Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը Քրեական ոստիկանության վարչություն (ՔՈԳ վարչություն) ուսումնասիրման է ուղարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 20-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի կողմից Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների գործողությունների մասին կատարված գրառումներ։ Դրանք որակվել են որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Այսպես՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՔՈԳ վարչություն է ուղարկվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Լևոն Գասաբյանի կողմից հրապարակված գրառումը կամ ավելի ճիշտ մեկնաբանությունը, որը նա կատարել է հոկտեմբերի 20-ին «Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Բախում Գյումրու համայնքապետարանի դիմաց, ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին» խորագրով տեսանյութի տակ։ Իրավապահները գտել են, որ օգտատերը, զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով, ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ։
Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դարձյալ ՔՈԳ վարչություն է ուղարկել մեկ այլ օգտատիրոջ գրառում։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Անուշ Պետրոսյան անուն-ազգանունով օգտատերը, որն, ի դեպ, ՌԴ քաղաքացի է, հոկտեմբերի 21-ին «Hayeli.am» կայքի ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով հրապարակված «Շտապ․ Aysor.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզում այսօր ևս բազմաթիվ մարդկանց են բերման ենթարկել, ՁՊՎ-ներում արդեն չեն կարողանում տեղավորել, ձերբակալվածների մի մասին տեղափոխում են Արտաշատ» խորագրով տեսանյութի տակ մեկնաբանություն է թողել։
Կարդացեք նաև
Այն իրավապահների կողմից դարձյալ որակվել է որպես զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ։
Երկու դեպքում էլ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու։


















































