Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հրահանգը՝ Հայաստանը «կոնֆլիկտային տարածք» ներկայացնելու մասին. սա՞ է խաղաղության օրակարգը

Նոյեմբեր 18,2025 19:18

15 օր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը իրենց ԳԱԱ-ում ունեցած ելույթի ժամանակ, Սևանի թեմայով հայտնի խոսքերի հետ մեկտեղ, հստակ կարգադրություն տվեց բոլոր պետական մարմիններին՝ բառացի ասելով. «Ավելի շատ հետազոտական ​​աշխատանքներ, նույնիսկ փոքր գրքույկներ պետք է պատրաստվեն, որպեսզի և՛ ադրբեջանական երիտասարդությունը, և՛ համաշխարհային հանրությունը լավ իմանան իրենց պատմությունը և, միևնույն ժամանակ, որպեսզի մեր վերադարձը ժամանակակից Հայաստան հնչի լիովին տրամաբանական և արդարացի․․․»։

Ալիևի ելույթը այս հատվածը աննկատ մնաց մեր հանրության ուշադրությունից, բայց ըստ իս՝ հենց սա էր ամենակարևոր ուղերձը, իսկ ավելի ստույգ հանձնարարականը, որ Ալիևը տվեց պետական բոլոր մարմիններին ու կառույցներին։ Նա փաստացի հասկանում է, որ ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձի» թեման ոչ տրամաբանական է, ոչ էլ առավել ևս արդարացի։

Առհասարակ, ինչպե՞ս կարող է Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի դեմ պատերազմ, ագրեսիա սանձազերծած, էթնիկ զտում իրականացրած և պետական մակարդակով ատելություն քարոզող երկիրը նման օրակարգեր առաջ քաշել ընդդեմ Հայաստանի։ Իրապես Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, եթե այդ ամենին չես նայում ադրբեջանական ծավալապաշտության և ատելության տեսանկյունից։ Ալիևը կարգադրել է ստեղծել կեղծ պատում (նարատիվ) Հայաստանի ու հայերի մասին և զբաղվել դրանց զանգվածային տարածմամբ՝ թե՛ երկրի ներսում, և՛ թե արտաքին քաղաքականության մեջ։

Արդեն երկու շաբաթ է՝ ադրբեջանական մամուլը ողողված է ՀՀ տարածքը «հին ադրբեջանական հող» ներկայացնելու մասին լուրերով։ Այդ նպատակով անցկացվում են համաժողովներ, ելույթ են ունենում բազմաթիվ պատգամավորներ, այդ ամենն ակտիվորեն լուսաբանվում է Ադրբեջանի պետական լրատվամիջոցներով։

Օրինակ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալիքբերլին իր հարցազրույցում ասել է․ «20-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի կողմից պատրաստված ռազմա-տեղագրական քարտեզներում Արևմտյան Ադրբեջանի տարածքում գտնվող բնակավայրերը ներկայացված էին իրենց բնօրինակ՝ թուրքական և ադրբեջանական անուններով։ Պետության ղեկավարը կարևոր խնդիր է դրել գիտնականների և Գիտությունների ազգային ակադեմիայի կառույցների առջև. անհրաժեշտ է ավելի լայնորեն աշխարհին հասցնել Արևմտյան Ադրբեջանի իրականությունը և ավելացնել այս ուղղությամբ գրքերի, հետազոտությունների և ցուցահանդեսների քանակը»։

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն էլ իր հարցազրույցում ասել է․ «Արևմտյան Ադրբեջանի հարցը ռազմավարական հարցերից մեկն է, որը վերջին տարիներին հատուկ տեղ է գրավել Ադրբեջանի հասարակական-քաղաքական օրակարգում: Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից տեղահանված հայրենի հողեր վերադարձի հարցը շարունակում է քննարկվել ինչպես մեր ազգային իրավունքի, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համատեքստում»:

Նա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք է շեշտել իր հարցազրույցում․ «Մինչև 2020 թվականը այս թեման ընդհանրապես չէր քննարկվում։ Սակայն պատմական հաղթանակից հետո այս հարցը մտավ քաղաքական օրակարգ և մեզ ավելի մոտեցրեց հայրենիք վերադառնալուն։ 2023 թվականից սկսած գործընթացը ձեռք է բերել ավելի իրատեսական բովանդակություն։ Այժմ, խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ, մենք մտել ենք հնարավորինս ամենամոտ փուլ»։

Այո, իրապես, մինչև Արցախի դեմ ագրեսիան ու դրան հաջորդած իրադարձությունները Ադրբեջանը ռիսկ չէր անում նման խոսույթ զարգացնել, կային, իհարկե, ելույթներ, որտեղ Ալիևը Երևանը կամ Սյունիքը «ադրբեջանական» էր անվանում, բայց որպես «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ՝ այս թեման Ադրբեջանի ղեկավարի կողմից շրջանառության մեջ դրվեց 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ նա բառացի հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։ Սա, ընդ որում, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Սրանով Ալիևը հայտարարեց ՀՀ տարածքը «կոնֆլիկտային» դարձնելու իր շատ վտանգավոր մտադրության մասին, որը երեք տարի անց էլ մնում է չգիտակցված մեր հանրային-քաղաքական շրջանակներում։

Ինչ խոսք, ադրբեջանական կողմի ախորժակն այնքան հեռուն է գնացել, որ իրենք չեն ուզում բավարարվել այսպես կոչված «վերադարձի» թեմայով, իրենք որոշել են Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնել որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ կեղծ տերմին, որը չի բռնում որևէ պատմական քննություն, չունի որևէ աշխարհագրական ու քաղաքական հիմնավորում։

Եթե ուզում եք ճիշտն իմանալ, Ալիևը մեզ փաստացի «նվեր»  է մատուցում, երբ չի թաքցնում իր ծավալապաշտական և զավթողական նկրտումները, չի ձևացնում, թե խաղաղություն է ուզում և թաքուն պատրաստվում պատերազմի, ոչ, նա շատ ուղիղ ու հստակ ասում է՝ ինչ նպատակներ ունի, իջեցնում է վտանգավոր կարգադրություններ ու անցնում դրանց իրագործմանը, դեռևս՝ պատումի մակարդակով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր տարիներին էլ գեներացվում էին վտանգավոր պատումներ, մղվում էր տեղեկատվական արշավ, որն ի վերջո հանգեցրեց պատերազմի ու էթնիկ զտման։ Այսինքն՝ այն մտայնությունը, թե թող Ադրբեջանի ղեկավարը երկրի ներսում ինչ ուզում է խոսի՝ մեզ ինչ, շատ միամիտ, ես անգամ կասեի՝ տգետ մոտեցում է։

Նման կանխատեսելի հակառակորդի պարագայում, երբ վտանգավոր ծրագրերը գտնվում են դեռևս պատումների մակարդակում, կարելի է ու պետք է աշխատել հստակ քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական, իրավական գործիքակազմերով՝ դրանք չեզոքացնելու համար։ Փաստացի, երբ մեր իշխանությունների թեթև ձեռամբ մենք հրաժարվում ենք Արցախի, մեր իրավունքների մասին իրական, արդար ու տրամաբանական պատումներից, զուգահեռ իրականության մեջ պետության ղեկավարի ուղիղ հրահանգով ստեղծվում են կեղծ պատումներ և տրվում է հստակ հրահանգ դրանց բազմապատկման ու տարածման ուղղությամբ։

Նման կանխատեսելի հակառակորդի պարագայում չի կարելի անգործ նստել ու սպասել, որ բանը հասնի մեկ այլ պատերազմի, էթնիկ զտման, ագրեսիայի, չի կարելի զոհասեղանին դնել մարդկային կյանքեր, այն դեպքում, երբ կարելի է այդ ամենը չեզոքացնել կամքով, խելքով ու համառ աշխատանքով։

Չի կարելի ինքնախաբեության զբաղվելով չնկատել հարևան երկրում մեր պետության ու մեր բոլորիս դեմ գեներացվող զավթողական նկրտումներն ու ատելության քարոզչությունը։ Այդ սպառնալիքները բոլորինս են՝ անկախ քաղաքական հայացքներից։ Դրանք պետք չի անտեսել, պետք չի նաև խուճապահար լիներ, պետք է հասկանալ, վերլուծել ու չեզոքացնել ճիշտ ժամանակին։ Դրա հնարավորությունը մենք ունենք, քանի որ ինչպես հենց ինքը Ալիևն է ասել, այդ օրակարգը ոչ տրամաբանական է, ոչ էլ առավել ևս՝ արդարացի։

Տաթևիկ Հայրապետյան,

Պատմական գիտությունների թեկնածու

Ադրբեջանի հարցերով փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930