Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք բախվում ենք ժողովրդավարության վրա հարձակումների թե՛ ուղիղ, թե՛ հիբրիդային գործիքների միջոցով. Արթուր Հովհաննիսյան

Նոյեմբեր 18,2025 20:03

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ, մասնակցում է Ստամբուլում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով:

«2021 թվականին Հայաստանի ժողովուրդը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հստակ ձեւակերպել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր ձգտումը, եւ մենք՝ որպես կառավարող թիմ, ամեն բան արել ենք հարեւանների հետ բարիդրացիական եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Այսօր կարող եմ արձանագրել, որ օգոստոսի 8-ից՝ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո, խաղաղությունն այլեւս իրականություն է:

Մեզ համար միանշանակ է, որ խաղաղության կարեւորագույն հիմքերից են ժողովրդավարական ընտրությունները, որոնց պարագայում է հնարավոր մարդու իրավունքների եւ միջազգային պարտավորությունների հարգումն ու պահպանումը:

Այստեղ է, որ մենք բախվում ենք ժողովրդավարության վրա հարձակումների թե՛ ուղիղ, թե՛ հիբրիդային գործիքների միջոցով: Երկու օր առաջ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում մենք տեսանք այս ամենը, բայց ուրախությամբ կարող եմ ասել, որ հաղթեցին ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը:

2026 թվականի ամռանը Հայաստանում լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ, եւ էլ ավելի մեծ ուժեր են կենտրոնացվելու մեր ժողովրդավարությանը վնասելու, ժողովրդից իշխանությունը գողանալու համար:

Հենց այստեղ է, որ մենք ակնկալում ենք շարունակական աջակցություն ժողովրդավարությունը պաշտպանելու եւ խաղաղության օրակարգն անշրջելի դարձնելու համար:

Եվ ես վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում ժողովրդավարությունը հաղթելու է, խաղաղությունը հաղթելու է:

Եվ ես նաեւ շնորհակալ եմ թուրքական կողմին՝ ջերմ ընդունելության ու միջոցառման կազմակերպման բարձր մակարդակի համար»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930