Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոռացում չկա». համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակին

Նոյեմբեր 17,2025 15:48

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ռադիոյի էստրադայինսիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ կայացել է հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ «Մոռացում չկա» խորագրով

Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա կարևորել է հայ կոմպոզիտորական արվեստի տարածումն ու հանրահռչակումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նախարարի տեղակալի խոսքով՝ հոբելյանները  հրաշալի հնարավորություն են՝ մեկ անգամ ևս անդրադառնալու հայ կոմպոզիտորներին և հնչեցնելու նրանց ստեղծագործությունները: Նա բարձր է գնահատել հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը և ընդգծել, որ կոմպոզիտորի բեղուն գործունեության հիմքում և ոգեշնչման առանցքում մշտապես եղել է Հայաստանը:

Հոբելյանական համերգի ընթացքում հնչել են Ալեքսանդր Աճեմյանի հեղինակած ստեղծագործությունները՝  ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի կատարումներով։ Ելույթ են ունեցել նաև Արթուր Իսպիրյանը, Սևակ Մուսախանյանը, Զարուհի Բաբայանը, Ելենա Մուրադյանը, Լուսինե Կչոզյանը, Արման Վարդանյանը, Նաիրա Մանուչարյանը: Համերգին մասնակցել է նաև Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը:

Համերգային երեկոն ընթացել է Հայաստանի ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:

Ալեքանդր Աճեմյանը հեղինակ է հինգ սիմֆոնիաների, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի սիմֆոնիաներ՝ «Սասունցի Դավիթ» (5-րդ, 1955-84 թթ.), «Յոթ երգ Հայաստանի մասին»` ըստ Գևորգ Էմինի (6-րդ, 1979 թ.)։ Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ» (1984 թ.), «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարքը (1969 թ.), «Լորիկը», «Երևանը» սիմֆոնիաները, «Ռեքվիեմ», պոեմ-ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1957 թ.), բալետային սյուիտ (1961 թ.), կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար (1949 թ.), կոնցերտինո շեփորի և դաշնամուրի համար (1951 թ.), սիմֆոնիկ և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք, ռոմանսներ, երգեր, երաժշտություն՝ թատերական ներկայացումների և կինոնկարների համար։

Ալեքսանդր Աճեմյանը հայ առաջինն երաժիշտն է, որը սիմֆոնիկ նվագախումբ է մտցրել մարդկային ձայն՝ սոպրանո (օրինակ՝ կոմպոզիտորի երկրորդ սիմֆոնիան)։

Կոմպոզիտորը 1975 թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1965 թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984 թ.՝ Ժողովրդական արտիստի կոչման։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930