Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձախողումների ամփոփման բյուջե». 10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացրել են, փաստացի աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին. Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 19,2025 15:04

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պարտատերերին․․․․

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած վերջին բյուջեն։ Ես այդ բյուջեն կոչում եմ «ձախողումների ամփոփման բյուջե», քանի որ այս բյուջեն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի համարյա 8 տարիների ձախողումները։ 2026 թվականին կառավարությունը խոստանում է ապահովել 5.4% տնտեսական աճ։ Նախորդ տարի այս օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2025 թվականի համար խոստանում էր 5.5% աճ, մինչդեռ այսօր աճի սպասումը պակասացրել են մինչև 5.2%։ Այսինքն, հենց ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված դրական գործոնները սկսեցին չեզոքանալ, սկսեց նվազել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպը։ 5.2-5.5% տնտեսական աճը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի տնտեսական աճի ու իրենց տնտեսական նվաճումների մասին փչված փուչիկը պայթել է։ Համեմատության համար հիշեցնեմ, որ 2000-2008 թվականներին Հայաստանի տնտեսության տարեկան միջին աճը կազմել էր 11%:

Լավ, իսկ այդ 5.2-5.5% տնտեսական աճն ինչի՞ հաշվին է ապահովվել։ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ։ 2017 թվականի տարեվերջին պետական պարտքը կազմում էր ընդամենը 7 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025-ի տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ կամ կենտրոնանան բանկի այսօրվա փոխարժեքով՝ 15 միլիարդ 232 միլիոն դոլար։ 2026 թվականի տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 տրիլիոն 569 միլիարդ դրամ կամ բյուջեի նախագծի հաշվարկներում կիրառված փոխարժեքով՝ մոտ 17 միլիարդ 170 միլիոն ԱՄՆ դոլար։

Այսինքն՝ 2017 թվականի համեմատ պետական պարտքը կավելանա 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐով։ 2026 թվականին բյուջեի եկամուտները կազմելու են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Այսինքն՝ մեր պետական պարտքն ավելի քան կրկնակի անգամ մեծ է լինելու մեր ստացած եկամուտներից։

Գալիք ֆինանսական տարում կառավարությունը պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրիլիոն 53 մլրդ դրամ, որից 629.8 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 423.2 մլրդ դրամը՝ տոկոսավճարները։ 423.2 մլրդ դրամ միայն տոկոս… Համեմատության համար նշեմ, որ առողջապահության բյուջեն 212 միլիարդ է, կրթության բյուջեն՝ 361մլրդ, սոցիալական բյուջեն (կենսաթոշակները հանած)՝ ընդամենը 315 մլրդ, տնտեսական ոլորտինը՝ 285.9 մլրդ։

Փաստացի ի՞նչ է ստացվում։ Աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին։ Պատկերացրեք մի ընտանիք, որի ամսական եկամուտը 250,000 դրամ է, տարեկան՝ 3 մլն դրամ։

Ենթադրենք, որ ընտանեկան եկամուտը ձևավորվում է աշխատավարձից և ներդրումներից ստացված եկամտից։ (Ենթադրենք, որ ներդրումների հիմնական աղբյուրը պարտքն է:) Եվ ահա այդ 3 մլն դրամից 1 մլն դրամը գնում է պարտքը փակելուն։ Պարտք էլ վերցնում ես, որովհետև տարեկան ծախսդ 3.6 մլն դրամ է (ամսական 300,000 դրամ)։ Պարտք ես վերցնում, որ մի քիչ ավելի լավ ապրես, մի քիչ էլ ներդրում անես, որ ավել փող գա։ Բայց պարտքը փակելու հետևանքով ավելի քիչ որակյալ սնունդ ես գնում, ավելի քիչ հագուստ ես գնում, երեխաներին չես կարողանում պարապելու տաս, իսկ հանգստանում ես միայն ծովը հեռուստացույցով տեսնելով։ Այսինքն՝ պարտք փակելու պատճառով ավելի վատ ես ապրում։

Պարտքի այս հսկայական բեռը շալակելուց առաջ պարզ չէ՞, որ պետք է վերլուծել, թե ինչ լրացուցիչ տնտեսական աճ/բարեկեցություն ենք ստանում պարտքով վերցրած ամեն լումայի դիմաց և որքա՞ն է մեր բարեկեցությունը նվազում պարտքը փակելու պատճառով։ Հիշեցնեմ, պարտքը մյուս տարի հատելու է 17 մլրդ դոլարի շեմը։

Ավելի պարզ. մի՞թե պետք չէ գնահատել պարտքի զուտ ազդեցությունը։ Իհարկե պետք է։ Վերադառնանք ընտանեկան բյուջեի օրինակին։ Պատկերացրեք, որ առանց պարտք ընտանեկան եկամուտը կկազմեր ընդամենը տարեկան 2.8 մլն դրամ, բայց պարտքի տեսքով փող տանից «դուրս չէր գա»։ Այո, բյուջեն ավելի փոքր կլիներ, բայց հասանելի գումարն ավելի շատ։ Այս դեպքում իմաստ ունի՞ պարտք վերցնել։ Իհարկե ոչ։ Իմաստ կունենա, եթե պարտքի տոկոսն ավելի ցածր է, քան խնայած/ներդրած գումարի վրա աշխատած գումարը։

Բանական մարդն այս ամենը հաշվի է առում պարտքի տակ մտնելուց առաջ։ Բայց, արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ամենը չի հաշվարկել, չի «զտել», թե որքան կկազմեր մեր տնտեսական աճը (բյուջեն, ՀՆԱ-ն), եթե պարտք չլիներ։ Հսկայական պարտքով, արտաքին բարենպաստ գործոնների բացակայության պայմաններում տարեկան տնտեսական աճը, հիշեցնենք, կազմում է 5.2% – 5.4%: Իսկ որքան կկազմեր այդ աճը եթե պարտք չներգրավեինք։ Նիկոլական պատգամավորներից մեկը նույնիսկ «մուննաթ» եկավ, թե «հո՞ գիտությունների դոկոր չէինք վարձի, որ այդ հաշվարկներն աներ»։

Ուրեմն 10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացնում են, բայց չեն ուզում մի խելքը գլխին գիտությունների դոկտոր վարձել, որ այս հաշվարկներն անի։ Կամ, մի ամբողջ կառավարություն մի գիտնականի չափ գիտելիք չունի՞․․․․

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան. «Ուրիշներին մեղադրելն այդքան էլ լավ բան չէ, սակայն, իհարկե, լինում են իրավիճակներ, երբ ակամա հենց դա է դառնում քո աշխատանքը, երբ դու, օրինակ, ընդդիմադիր պատգամավոր ես: Այստեղ էական է, որ այդ մեղադրանքի ընթացքում ինքդ անհարմար դրության մեջ չընկնես կամ, ինչպես ասում են, «քեզ վրա դուրս չգաս»։

Իսկ անհարմար դրությունն այն է, որ պարտքը կրկնապատկելու մեջ մեզ մեղադրողների օրոք (ի դեպ, 2018 թվականից ի վեր պարտքը չի կրկնապատկվել)՝ 2011-2018 թվականներին, 2010 թվականի համեմատ կառավարության պարտքը ոչ միայն կրկնապատկվել է, այլ ավելացել է 162%-ով: Ավելին՝ միայն 2009 թվականին մեկ տարվա ընթացքում պարտքը ավելի քան կրկնապատկվել է:

Եթե վերջին տարիներին ավելացող (որը, ի դեպ, 2017 թվականի համեմատությամբ ոչ թե ավելացել է, այլ պակասել ՀՆԱ հարաբերությամբ) պարտքի ներդրման ուղղությունները տեսանելի են բոլորին (ճանապարհներ, սպառազինություն, դպրոցներ), անհայտ է, թե դրան նախորդող ժամանակներում մի քանի անգամ կրկնապատկված պարտքն ինչի վրա է ծախսվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930