Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով կբերի դրական արդյունքներ. Սարգիս Խանդանյան

Նոյեմբեր 18,2025 22:22

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի «Կամրջող հեռանկարներ. երկխոսության, միջնորդության եւ վստահության ամրապնդումն անորոշության դարաշրջանում» խորագրով նիստում (Bridging Perspectives: Reinforcing Dialogue, Mediation, and Trust in an Era of Uncertainty):

«Տիկի՛ն նախագահող,

Նախեւառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի պատվիրակությանը՝ Ստամբուլում հյուրընկալելու համար եւ շնորհավորել 23-րդ աշնանային նիստի գերազանց կազմակերպման առթիվ:

Սիրելի՛ գործընկերներ,

Մեր նախորդ նստաշրջանների ընթացքում մենք արտահայտել ենք հույս եւ զգուշավոր լավատեսություն առ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության հասնելու նախաշեմին են: Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրն ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը: Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարեւոր դերը եւ նախագահ Թրամփի առաջնորդությունը, ով, իսկապես, իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման:

Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարգանքի վրա:

Այն նաեւ ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք՝ մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ՝ մեր երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում:

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաեւ կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային:

Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն եւ հոգատարություն՝ փոխադարձ վստահություն կառուցելու համար: Վստահության կառուցման կարեւոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ հարակից կառույցների փակումը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա:

Եվ վերջապես, այստեղ՝ Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ: Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության:

Շնորհակալ եմ»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930