակներում, հատկապես՝ ոչ պատշաճ կամ բացահայտ առցանց բովանդակության դեպքում։ Պորտուգալիայի երեխաների և երիտասարդների իրավունքների խթանման և պաշտպանության ազգային հանձնաժողովը Լիսաբոնի դպրոցներում կանցկացնի իրազեկման միջոցառում։
Եվրոպոլը գործարկում է «Help4U» առցանց հարթակը՝ նախատեսված ռիսկային իրավիճակներում օգնություն որոնող երեխաներին աջակցություն տրամադրելու համար։
Եվրոպայի խորհրդի Մամուլի հետ կապերին դեպարտամենտ


















































