«Նախաքննությամբ ունենք նմանատիպ տվյալներ։ Ունենք տվյալներ նաեւ առանց տարբերանշանների համապատասխան անձանց մասնակցության մասով այդ գործողություններին։ Կոնկրետացում չեմ կարող մանրամասնել՝ նախաքննության շահերից ելնելով։ Միայն կարող են վստահեցնել, որ բազմակողմանի քննություն ենք իրականացնում՝ բոլորի ինքնությունը պարզելու համար»,-խորհրդարանում «Մարտի 1»-ի գործի մասին՝ ՄԻԵԴ վճռից հետո թեմայով քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Հիշեցնենք, քննարկմանը ընդդիմադիրները չեն մասնակցում։
Արթուր Նահապետյանին Գարիկ Սարգսյանը հարց էր ուղղել՝ դիպուկահարներ եղե՞լ են, թե՞ ոչ, եթե՝ այո, բացահայտվա՞ծ է, թե ովքե՞ր էին, հայազգի՞ էին, թե այլազգի․ «այլազգի» դիպուկահարները, եթե եղել են, ո՞ղջ են այս պահին, թե՞ ոչ. «Մեր ունեցած ինֆորմացիայով՝ ոչ։ Լսել ենք, տարիներ առաջ են սպանվել»։
Կարդացեք նաև
Արթուր Նահապետյանն ասաց, որ քրեական վարույթով նման տվյալ չունեն։
Հարց էր հնչել նաեւ կոնկրետ Մաշտոցի պողոտայից փակ շուկա հատվածով իջնող ճանապարհով դիմահար կրակ արձակող՝ սեւ սաղավարտներով եւ, ամենայն հավանականությամբ, ոստիկանության աշխատակիցների ինքնության մասին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Հիշեցնենք, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։
Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































