Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է Անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան

Նոյեմբեր 17,2025 20:30

2025 թվականի նոյեմբերի 13-ին իրավապահների կողմից խուզարկվել է AntiFake.am լրատվական հարթակի գրասենյակը, որի արդյունքում առգրավվել է լրատվականի եթերային ու առօրյա գործունեությունն ապահովող տեխնիկայի գերակշիռ մասը։

Մասնավորապես՝ վերցվել են բոլոր համակարգիչները, պոդքաստի միկրոֆոնները, առկա բոլոր տեսախցիկները, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանիներն ու ստենդները, նկարահանող դրոնները, մարտկոցները և դրանց լիցքավորիչները, կրիչներ, լարեր, ուղիղ եթերի հեռարձակման ամբողջ տեխնիկան, աուդիո միքշերային վահանակը և այլն, ինչի հետևանքով լրատվամիջոցի աշխատանքը դարձվել է փաստացի անհնար։

Ինչպես երևում է վերոհիշյալից, առգրավված սարքավորումների առնվազն մի մասը, եթե ոչ մեծամասնությունը, իրենց բնույթով նույնիսկ ինֆորմացիայի կրիչներ չեն: Ավելին, խուզարկության հիմք ծառայած ենթադրյալ հանցագործության բնույթից ելնելով, առգրավված սարքավորումները չեն կարող լինել իրեղեն ապացույց, հետևաբար դրանց առգրավումը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցի աշխատանքը առերևույթ պարալիզացնելու, Հայաստանում նախադեպը չունեցող գործելակերպ։

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմքային արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․

* Անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան` նրա բնականոն գործունեությունը հնարավոր դարձնելու նպատակով։

* Ապագայում ևս բացառել լրատվամիջոցների տեխնիկական ամբողջական պարալիզացումը՝ որևէ վարույթի շրջանակում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել AntiFake.am լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։

 

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930