Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրհնեք չեմ արել, ինչ է թե պիտի գնամ քննչական մի անկապ գործով, ես ի՞նչ կապ ունեմ այդ գործի հետ. Տեր Վրթանես

Նոյեմբեր 17,2025 22:30

«Այսօր կարող էի մի ընտանիք այցելել, տնօրհնեք անել, բայց այդ ընտանիքին չեմ այցելել, տնօրհնեք չեմ արել, ինչ է, թե պիտի գնամ քննչական մի անկապ գործով, որի հետ առնչություն չունեմ: Իրենց տված հարցերի, գործերի հետ ես ի՞նչ կապ ունեմ»- Aravot.am-ի հետ զրույցում ասաց այսօր Քննչական կոմիտեում Նաթան սրբազանի ձայնագրության գործով հարցաքննված Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը: Ըստ որի՝ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր ծառայությունից ազատվելու մասին։ Այս դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել եւ հարցաքննվել են հոգեւորականներ:

-Այսինքն, եթե Արագածոտնի թեմի քահանա եմ, իրենց ուշք ու միտքը, գերնպատակը Մկրտիչ սրբազանի վրա գործ կարելն է: Ամեն ինչով կաշառել են Ստեփանին, Թադեին, էն մեկին: Հայտարարություններ են գրում, տալիս այս վաճառվածների, Հուդաների ձեռքը, սրանք հայտարարությունն անում են, այդ հայտարարության հիման վրա գալիս են մեր տներ, մեր հեռախոսները ու համակարգիչները փորփրում են, որ մեր վրա գործ կարեն,- ասաց Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ ՀՀ ում ոչ միայն որպես ազգային եկեղեցի իրենց Սահմանադրությամբ սահմանված իրավունքը չի պաշտպանվում, այլեւ այնպիսի լուրջ հալածանքների են ենթարկվում, որ կրոնական ոչ մի այլ կազմակերպություն չի ենթարկվում. «Նույնիսկ աղանդներին հավասար չենք, նույնիսկ ավելի վատ են վարվում մեզ, քան կվարվեն նրանց հետ, որովհետեւ նրանց հետեւում միջազգային կառույցներ կան կանգնած, նրանց իրավունքները կպաշտպանեն: Բայց քանի որ մերը ազգային եկեղեցի է, ժողովրդի մի մասն էլ հետխորհրդային երկրին բնորոշ ընկալումներով, էն 37 թվի տրամադրություններով են, իշխանություններն էլ ատելության ու թշնամանքի միջավայր են ստեղծում մեր դեմ՝ օգտագործելով իրենց էջերն ու ԱԺ ամբիոնը եւ մեզ համար դժվար պայմաններ են ստեղծում մեր ծառայությունն իրականացնելու առումով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930