«Մեր աշխատանքները շարունակելու ենք կատարել, մանդատներն անպայման վերցնելու ենք, քանի որ մեզ ձայն տված 10 հազար մարդկանց ձայնը համայնքապետարանում պետք է ներկայացված լինի: Մեր թիմի անդամները պետք է ակտիվ աշխատեն, որպեսզի ապացուցենք, որ մեր թիմն էր ճիշտ եւ մեր թիմն էր ավելի լավ պատկերացնում Վաղարշապատ համայնքի ապագան, քան այն թիմը, որն այսօր հենվելու է համայնքային իշխանությանը»,- ասուլիսում նշեց «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։
«Ինձ շատ են հարցնում այս մասին, ասեմ, որ եթե մանդատները վերցնում ենք, չի նշանակում թե ՔՊ-ի ընտրությունները լեգիտիմացնում ենք: Մենք բազմիցս ասել ենք, որ ընտրապայքարը սկսվել է ընտրախախտումներով, անհավասար պայմաններով եւ այդպես է մինչ օրս: Ընտրություններն ավարտվել են, բայց ճնշումները մեր թիմի նկատմամբ մինչ այս պահն էլ շարունակվում են եւ կարծում եմ, որ դեռեւս շարունակվելու են»,-հավելեց «Հաղթանակի» առաջնորդը:
Պատասխանելով ճնշումների վերաբերյալ լրագրողի հարցին, ասաց, որ իրենց տունը չի խուզարկվել, իրեն առայժմ չեն կանչել հարցաքննության: Սեւակ Խաչատրյանը հիշեցնելով Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը՝ նշեց. «Քրեական գործ է հարուցված, 5 անձ են, որոնցից 3-ին ընդհանրապես չեմ ճանաչում, այդ մարդկանց հետ շփման մեջ չենք եղել, կարծես մեր ընտրողներից են, Վաղարշապատից են…Մարդ են ման գալիս, որ սուտ ցուցմունք գրի իմ անձի հետ կապված, բայց չեն կարողանալու գտնել:
Մեր թիմի ավագանու ցուցակից Դավթյան Արմենի, Գեւորգյան Կարենի, Գեւորգյան Տիգրանի տներն են խուզարկել, էլի մի քանի հոգու, որոնց չեմ ճանաչում… Ստորագրությամբ բաց են թողել բոլոր անդամներին, ձերբակալված անձ չկա, մնացածը հետագան արդեն ցույց կտա: Պատկերացնում եմ, եթե հաղթանակ տանեինք, երեւի ամբողջ թիմով կլինեինք բանտում: Չնայած այս մարդիկ միանձնյա իշխանություն են լինելու Վաղարշապատում, բայց չեն կարողանում համակերպվել, որ կա թիմ, կան մարդիկ, որոնք 10 հազար ձայն են ստացել Վաղարշապատ խոշորացված համայնքում»,-ասաց Սեւակ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ իրենց թիմը լինելու է Հայ Առաքելական եկեղեցու կողքին, իսկ իշխանությունների գործողությունները ոչ թե կոնկրետ հոգեւորականների, այլ Հայ Առաքելական եկեղեցու դեմ են: Խաչատրյանի ձեւակերպմամբ, ցավոք, շատ վաղարշապատցիներ եւ խոյեցիներ դարձան գործիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը սպասարկելու համար:
Ասուլիսում նախկին ՀՀԿ-ական, այժմ կարկառուն ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի վերաբերյալ էլ հարց հնչեց, որն ուրախությամբ արտահայտվել էր ՔՊ-ի հաղթանակի մասին՝ վիրավորելով այլոց: Սեւակ Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ես Գեւորգ Պապոյանի եւ հարսանիքի եւ կնունքի քավորն եմ, բայց կարծում եմ, որ սա քաղաքական կատեգորիա չէ, ուստի թույլ տվեք այդ դաշտ չմտնեմ… Մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են, իսկ բարոյական կողմի եւ մնացածի վերաբերյալ հարցերը խնդրում եմ իրեն տվեք»:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































