Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է արդյոք «գիտականորեն» չափել անկեղծությունը

Նոյեմբեր 19,2025 12:30

Չափանիշն այն է, թե որքանով է մարդը պատրաստ դուրս գալ հարմարավետության գոտուց

«Աթեիստի հոգեբանությունը ես այսօր չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է պնդել, որ Աստծո գոյությունը հնարավոր չէ ապացուցել, բայց միաժամանակ սրբորեն հավատալ Աստծո բացակայությանը՝ վստահ լինելով, որ այ, դա հնարավոր է ապացուցել», – ասում էր կարդինալ Մարտինին՝ Ումբերտո Էկոյի հետ իր հայտնի բանավեճում:

Շատերը, երբ ուզում են ցույց տալ, որ իրենց ասածը 100 տոկոսանոց ճշմարտություն է, նշում են, որ դա գիտականորեն ապացուցված փաստ է: Այդպիսի մարդիկ, հավանաբար, հավատում են միայն այն բաներին, որոնք «գիտականորեն ապացուցված» են: Այս պարագայում ստացվում է, որ Աստծո բացակայությունը գիտականորեն ապացուցված է:

Մի պահ Աստծուն հանգիստ թողնենք ու անդրադառնանք այլ երեւույթներին, որոնք նույնպես դժվար է «գիտականորեն» ապացուցել:

Կինը եւ տղամարդը իրար սիրո՞ւմ են, թե միայն կարծում են կամ ձեւ են անում, որ սիրում են: Ինչպե՞ս ենք դա ապացուցելու: Հետազոտելու ենք նրանց արյան քիմիական բաղադրությո՞ւնը հանդիպելուց առաջ եւ հանդիպումից հետո: Կամ գուցե հարցնենք ChatGPT-ի՞ն:

Կամ մեկ այլ օրինակ. մարդը գնացել է ռազմաճակատ՝ իր հայրենիքը պաշտպանելո՞ւ, թե՞, ենթադրենք, արկածներ փնտրելու կամ փառք վաստակելու: Կարո՞ղ ենք «գիտականորեն» պնդել, որ նա հրաշալի անձնավորություն է: Դա ապացուցվա՞ծ է: Այդ դեպքում ինչո՞ւ է նույն անձնավորությունը գալիս ռազմաճակատից ու ստորություններ անում:

Երբ ամբողջ գիտելիքը, բոլոր տեսակի ճշմարտությունները արհեստականորեն «նեղացվում են», եւ փորձ է արվում տեղադրել «գիտական  վանդակի» մեջ, այդպիսի մոտեցումն ընդունված է անվանել «սցիենտիզմ», որը հատկապես տարածված էր 19-20-րդ դարերում: Սակայն ակնհայտ է, ամեն ինչ չէ, որ «գիտական» ապացույցների կարիք ունի: Երբեմն այդպիսի հնարավորություն էլ չկա, երբ խոսքը մարդու նման բարդագույն, հակասություններով լի մի էակի մասին է: Դա չի նշանակում, որ այլ տեսակի՝ «ոչ գիտական» ապացույցներ, ավելի ճիշտ՝ վկայություններ կամ նշաններ պետք չէ փնտրել: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի նշաձող ենք մենք դնում այդ վկայությունների համար: «Ես կհավատամ միայն այն վկաներին, որոնք պատրաստ են իրենց վիզը կտրել», – ասում էր Բլեզ Պասկալը: Չափազանց բարձր նշաձող է:

Մոտենանք հարցին այլ, «ոչ գիտական» կողմից եւ փորձենք պարզել, թե որքանով է մարդն անկեղծ իր համոզմունքներում, որքանով է նվիրված այն գաղափարներին, որոնք բարձրաձայնում է: Դա որոշելու համար կա հայտնի չափանիշ՝ ինչպիսի զրկանքների, ինչպիսի զոհողությունների է նա պատրաստ դրանց համար գնալ, որքան է նրա համար թանկ հարմարավետության գոտին: Ինչի՞ց է պատրաստ հրաժարվել՝ մեկ բաժակ սուրճի՞ց, մեկ բաժակ օղո՞ւց, ճաշի՞ց, փողի՞ց, տնի՞ց, աշխատանքի՞ց, կյանքի՞ց: Պատիվ-հարգանքի՞ց: Որքան մեծ է զոհողությունը, այնքան խորն են, ամուր են մարդու համոզմունքները: Այն կրոնը, որը մենք ենք դավանում, հիմնված է Քրիստոսի՝ զոհողության միջոցով մեզ ուղղված պատգամի վրա:

Եթե երկնքից իջնենք մեր հողի վրա ու դառնանք մեր հասարակությանը, ապա կտեսնենք, որ մարդկանց համոզմունքները ստուգելու համար սոցիոլոգիական (գիտակա՞ն) մեթոդներն առանձնապես բան չեն բացահայտում: Մարդկանց հարցնում են՝ դուք ուզո՞ւմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եւ մոտավորապես 95 տոկոսը պատասխանում է՝ ոչ: Բայց նրանց այդ «չուզելն» ունի գործողությունների պատրաստակամության շատ ցածր նշաձող: Հիմա հարցնելու են՝ ուզո՞ւմ եք, որ 300 հազար ադրբեջանցիներ բնակվեն ՀՀ տարածքում, կամ՝ ուզո՞ւմ եք, որ 3 «անկլավ» հանձնվի Ադրբեջանին: Չեմ կասկածում, որ նույն 95 տոկոսը կասի՝ ոչ: Բայց եթե ադրբեջանցիները գան եւ անկլավները հանձնվեն, այդ 95 տոկոսն առանձնապես չի բողոքի:

Ինչպե՞ս չափել մարդկանց հավատը, նվիրվածությունը, անկեղծությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930