Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատի դասերը

Նոյեմբեր 18,2025 10:00

ՔՊ-ականների էյֆորիան Վաղարշապատում «ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ, իհարկե, ցուցադրական է եւ ոչ անկեղծ: Նրանք, վստահ եմ, հասկանում են, որ խախտումներով. վարչական ահռելի ռեսուրսով եւ այլ «հին, փորձված» մեթոդներով (օրինակ, վերաձեւել են ընտրական տարածքները) 15 298 ձայն հավաքելը 69 924 ընտրող ունեցող համայնքում՝ մի երեւելի արդյունք չէ: Այնպես որ, ոգեւորությունն ավելի շուտ ցուցադրական է՝ սեփական թիմին եւ կողմնակիցներին «դուխ տալու» եւ, հակառակը, ընդդիմադիր հայացքներ ունեցողների մեջ հիասթափություն սերմանելու նպատակով:

Պետք է ասել, որ ընդդիմության մեջ ես որոշակի անկումային տրամադրություններ նկատում եմ: Իզուր: Խաղը դեռ ավարտված չէ՝ պարզապես պետք է դասեր քաղել: Եվ առաջին դասն ակնհայտ է, մակերեսի վրա է․ դրա մասին այժմ շատ է խոսվում՝ ընդդիմադիր միավորները պետք է խոշորանան: 70 հազար ընտրողների համար 6 ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները շատ են, դա շփոթեցնում է, մոլորեցնում է մարդկանց, հանգեցնում է ձայների փոշիացման: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդպես շարունակվի, համապետական ընտրությունների ժամանակ քանի՞ ընդդիմադիր միավոր կլինի՝ քսա՞ն:

Հիմնական մրցակցի «բրենդավորումն» այնքան էլ պարզ չէր՝ «Հաղթանակ» անունը շատերին ոչինչ չէր ասում: Կուսակցության կամ դաշինքի անունը կարեւոր չէ, եթե կա վառ արտահայտված առաջնորդ: Օրինակ, Գյումրիում ձայն էին տալիս ոչ թե Կոմունիստական կուսակցությանը, այլ Վարդան Ղուկասյանին: Մինչդեռ Սեւակ Խաչատրյանը, որքան էլ համակրելի անձնավորություն լինի, նույն հանրաճանաչությունը չունի:

ՔՊ ցուցակի առաջին համար Արգիշտի Մեխակյանն այնքան շրջահայացություն ունեցավ (կամ գուցե խելացի մարդիկ նրան հուշեցին), որ չխոսի կաթողիկոսի դեմ եւ Մայր Աթոռի վրա հնարավոր հարձակման մասին: Պարզ էր, որ, եթե խոսեր, դա կպակասեցներ նրա ձայները:

Փոխարենը Փաշինյանն ընտրություններից հետո հայտարարեց, որ այդ հաղթանակը խթանելու է հետագա գործողությունները Մայր Աթոռի դեմ: Այսինքն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում 15.000 ձայն ստանալը նրան հիմք է տալիս իրականացնելու Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխելու իր ամբարտավան, խելահեղ, հակաեկեղեցական եւ հակապետական ծրագիրը:

Եկեղեցին, իհարկե, կդիմանա այդ հարձակմանը, եթե նույնիսկ մի փոքր կտոր նրանից պոկվի: Բայց դա լրջորեն հարվածում է պետությանը, պետական կարգին, սահմանադրությանը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Կաթողիկոսին գահընկեց անելը, չի օգնի Նիոլին հաղթել 26 ի ընտրություններում։ Նիկոլը շատ լավ ա հականում է, պարզապես պայքարի իմիտացիա է ստեղծում թե ամեն բան իր կոնտրոլի տակ է։ Սամվել Կարապետյանի շարժումը թափ է հավաքում եւ 2026 ին ապահովելու է ընտրությունների մեծ մասնակցություն, որը լինելու է ՔՊ ի պարտության պատճառը։

  2. 1. Արշավ գնացած մարդը գիտի ճանապարհն անցնելու արվեստը: Խաղ բան չի` երկար է ու կարող ա հարկ լինի փոխել տակտիկան որպեսզի հասնես վերջնակետին ու կարողանաս սքանչանալ բնապատկերով:
    Punch line: Հոռետեսությունն ու հիասթափությունը շռայլություն են` արդեն ճամփա ենք ընկել: Ճկունության դաս ունեցանք:
    2. Լավ է, որ ունեցանք այս reality check-ը:
    Բոլոր վերլուծողները առաջին հերթին նշում են ընդդիմադիր միավորումների շատությունը: Երևակայենք վիճակագրական միջին Վաղարշապատցու (ՎՄՎ) մտաձելաձևը, այդ գործոնի ազդեցությունը հասկանալու համար.
    ա) ‘ընդդիմադիրները իրար հետ էլ չեն կարում միաբան լինել, ամեն մեկը իր վրա յա վերմակը քաշում…’
    բ) ‘քպականները’ սոլիդ են, բոլորը մի բան են ասում, չպիտի գլուխ ջարդես, որ ընտրես միջինիցը
    գ) ‘ես քվեարկում եմ Մեխակյանի համար, մնացածը թող իրանք րազբիրատ անեն’
    3. Բրենդավորման գործոնը` ՎՄՎ-ու համար վերացական անվանումները բերում են օտարացման զգացմունք. բացատրեմ ‘Հաղթանակ’-ը շա..ատ հեռու է պարտված հայաստանցու համար, մինչդեռ ‘պայմանագիր’-են կնքում երբ գնում են ‘խոպան’ (=Ռուսաստան), կնքում են ապահովագրության պայմանագիր:
    Կարծում եմ ավելացնել ‘Հաղթանակին’ ‘հենց հիմա’ կամ ‘զոր տանք’ ոճով կօգի:
    ‘Հայրենիքն’ ու ‘Հանրապետությունը’ չանցան որովհետև նիկոլը շիլա-փլավ է արել (!միտումնավոր!) այդ հասկածությունները: ‘Համահայկական ճակատ’, ‘Ազատ դեմոկրատները’ բրենդերը աբստրակտ են ՎՄՎ-ի համար:
    Punch line: Լավ բրենդավորում գումարած լավ, ճանաչելի առաջնորդ:
    4. Կարծում եմ, ՔՊ ցուցակի առաջին համար Արգիշտի Մեխակյանը չխոսեց կաթողիկոսի դեմ եւ այլն, որովհետև նիկոլը թույլ էր տվել: նիկոլը թույլ է տալիս, խրախուսում նոր բուսած խմբերին մտնել ընտրական դաշտ ընդդիմադիր բառապաշարով, որպեսզի իրենց վրա հավաքեն ‘հականիկոլական եմ, բայց քոչին էլ դեմ եմ’ ընտրողների ձայները: Եվ հակառըկը, արդեն ճանաչություն ունեցող մեկին ազատում է պարտավորությունից, օրինակ, խոսել կաթողիկոսի դեմ:
    Punch line: Այսօր նիկոլին նոր թեզ հուշվեց` ‘կյանք ընդդեմ ապոկալիպսիս’:
    Կասեցնենք այս ռեժիմի ‘կյանք’ բառի սեփականացումը. օրինակ, ‘Հայը ի օգուտ հայի կյանքի’:
    5. Վաղարշապատի ընտրություններից ունենք նաև ա) երիտասարդների և բ) տանը մնացածների, չքվերկածների գործոնը: 2026-ին մեծ ուժ է լինելու ուսանողության կողմնորոշված ու ակտիվ լինելը: Իշխանությունը ունի մեծ պետական լծակներ այդ ուժը առնվազն լռեցնելու համար: Կլինեն ‘ընտրակաշառքներ’ զանազան գրավիչ խոստումներով: Punch line: Տեղեկություն կա՞ Վաղարշապատում տանը մնացածների դեմոգրաֆիկ պրոֆիլից:
    6. ‘Բայց դա լրջորեն հարվածում է պետությանը, պետական կարգին, սահմանադրությանը:’ նիկոլը 2018-ից ունի ամենաթողության մանդատ` իրեն տեղադրած ու շարունակական ցուցմունքներ տվող գործակալությունների կողմից, Եվրոպան, Ամերիկան դեմ չեն այն ակնհայտ անօրինականությանը, որ նիկոլն ծավալել է Հայաստանում: Սա փաստ է:
    Այնքան ժամանակ ինչքան կկռվենք պետականության սյուները խարխլելու, սահմանադրության էջերը արյունոտ մատներով շրջելու փորձերին, Հայաստանը կա:
    Punch line: Մենք ենք մեր սարերը:

  3. Հ.Շ. says:

    Այս պարագային, նոյնիսկ եթէ մնացեալ բոլորը միաձուլուէին, Հանրապետութիւն կուսակցութիւնը պիտի միանար ՔՊին, եւ վերջինս պիտի յաղթէր:

    «Ընտրութիւններու» ուղիով, դժուար թէ Հայ Ազգը կարողանայ ձերբազատուիլ Փաշինյանից:

    Ընդդիմութեան տրամադրութիւնները չեն, խնդիրը: Այլ հարկաւոր միջոցները ի գործ դնելու անկարողութիւնը, անզօրութիւնը, վախը:

    Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930