Օրբելյան տոհմի Ջալալյան ճյուղի շինարարական գործունեության կարևոր հիշատակարանը Զինճիրլի Սուրբ Կարապետ վանական համալիրն է։ Զինճիրլի լեռնաշղթան Փոքր Կովկասի Գեղամա լեռների ավարտն է, այժմ` Ուրծի լեռներ։ Հավանական է, որ նախկին Զնջռլու գյուղատեղիի անունը ծագում է համանուն լեռնաշղթայի անունից։
Սուրբ Կարապետ վանքը բաղկացած է երեք կառույցներից։ Բուն տաճարը, ըստ արձանագրության, Սուրբ Սպիտակավոր Աստվածածնի անունով կառուցված սպիտակ գույնի տեղական քարով եկեղեցին է։
Ըստ արձանագրության՝ եկեղեցու կառուցումը ավարտվել է 1301թ-ին։ Եկեղեցու հարավ- արևմուտքում Օրբելյանների տոհմական տապանատունն է, հաջորդ կառույցը երկհարկ դամբարանն է։ Վերոգրյալ շինությունները կառուցվել են սպիտակ գույնի քարով, որի պատճառով վանքը կոչվել է նաև Սպիտակավոր։
1995թ-ին ՀՀ մի շարք գիտական կենտրոնների աշխատակիցների՝ ՀՀ հուշարձանների պահպանության վարչության, ՀՀ ԳԱ Հնագիտական ազգագրության ինստիտուտի, ՀՀ ազգային սեյսմիկ անվտանգության ծառայության Ինժպրոեկտ ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի մասնակցությամբ ուսումնասիրություններ և պեղման աշխատանքներ են կատարվել կառույցների հիմքերի տարբեր հատվածներում, ստուգողական շուրֆեր են կատարվել քարի և շաղախի ուսումնասիրությունների համար։
Այս աշխատանքները նպատակ են ունեցել պարզել երկրաշարժերի (1783-թ․, 1827թ․, 1840թ․, 1874թ․, 1896թ․) թողած վնասվածքների չափը կառույցների վրա, հետագա վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
2015թ․ վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ևս մեկ անգամ կատարվեց վանական համալիրի կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն։ Տրվեց եզրակացություն կառույցներում օգտագործված քարի ֆիզիկամեխանիկական հատկությունների, ինչպես նաև քարի գույնի (սպիտակ) վերաբերյալ՝ համապատասխան քարհանքերից վերականգնվող հատվածներում քար օգտագործելու համար։ Ուսումնասիրվեց նաև կիրառված շաղախի բաղադրությունը։
Այս բոլոր ուսումնասիրություններից հետո միայն կազմվեց վերականգնման նախագիծ, քննարկվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդում և 2024թ․ մտավ շինարարական փուլ։ Շինարարական աշխատանքները այժմ իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի մասնագետների կողմից։ Հեղինակային և տեխնիկական հսկողների վերահսկողությամբ՝ իրականացվում է նախագծային լուծումների, հուշարձանի քարի տեսակի և գույնի ու շաղախի բաղադրության հստակ պահպանություն, ինչը ապահովում է համալիրի կառույցների մշակութային բացառիկ արժեքը։
Այս տեղեկությունը ներկայացվում է այն անձանց, որոնք հակված են իրենց անտեղյակությամբ մարդկանց թյուր և սխալ կարծիք ներկայացնելու։
Մ․ Դանիելյան
Արարատի մարզի Լուսաշող համայնքի Սուրբ Կարապետ վանական համալիրի վերականգնող ճարտարապետ


















































