Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հակառակվում Էրդողանի ու Ալիեւի թեզերին

Նոյեմբեր 19,2025 12:00

Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» թեման թեժ են պահում

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» թեման իշխանությունները շարունակում են լայնորեն տիրաժավորել: «Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին», – Տաշքենդում Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հավելելով. «Վստահ եմ, որ այս օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը»:

Ավելի վաղ, դիմելով Բաքվում մեկնարկած «Հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում» միջազգային համաժողովի մասնակիցներին, Ալիեւը համոզմունք էր հայտնել, թե` «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր դեր կխաղա երկրների միջեւ ուղիղ եւ անխոչընդոտ կապերի հաստատման գործում. «Այս նախագծի իրականացման արդյունքում բեռնափոխադրումների ծավալի աճ կարձանագրվի, ինչը զգալիորեն կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը»։ Ադրբեջանի նախագահը ուղերձում, սակայն, նաեւ ընդգծել էր. «Մեր տրանսպորտային հանգույցների կարեւորության աճը դրանք ապակառուցողական ուժերի թիրախ է դարձնում։ Մենք այս տրանսպորտային ուղիները դիտարկում ենք ոչ միայն որպես տնտեսական բարգավաճման աղբյուր, այլեւ որպես թյուրքական պետությունների քաղաքական, մշակութային եւ անվտանգության ոլորտներում ավելի սերտ ինտեգրման կարեւոր հիմք»:

Արձանագրենք, որ Բաքուն ու Անկարան «Զանգեզուրի միջանցքի» թեման ոչ միայն թեժ են պահում, այլեւ այն կոնկրետ կապում են «թյուրքական երկրների» անվտանգության հետ: Հայաստանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե այդ խոսույթը Ադրբեջանում է, իսկ Հայաստանից այդ թեմայի մասին հիշեցնողները Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում, սակայն ակնհայտ է, որ Ալիեւն ու Էրդողանը համարում են, որ Հայաստանի օգնությամբ լեգիտիմիզացրել են «անխոչընդոտ միջանցքի» ձեւակերպումը եւ այն իրենց համար դարձել է օրինական, փաստաթղթավորված պահանջ, որի կյանքի կոչումը Հայաստանից ակնկալելու են ցանկացած պարագայում եւ իրավիճակում:

Օրեր առաջ Էրդողանի ելույթը Բաքվում եւս նույն շեշտադրումներով էր, երբ նա շնորհավորելով Ադրբեջանի ժողովրդին, 5 տարի առաջ տեղի ունեցածն անվանելով` «մեր հաղթանակ», նշեց. «Ցանկանում եմ՝ իմանաք, որ Ղարաբաղի ազատագրումը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ թյուրքական աշխարհի համար է հպարտություն։ Ադրբեջանի բանակի Ղարաբաղում արված ամեն քայլ, անկախության եւ արժանապատվության համար թափված յուրաքանչյուր կաթիլ արյուն թյուրքական աշխարհի պատմության մեջ պատվի նշան է, մեր ընդհանուր պատմության մեջ ոսկե տառերով են գրվել»։ Նա համոզմունք հայտնեց, որ` «Կովկասում խաղաղությունը կծառայի ամբողջ տարածաշրջանի բարօրությանը՝ Ասիայից մինչեւ Եվրոպա»։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացից՝ Էրդողանն այնուհետեւ հավելեց, որ գնահատում է Ադրբեջանի նախագահի մնայուն խաղաղության հաստատման հարցում ցուցաբերած անկեղծ ջանքերը, ապա նկատեց, որ գոհունակությամբ են հետեւում Հայաստանի վարչապետի՝ այդ ճանապարհին արած խիզախ քայլերին. «Տա Աստված, այս սքանչելի հաղթանակը հանգեցնի երկարատեւ համաձայնագրի, որը կամրապնդի խաղաղությունը երկու առաջնորդների կառուցողական դիրքորոշման միջոցով։ Թուրքիան այս հարցում կշարունակի անել ամենը, ինչ անհրաժեշտ է»։

Այնպես որ, Հայաստանի իշխանություններից ակնկալիքն, առավել քան ակնհայտ է, եւ Բաքուն ու Անկարան դրա մասին հրապարակորեն են խոսում:

Կրկին ռուս-ադրբեջանական լարվածությո՞ւն

Օրերս Կիեւին հասցված ռուսական հարվածների հետեւանքով վնասվել էր նաեւ Ադրբեջանի դեսպանության շենքը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր օգտահաշվում հայտնեց. «Ադրբեջանի դեսպանատան շենքը տուժել է «Իսկանդեր» տեսակի հրթիռի բեկորներից»։ Հաջորդ օրը Զելենսկին զանգահարել էր Ալիեւին։ «Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը», հաղորդեցին ադրբեջանական գործակալությունները:

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Կիեւում Ադրբեջանի դեսպանատան վրա ենթադրյալ ռուսական հրթիռային հարվածից հետո: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոքի նոտա է ներկայացրել, որում նշվում է, որ նոյեմբերի 14-ի հարվածի հետեւանքով վնասվել է դեսպանատան վարչական շենքը, հյուպատոսական բաժինը, ծառայողական մեքենաներ եւ դիվանագիտական ներկայացուցչության շենքը: «Նշվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, նախկինում էլ են տեղի ունեցել», հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հարկ է նկատել, որ ավելի վաղ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի գործունեության վերաբերյալ ավելի ուշագրավ արձանագրումներով հանդես եկավ: Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արձանագրեց, որ 2023թ. ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը հանրապետության վրա Ադրբեջանի հարձակման մասին տեղեկացվել է գործողության մեկնարկից 10-15 րոպե առաջ: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ «խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին եւ նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ»։

Ավելին, նա հավելել էր. «Հիմնականում նրանք հետեւել են ցուցումներին։ Խաղաղապահները հիմքեր չունեին դա չանելու համար, քանի որ երեք տարվա ընթացքում նրանք բազմիցս զգուշացվել էին հայկական անօրինական զինված կազմավորումների գործողությունների, տարածքների ականապատման, ամրությունների կառուցման, զենքի եւ զինամթերքի փոխադրման մասին։ Խաղաղապահները պնդում էին, որ այդ հարցերն իրենց իրավասությունների մեջ չեն մտնում, նրանց մանդատ չեն տվել, ուստի նրանք միայն ընդհանուր դիտարկում են իրականացնում»: Ըստ Բայրամովի` հայերին Արցախից արտաքսելուց հետո հարց է առաջացել այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության մասին. «Մենք լրջորեն չենք պնդել այս հարցում։ Մենք արդեն գիտեինք, որ նրանք որոշակի ժամկետ ունեն։ Նրանք կարծում էին, որ իրենց կարիքը նորից կառաջանա, եթե հայ բնակիչները ցանկանան վերադառնալ։ Նման ազդանշաններ էին ստացվում Մոսկվայից։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ հայերը վերադառնալու մտադրություն չունեն, եւ խաղաղապահներին պարզ դարձավ, որ այստեղ մնալն իմաստ չունի։ Ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նրանք կարողանային լքել այդ տարածքները»։

Բայրամովը հիշեցրել էր, որ եռակողմ հայտարարության պայմանների համաձայն, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չի տրամադրում, խաղաղապահների գործունեությունը պետք է երկարաձգվի հաջորդ հինգ տարով. «Այդ ժամկետը լրացել է 2025թ. մայիսի 10-ին։ Չնայած նրան, որ ռուս խաղաղապահներն արդեն Ադրբեջանում չէին, զուտ իրավական տեսանկյունից, որպեսզի հետո ոչ ոք հարցեր չունենա, մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա ուղարկեցինք ռուսական կողմին եւ ամբողջությամբ նկարագրեցինք իրավիճակը։ Մենք հայտարարեցինք, որ նրանց մանդատն ամբողջությամբ չեղարկվում է»։

Ահա, ադրբեջանական մեկնաբանությամբ` Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեության անփառունակ ավարտը: Բաքուն շարունակելու է յուրովի մեկնաբանել Արցախի հայաթափումը, արցախահայության բռնի տեղահանումը, քանի դեռ Հայաստանի իշխանությունների համար չկա արցախահայության իրավունքների խնդիր, իսկ ընդդիմության առաջնորդների համար` «ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան», կամ էլ, երբեք ու երբեք չի խոսվի այն փաստի մասին, որ իրենց ընկերները մինչեւ Բաքվի բանտերում հայտնվելը Արցախում գտնվել են ՌԴ վերահսկողության ներքո:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930