Նոյեմբերի 8-ին, Ռումինիայի հայոց թեմի Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 110 ամյակի և վերաօծման առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակներում, «Վիկտոր և Հովսեփ Դուդյան» մշակույթի տանը առանձնահատուկ շուքով և ոգևորությամբ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Հայրապետին նվիրված «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ռումինիան» խորագրով գրքի շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է Նորին Սրբության Գահակալության 26-րդ տարեդարձի առիթով՝ նախաձեռնությամբ և օրհնությամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի։ Գրքի գլխավոր խմբագիրը ռումինահայ նշանավոր լրագրող և թարգմանչուհի՝ տիկին Մադլեն Կարագաշյանն է, խմբագիրներն են գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը, արժ․ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանը և առաջնորդարանի քարտուղարուհի Ինեսա Թումասյանցը։ Հրատարակվել է թեմի «Զամկա» հրատարակչությունում՝ Ռումինիայի հայոց միության «Արարատ» տպարանում։ Հայերենից ռումիներեն թարգմանությունները կատարել են արժ․ Տ․ Ավետիս քհն․ Մանդալյանը և արժ․ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանը։
Գիրքը բաղկացած է 15 գլուխներից, որոնք ամփոփ կերպով ներկայացնում են ոչ միայն Նորին Սրբության առնչությունը Ռումինիայի հայոց թեմի և ռումինահայության ազգային կյանքին, այլև ընթերցողի առջև պարզորեն ներկայացնում են «Մեծ իրագործումների Հայրապետի», արդեն իսկ քառորդ դարը բոլորած հայրենանվեր ծառայության գեղեցիկ համայնապատկերը:
Կարդացեք նաև
Գրքում ընդգրկված են Վեհափառ Հայրապետի Ռումինիա կատարած 3 Հովվապետական այցելությունները՝ 2000, 2008 և 2012թթ-ին: Ռումիներեն թարգմանությամբ ներկայացված են Գարեգին Բ կաթողիկոսի այն քարոզները, ուղերձները, մտքերը, որոնք ուղղակիորեն կապված են Ռումանիո հայոց թեմի և համայնքի հետ:
Հատուկ անդրադարձ է կատարվում ազգային-եկեղեցական նշանավոր իրադարձություններին, աշխարհասփյուռ հայ երիտասարդների հետ տարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100 ամյակի, ցեղասպանության զոհերի սրբադասման, Արցախի հիմնահարցին և այլ կարևոր իրադարձություններին, որոնք մշտապես եղել են և են Հայոց Հայրապետի մշտական հոգածության կենտրոնում։
Ռումանիո հայոց թեմը մշտապես եղել է Հայոց Հայրապետի հատուկ հոգածության և խնամքի ներքո: Դրա հերթական վկայությունը եղավ 2022թ. թեմի կազմավորման 620 ամյա հոբելյանը հանդիսավոր կերպով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբելու հանգամանքը, որը իրապես պատշաճ վերարժևորումն էր Ռումանիոյ Հայոց պատմական թեմի դարավոր անցյալի: Այս կարևոր իրադարձության հետ մեկտեղ գրքում նաև անդրադարձ է կատարվում Գարեգին Բ կաթողիկոսի այն կոնդակներին, որոնք ուղղակիորեն կապված են Ռումանիոյ հայոց թեմի և համայնքի հետ:
Նախաբանում զետեղված իր օրհնության խոսքի մեջ թեմակալ առաջնորդը գեղեցիկ կերպով անդրադարձ է ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճառագող այն լույսին, որ, ի թիվս բազմաթիվ այլ թեմերի, առանձնահատուկ ջերմությամբ է լուսավորում նաև Ռումանիոյ հայոց թեմը. «Ռումինահայությունը ժամանակին նախ պատիվն ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոսության գահի համար Մայր Հայրենիք և Ս. Էջմիածին ուղարկել Վազգեն եպիսկոպոս Պալճյանին, ապա, «Հրաշափառի» հնչյունների ներքո Բուխարեստի առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի առաջնորդելու Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Իր կարճատև հայրապետության ընթացքում Ռումինիա հայրապետական այցելությամբ հասցրեց լինել նաև երջանկահիշատակ Գարեգին Առաջինը։ Երիցս՝ 2000, 2008 և 2012թթ. Ռումինիա հայրապետական և հովվապետական այցելություն է ունեցել նաև Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որպես Ս. Էջմիածնի լույսի կրողը և փոխանցողը: Երեք անգամ էլ Նորին Սրբությունը բարձրորեն ընդունվել ու եղբայրական ջերմ սիրով է պատվվել իրարահաջորդ ռումին երկու պատրիարքների՝ նախ երջանկահիշատակ Թեոկտիստ Առաջինի և ապա ներկայիս Դանիել պատրիարքի կողմից, 2008թ.: Հայրապետական այս այցելությունները ազգային–հոգևոր վերարթնության մի նոր լիցք են դարձել Ռումինահայության համար․․․»։
Այս հրատարակության առանձնահատուկ կողմերից մեկն էլ այն է, որ հատուկ շեշտադրում է կատարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ունեցած միջազգային բարձր հեղինակության վրա թե՛ Արևելյան քույր եկեղեցիների, թե՛ Արևմտյան կաթողիկե և թե՛ Ուղղափառ աշխարհում: Վերջինս առանձնակիորեն է կարևորվում ռումինահայության համար, քանի որ Ռումին Ուղղափառ Եկեղեցին մեծ դիրք և հեղինակություն ունի Ռումինիայում, ուստի թե՛ Ռումին Պատրիարքների այցելությունները Սուրբ Էջմիածին և թե՛ Հայոց Հայրապետների այցելությունները Ռումինիա և եղբայրական ողջագուրումներն իրենց ուղղակի դրական արձագանքն են ունենում հայ համայնքի կյանքից ներս։ Հատկանշական է նաև այն իրողությունը, որ Գարեգին Բ Կաթողիկոսը 2000 թ. Ռումինիայի Հանրապետության նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուի կողմից արժանացել է Ռումինիայի ազգային բարձրագույն «Ռումինիայի աստղ» շքանշանի, իսկ 2012թ.-ին՝ Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու ներկայիս Հովվապետ Նորին Սրբություն Դանիել Պատրիարքի կողմից արժանացել է Ռումեն Եկեղեցվո բարձրագույն՝ «Սուրբ Անդրեաս Առաքյալ» պատվո շքանշանի: Եվս մի արժանահիշատակ իրադարձություն. 2023թ Արցախի բռնի տեղահանումից հետո, արցախցիների կարիքները թեթևացնելուն ուղղված Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերին շոշափելի աջակցություն բերեց Ռումին Ուղղափառ Եկեղեցին, որի շնորհիվ հնարավոր եղավ տեղահանված 8 ընտանիքների ապահովել բնակարաններով: Սա իրապես աննախադեպ երևույթ է միջեկեղեցական հարաբերությունների պրակտիկայի մեջ և քրիստոնեական սիրո լավագույն վկայություն:
Օտարալեզու այս հրատարակությունը ընդամենը մի փոքրիկ ընծա է՝ ի գնահատանս ազգընտիր Հայրապետի անձնվեր ծառայության, որի 26 տարիների միջից ասես արձագանքում են Սահակ Գ Ձորափորեցի Հայրապետի «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի հետևյալ խոսքերը. «Եկայք շինեսցուք զՍուրբ Խորանն լուսոյ»: 1999թ-ից մինչև այսօր, Նորին Սրբության գահակալության տարիները իրապես եղան Հայ Եկեղեցու շինության, հոգևոր վերածննդի ու զարթոնքի տարիներ, բարգավաճման ու բարեփոխումների տարիներ:
Առ Աստված աղոթքով միանում ենք «Հայրապետական մաղթերգի» գեղեցիկ բառերին՝ վերստին ասելով.
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Ռումինիայի հայոց թեմ
























































