Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 12-ին ուշ երեկոյան Գյումրու կենտրոնում՝ ռեստորաններից մեկի դիմաց (անվանումը չենք նշում, որ գովազդ կամ հակագովազդ չդիտվի), դանակահարել են Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի 25-ամյա բնակիչներից մեկին՝ Գ․Հ․-ին։ Նա բուժօգնության է դիմել Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և ընդունված կարգի համաձայն՝ տեղեկացրել են Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։
Երիտասարդի մոտ մոտ ախտորոշվել է «ձախ գոտկային շրջանի, աջ ուսահոդի կտրած-ծակած վերք»։ Նա ոստիկաններին հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Գյումրու ռեստորաններից մեկի դիմաց, այլ մանրամասներ հրաժարվել է հայտնել։ Երիտասարդին վիրահատել են։
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի, 6-րդ կետի հատկանիշներով։
Նախաձեռնված վարույթի շրջանակում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը Կումայրի բաժնի ծառայողների հետ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելիս՝ պարզել են, որ ռեստորանի դիմաց երիտասարդի հետ վիճաբանել, նրան դանակով հարվածել ու մարմնական վնասվածքներ է պատճառել Գյումրու 17-ամյա բնակիչ Ն․Կ․-ն։
Կարդացեք նաև
Պարզվում է՝ Ղարիբջանյան գյուղից 4 հոգի ականատես են եղել վիճաբանությանն ու հանցագործությանը, նրանք նույնաբովանդակ հաղորդումներ են ներկայացրել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կասկածյալին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։


















































